Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սևանա լճում տեղի ունեցող գործընթացները վկայում են, որ սկսվել է  ինտենսիվ ճահճացման գործընթաց. «S.O.S Սևան» նախաձեռնությունը դեմ է Սևանից հավելյալ ջրառին

Օգոստոս 02,2018 17:17

«S.O.S Սևան» նախաձեռնությունը բաց նամակ է հղում ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանին: Նամակում ասված է.

«Հարգարժան պարոն վարչապետ,

«S.O.S Սևան» նախաձեռնությունը հայտարարում է, որ սույն թվականի օգոստոսի 1-ից սկսում է  «S.O.S Սևան» քարոզարշավը հանուն Սևանա լճի փրկության և ընդդեմ Սևանա լճից հավելյալ ջրառի:

Հիմնավորում

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեն հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով նախատեսվում է Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնել: Սկզբում շրջանառության մեջ դրվեց Սևանա լճից բացի 170 միլիոն խմ-ն հավելյալ 85 միլիոն խմ ջրառ իրականացնելու նախագիծը, ապա ստանալով ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի բացասական կարծիքները, կոմիտեն կիսով չափ նվազեցրեց հավելյալ ջրառի չափը` սահմանելով 40 միլիոն խմ:

Մենք` «S.O.S Սևան» նախաձեռնության անդամներս, կտրականապես դեմ ենք Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելուն, քանի որ.

1.Ներկայումս Սևանա լճում տեղի ունեցող գործընթացները վկայում են այն մասին, որ լճում սկսվել է  ինտենսիվ ճահճացման գործընթաց: Լճում կուտակվում են օրգանական նյութեր, իսկ լճի մակարդակի իջեցումը չի նպաստում Սևանի ինքնամաքրմանը, իսկ բարձր ջերմաստիճանը ակտիվացնում է նոր, ոչ ցանկալի կենսաբանական գործընթացներ, ինչն արդեն հանգեցրել է լճի ծաղկմանը:

2.Սևանում կապտականաչ ջրիմուռների ծաղկումից հետո այդ ջրիմուռները նստում են լճի հատակին` առաջացնելով թթվածնի դեֆիցիտ: Սա կարող է խիստ ծանր ազդեցություն գործել Սևանա լճի ձկնաշխարհի վրա:

3.Սևանա լճից հավելյալ ջրառը չի լուծի Արարատյան դաշտի ոռոգման խնդիրները, քանի որ ջրի կորուստը Սևան-Հրազդան ջրատարում կազմում է 70-80 տոկոս, և ջուրը չի հասնում հողագործներին:

4.2018թ-ին հունիսի վերջից  Սևանա լճի մակարդակը սկսեց իջնել և հետագա իջեցումը կհանգեցնի ջրի որակի փոփոխմանը: Նման իրավիճակում Սևանա լճում քաղցրահամ ջրի փոխարեն մենք կունենանք ճահիճ, որի ջուրն ընդհանրապես անպիտան կլինի ոռոգման համար օգտագործելու:

5.Ջրային կոմիտեն նշում է, որ հավելյալ 40 միլիոն խմ ջրառից ստացված 38 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիայի շահույթը կուղղվի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նպատակային ներդրումներ իրականացնելուն: Նշենք, որ չի հրապարակվել, թե ինչ ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղվեց 2017 թվականին Սևանա լճից 100 միլիոն խմ հավելյալ ջրառից ստացված 1 միլիարդ 650 միլիոն դրամը և ով հաստատեց այդ ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացը:

6.Սևանա լճից հավելյալ 40 միլիոն խմ-ի ջրառի վերաբերյալ բացասական կարծիք է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարությունը: «…Սևանա լճի հետ կապված ցանկացած գործողության իրականացման հիմքում պետք է ընկած լինի օրենսդրությամբ սահմանված երեք գլխավոր սկզբունքի պահպանությունը, դրանք են.

1)  ռեսուրսի սահմանափակ լինելը,

2)  ազգային անվտանգության և ռազմավարական նշանակությունը,

3)  էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և պահպանումը:

… ՀՀ բնապահպանության նախարարությունն առաջարկում է Սևան-Հրազդան ոռոգման համակարգի ջրի պահանջներն ապահովել ոչ թե Սևանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելով, այլ Հրազդան գետի ջրավազանի ջրային ռեսուրսների և Սևանա լճից սահմանված 170 միլիոն մ3 ջրբացթողումների տնտեսվար օգտագործման միջոցով:… Մարդածին զանազան ներգործությունների արդյունքում Սևանա լճի էկոհամակարգը հայտնվել է խիստ անկայուն վիճակում, լճի ջրահավաք ավազանում ցանկացած նոր սխալ քայլ կարող է կործանարար լինել այս կարևորագույն բնական օբյեկտի և նրա ռեսուրսների պահպանության համար: Հայաստանը՝ որպես էկոհամակարգային մոտեցումը որդեգրած երկիր, պետք է Սևանա լճին վերաբերվի որպես բնական էկոհամակարգի, այլ ոչ թե որպես ջրամբարի»,- մասնավորապես նշված ՀՀ բնապահպանության նախարարության կարծիքում, որը, ըստ ՀՀ օրենսդրության, լիազորված է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննական եզրակացության տրամադրման համար:

Առաջարկություններ.

«S.O.S Սևան» նախաձեռնությունը վերոնշյալի հիման վրա առաջարկում է.

·         մերժել Ջրային կոմիտեի մշակած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

·           հանձնարարել Ջրային կոմիտեին գտնել միջոցներ` կրճատելու Սևան-Հրազդան ջրատարում ջրային կորուստների ծավալները

·      Սևան-Հրազդան ջրատարից ապօրինի օգտագործվող ջուրն ուղղել Արարատյան դաշտի ոռոգմանը, գտնել լրացուցիչ ջրային ռեսուրսներ  ոռոգման դեֆիցիտի լրացման համար և կարճաժամկետ ժամանակահատվածում ներկայացնել այդ սխեման

·      օրինական դաշտ բերել Արարատյան դաշտում գործող այն ձկնաբուծարաններին, որոնք ապօրինի ձևով ձեռք են բերել ստորգետնյա ջրերի գերշահագործման ՋԹ-ներ

·      օրենքի շրջանակ վերադարձնել Արարատյան դաշտում իրականացվող ջրառի ծավալները` ստորգետնյա ջրերի հաշվեկշիռը վերականգնելու համար

·       կանգնեցնել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրը, որի իրականացման արդյունքում չի լցվում Ազատի ջրամբարը

·      վերանայել Ջրօգտագործման ընկերությունների վարած քաղաքականությունը` հաշվի առնելով հողօգտագործողների շահերը և հասարակայնության կարծիքը:

 

«S.O.S Սևան» նախաձեռնություն`

Ինգա Զարաֆյան` «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Կարինե Դանիելյան` «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ

Ամալյա Համբարձումյան` «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ

Հասմիկ Ասլանյան` «Շողեր» ՀԿ

Սիլվա Ադամյան` Էկոլոգիական հասարակական դաշինք

Սաթիկ Բադեյան՝  «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ

Ելենա Մանվելյան` «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ

Անահիտ Գևորգյան` «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ

Նազելի Վարդանյան`«Հայաստանի անտառներ» ՀԿ

Լիանա Ասոյան` «Բլեջան» ՀԿ

Էդվարդ Արզումանյան` անկախ էներգետիկ փորձագետ

Ռոզա Ջուլհակյան` փորձագետ

Մարտին Բադեյան՝ փորձագետ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Seyran says:

    Սեվանա լճի մակարդակի հետագա բարձրացումն է պատճառը,որ կանաչ ջրիմուռներ են հայտնվել՝Սեվանը բաժակի է նման էև երբ միայն բաժակն է լցված,այն ունի բավարար խորություն որպեսզի արևի ճառագայթները չհասնեն մինչև հատակը ու բարենպաստ պայմաններ ստեղծվեն ջրիմուռների զարգացման համար:Լճի ափերը քանի գնում ավելի հարթ են դառնում և մակարդակի մեկ մետր բարձրացումը ափերի մոտ կարող է ընդամենը քսան-երեսուն սմ ջրի մակարդակ ապահովել,որը բարենպաստ է ջրիմուռների զարգացման համար:Հետևաբար լճում ջրի մակարդակը պետք է պահել ինչպես բաժակի մեջ՝ափերի մոտ մեծ խորությունների ապահովումով…..

  2. Գևորգ Արարատի Հայրապետյան says:

    Տեղեկացնում եմ ձեզ որ Սեվանա լճի ջրերը չեն մաքրվի և տնղմերը չեն պակասի ջրի մակարդակը ավելացնելուց կամ պակասացնելուց․ջրիմուռները և ֆոսֆոռը առաչանում են կոյուղիների ․առտադրամասերն թափոնների պատճռով ․նախքան ջրիմուռներից ազատվելը պետք է վերացնել առաջացման պատճառները։
    20014 թ ծախսվեցին մեծ գումարներ սակայն կառուցվեց մեխանիկական կայան ,ծիծաղելի է,
    կազմել եին Սեվանը փրկելու հատուկ հանձնաժողով /կրկես/
    Պետք է քաղաքների կոյուղու ջրերը զտել և ոգտագործել ոռոգման նպատակով
    Հիվանդանոցների ջրերը զտել վարաք չտարածելու համար
    Ձկնաբուծական լճերը պետկ է ոգտագործեն նույն ջուրը /զտելով/
    Մի մոռացեք ջուրը կյանք է և նա ունի հիշողություն ։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031