Դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ այսօր նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով հերթական դատական նիստն էր: Հիշեցնենք, որ Բարսեղյանը մեղադրվում է 2016թ. քաղաքացի Նորիկ Հակոբյանի օգտին դատավճիռ կայացնելու համար նրանից միջնորդի միջոցով հազար ԱՄՆ դոլարի չափով կաշառք պահանջելու եւ ստանալու համար: Փաստաբան Էլզա Զաքարյանը եւս այս գործով մեղադրյալի աթոռին է. նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել է կաշառքի միջնորդությունը:
Այս գործով դատավարությունն այսօր մոտեցավ ավարտին: Վերջին խոսքով հանդես գալու իրավունք տրվեց ամբաստանյալներին: Էլզա Զաքարյանը դատարանին խնդրեց իր հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնել:
Իշխան Բարսեղյանն էլ հայտարարեց. «Նորիկ Հակոբյանն ԱԱԾ գործակալ է. նրա հետ գործակցել են ԱԱԾ աշխատակիցներից մեկն ու Արմեն Հովհաննիսյանը, որը, եթե չեմ սխալվում, հիմա ԱԱԾ-ի Էրեբունու բաժնի պետն է»:
Ըստ Իշխան Բարսեղյանի՝ նշյալ երկու անձինք սերտ հարաբերությունների մեջ են եղել Նորիկ Հակոբյանի հետ. «Վերջինս դեպքից դեռեւս ամիսներ առաջ հեռախոսային կապ է ունեցել ԱԱԾ պաշտոնյայի հետ, ընդ որում՝ ոչ թե ծառայողական հեռախոսահամարով, այլ անձնական: Ողբամ քեզ հայոց աշխարհ, եթե ԱԱԾ աշխատողն իր անձնական հեռախոսով է աշխատում»:
Դիմելով գործը քննող դատավորին՝ նախկին դատավորն ասաց. «Վերծանեք այդ հեռախոսահամարի խոսակցությունները: Պաշտպաններս այդպիսի միջնորդություն արել են, որը դուք մերժել եք: Եթե բավարարեիք, իմ ասածները կհաստատվեին»:
Բարսեղյանի շահերի պաշտպան, փաստաբան Արա Ղազարյանն էլ նկատեց. «Կասկածը բավարար չէր, որպեսզի ԱԱԾ-ն ներխուժեր անձի անձնական տիրույթ…այո, 37 թվի պես չպետք է լինի: ԱԱԾ-ն խախտումներ է թույլ տվել անձնական կյանքի հանդեպ»:
Վերջում Իշխան Բարսեղյանը դատավորին կոչ արեց արդար դատավճիռ կայացնել:
Վաչե Մարգարյանի որոշմամբ՝ դատավճիռը կհրապարակվի օգոստոսի 6-ին՝ երկուշաբթի, 15:30-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ