Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Արաբկիր» ԲԿ-ում մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի իրավահաջորդի՝ նյութական և բարոյական վնասի փոխհատուցման պահանջով հայցի դատաքննությունը ավարտվեց

Օգոստոս 02,2018 16:24

2018 թ. օգոստոսի 1-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը շարունակեց 2013 թ. հունվարի 2-ին «Արաբկիր» ԲԿ-ում մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի իրավահաջորդի՝ նյութական և բարոյական վնասի փոխհատուցման պահանջով հայցի քննությունը և դատաքննությունը համարեց ավարտված:

Հիշեցնենք՝ բժշկական կենտրոնի բժիշկներ Զարինե Այվազյանն ու Լիլիթ Վարդանյանը մասնագիտական պարտականությունները պատշաճ չկատարելու համար 2015 թ. դեկտեմբերի 22-ին ազատազրկման էին դատապարտվել՝ առանց լրացուցիչ պատժի նշանակման:

Լիա Միսակյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի և Կազմակերպության Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի բողոքի հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանը 2016 թ. հունիսի 24-ին  լրացուցիչ պատժի նշանակման մասով գործն ուղարկել էր առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Այն այժմ քննվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում:

Լ. Միսակյանի իրավահաջորդ Գ. Միսակյանը և նրա ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Անի Չատինյանը դատարան ներկայացված հայցով պահանջել են Հայաստանի Հանրապետությունից, ի դեմ՝ ՀՀ Ֆինանսների նախարարության, «Արաբկիր բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ից և Արաբկիր ԲԿ-ի բժիշկներ Լ. Վարդանյանից ու Զ. Այվազյանից բռնագանձել 15.000.000 ՀՀ դրամ որպես բարոյական վնասի և 1.690.000 ՀՀ դրամ՝ որպես նյութական վնասի փոխհատուցում:

Ավելի վաղ բոլոր պատասխանողներն իրենց ոչ պատշաճ պատասխանող էին համարել. ՀՀ Ֆինանսների նախարարությունը հայցադիմումի պատասխանում Հայաստանի Հանրապետության գործողությունների և հայցվորին պատճառված վնասի միջև պատճառահետևանքային կապ և պետության կողմից վնասի փոխհատուցման պարտավորություն չէր տեսել:

«Արաբկիր» ԲԿ-ի ներկայացուցիչը կարծիք էր հայտնել, որ վնասը ԲԿ-ի մեղքով չի պատճառվել, այն պետական հաստատություն չի համարվում և ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի իմաստով փոխհատուցում չպետք է տրամադրի: Երեխայի մահվան մեջ մեղադրված բժիշկ Զ. Այվազյանի ներկայացուցչը գտնում է, որ ներկայացված չէ որևէ ապացույց նյութական վնասի հատուցման պահանջի մասով, իսկ ոչ նյութական վնասի հատուցման պարտավորություն չունի: Լ. Վարդանյանն էլ պնդում է, որ իր մեղավորությունը ընդհանրապես բացակայում է և դատարանից խնդրել է հայցը մերժել: Մինչդեռ դատարան ներկայացված հայցադիմումով մանրակրկիտ ներկայացված է պատասխանողներից յուրաքանչյուրի մեղավորությունը և թե ինչու պետք է նրանք հատուցեն վնասները:

Երեկ կայացած դատական նիստի ժամանակ Անի Չատինյանը ներկայացրեց հայցը և դրա հիմնավորումները: Ի թիվս այլոց՝ վերահաստատեց հայցադիմումում հայտնած դիրքորոշումը, որ բժշկական հաստատությունում անձի կյանքի իրավունքն ապահովելու համար պետությունը պատասխանատվություն է կրում, քանի որ անձը գտնվում է պետության վերահսկողության ներքո: Դատարանը դատաքննությունն ավարտված համարեց, միաժամանակ պահանջեց գործում առկա փաստաթղթերի բնօրինակները և հաջորդ դատական նիստը նշանակեց 2018 թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031