Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ են ՌԴ-ում սպեկուլյացիա անում, ես այդպիսի շանտաժները չեմ հասկանում». Ստյոպա Սաֆարյան

Օգոստոս 02,2018 16:44

«Անկեղծ ասած, ես զարմացած եմ, որ Սերգեյ Մարկեդոնովը Լավրովի հայտարարության մեջ չի տեսնում միջամտություն Հայաստանի ներքին գործերին»,- այսօր «Հոդված 3» ակումբում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի աղմկահարույց հայտարարության թեմայով քննարկման ժամանակ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն այսպես արձագանքեց Մոսկվայի քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մարկեդոնովի դիտարկմանը, թե՝ «Ես Լավրովի խոսքում չտեսա ձեր ներքին գործերին խառնվել, նա չէր ասում՝ ազատ արձակեք Քոչարյանին»:

Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Ես խորհուրդ կտայի համեմատել նախորդ հայտարարությունները, որոնք արվել են ԱՄՆ, ԵՄ, ԵԽ-ի եւ Ռուսաստանի կողմից տարբեր նման գործերով, որոնք ասում են՝ մենք ակնկալում ենք, որ այդ գործի հետաքննությունը կհամապատասխանի միջազգային իրավական չափանիշներին: Իսկ ի՞նչ է ասում Լավրովը, թե՝ մեզ անհանգստացնում է, որ հետապնդում եք նախորդ իշխանություններին, հղում է անում կոմպրոմիսի, երբ ՀՀ-ում որեւէ մեկի համար հասկանալի չէ, թե ի՞նչ կոմպրոմիսի մասին կարող է խոսք գնալ Մարտի 1-ի գործում, չէ՞ որ այն հանցագործություն է: Մարտի 1-ը կոմպրոմիսի թեմա չէ ներկա եւ նախկին իշխանությունների համար: Ես զարմացած եմ, որ Մարկեդոնովը խոսում է ինչ-որ շարունակականության սկզբունքի խախտման մասին: Եթե ՀՀ երեք նախագահներից որեւէ մեկը հանցագործություն է արել, պետք է պատժվի դրա համար, ո՞վ է ասել, որ այս դեպքում իմունիտետը գործում է եւ այն բացարձակ իրավունք է, տարածվում է նրանց ղեկավարման օրոք բոլոր գործողությունների վրա»:

Միաժամանակ Ստյոպա Սաֆարյանը գտնում է, որ եթե ՌԴ-ի հետ ինչ-որ չհասկացվածություն կա, պետք է պարզել, խոսել, բանակցել, ի վերջո մենք գործընկերներ ենք, ե՛ւ ՀՀ-ն, ե՛ւ ՌԴ-ն կարեւոր են միմյանց համար. «Մարկեդոնովն ասաց, որ ՌԴ-ն ոչ թե անհանգստացած է Քոչարյանի կամ Խաչատուրովի ճակատագրով, այլ՝ ընդհանուր իրավիճակով: Իսկ ինչպիսի՞ն է ընդհանուր իրավիճակը եւ ներքին ու արտաքին քաղաքականությունն ինչպիսին կլինի ՀՀ-ում: Փաշինյան-Պուտին առաջին հանդիպման ժամանակ ես մինչեւ հիմա չեմ կարողանում մոռանալ այն ձեւակերպումը, որն արեց մեր վարչապետը՝ հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված: Այն է՝ մենք շատ հարցեր ունենք քննարկման համար, բայց կան հարցեր, որոնք քննարկման չեն ենթարկվում: Այս համատեքստում նա հանրահավաքների եւ հանդիպումների ժամանակ միանշանակ հայտարարել է, որ ՀՀ-ն չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից, ռազմաբազաները հանելու հարցը դնել: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու են ռուսական ինֆորմացիոն դաշտում հանկարծ հայտնվում այդպիսի շանտաժներ, իբր թե Հայաստանը պահանջում է ռուսական ռազմաբազաների հանում, մեզ համար դա շատ զարմանալի է, որովհետեւ նման տրամադրվածություն ո՛չ պաշտոնական, ոչ հանրային մակարդակում չկա: Ես այդպիսի շանտաժները չեմ հասկանում, որ եթե չեք ուզում ռազմական բազա, մենք դուրս կգանք: Բայց ո՞վ դրել այդ հարցը: Ինչո՞ւ են սպեկուլյացիա անում, անվտանգության հարցերն են սպեկուլյացիա անում, Ղարաբաղի հարցը, թե ինչ կանի ՌԴ-ն այդ դեպքում, ՌԴ-ն կթողնի, որ Հայաստանի վրա հարձակվե՞ն, որ լայնամասշտաբ պատերա՞զմ լինի»:

Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ ՌԴ-ում շահարկում են այն հարցը, թե կառավարության անդամները արեւմուտքում են կրթություն ստացել եւ այլն, մինչդեռ, եթե Հայաստանի ինքնիշխանությունը հարգում են, մեր սուվերենության իրավունքը ընդունում են, ինչո՞ւ են նման հարցերով սպեկուլյացիա անում. «Այն մարդիկ, որոնք կենացներ են ասում հայ-ռուսական հարաբերությունների մասին եւ չեն խոսում խնդիրների մասին, կարծում եմ, առաջին խոչընդոտն են հայ-ռուսական հարաբերությունների լավացման ճանապարհին»:

Ստյոպա Սաֆարյանին լրացրեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ ասելով, որ նման մարդիկ հայ-ռուսական հարաբերությունների թշնամին են, որովհետեւ ՀՀ-ում կան հակառուսական տրամադրություններ, եւ ՌԴ-ում էլ կան հակահայկական տրամադրություններ, դրանց հետ պետք է աշխատել, ոչ թե դրանց վրա աչք փակել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031