Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վաղաժամկետ ազատման ենթակա 15 դատապարտյալի անձնական գործեր մուտքագրված են դատարան

Օգոստոս 02,2018 17:31

Օրերս արտառոց դեպք է գրանցվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Վերջինս վարչակազմը պայմանական վաղաժամկետ ազատման ենթակա 15 դատապարտյալի անձնական գործերը, ընթացակարգի համաձայն, հուլիսի 20-ին ուղարկել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, բայց դրանք տեղ չեն հասել։ Այս մասին Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում տեղեկացրին հենց իրենք՝ դատապարտյալները:

«Ուշագրավն այն է, որ ավելի ուշ ուղարկված անձնական գործերը տեղ են հասել, դատական նիստերի օրեր են նշանակվել: Ո՞վ է պատասխան տալու այս անփութության համար։ Չէ՞ որ ամեն մի ժամը, ամեն րոպեն մեր ազատությունից է գնում»,-դժգոհեցին խմբագրություն զանգահարած դատապարտյալներ Աբգար Շադոյանն ու Ալիկ Դալլաքյանը: Նրանց խոսքով՝ դատարանից տեղեկացրել են, նշյալ մարդկանց գործերը չկան՝ «տեղ չեն հասել»:

ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ, արդարադատության մայոր Նոնա Նավիկյանն այս առնչությամբ հայտնեց «Առավոտին». «Սույն թվականի հուլիսի 20-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ից դատապարտյալների անձնական գործերը սահմանված կարգով ուղարկվել են դատարան: Առաքման կազմակերպչական հետագա ընթացքը քրեակատարողական ծառայության իրավասության շրջանակներից դուրս է»:

Իսկ Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակի պետ Քրիստինե Մովսիսյանն Aravot.am-ի հետ զրույցում խնդրի առնչությամբ պարզաբանեց, որ գործերը ստացվել են դատարան. «Այդ գործերը մուտքագրվել են դատարան, պարզապես դատավորների մի մասն արձակուրդում է: Այլ պատճառ չկա»:

Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031