Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ես Լավրովի խոսքում չտեսա ձեր ներքին գործերին խառնվել, նա չէր ասում՝ ազատ արձակեք Քոչարյանին». Մարկեդոնով

Օգոստոս 02,2018 16:01

Այսօր «Հոդված 3» ակումբում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի աղմկահարույց հայտարարության թեմայով քննարկման ժամանակ Մոսկվայի քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մարկեդոնովն ասաց, որ Լավրովի հայտարարությունն այսպիսի աժիոտաժ է առաջացրել, որովհետեւ մինչ այս, ինչ ՀՀ-ում իշխանություն է փոխվել, ՌԴ պաշտոնական դեմքերը որեւէ կոշտ գնահատական չէին տվել. «Այո, քաղաքագետները, լրագրողները որոշակի գնահատականներ տալիս էին, համեմատում էին Ուկրաինայի դեպքերի հետ, բայց դա պաշտոնական մոտեցում չէր: Պաշտոնական մոտեցումը շատ փափուկ էր, հայտարարություններ եղան, որ ՌԴ-ն պատրաստ է աշխատել նոր իշխանությունների հետ: Հետո կոնկրետ գործընթացներ եղան, Փաշինյանն ու Պուտինը երկու անգամ հանդիպեցին, Ռուսաստան այցելեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Մնացականյանը ու ահա եղավ Լավրովի հայտարարությունը: Խնդիրն այն չէ, թե Մոսկվան համերաշխությունից ելնելով պաշտպանում է: Վերջին շրջանում ես Քոչարյանի գործի հետ կապված մեկնաբանություններ եմ անում ու հաճախ ընդդիմախոսներս ասում են՝ դուք նրան պաշտպանում եք: Ես փաստաբան չեմ: Ինչը կարող է այս իրավիճակում մտահոգել, բնավ ոչ Քոչարյանի անձնական ճակատագիրը, այլ այն, թե ինչ արտաքին քաղաքական օրակարգ կձեւավորի Հայաստանը, որը մեր ռազմավարական դաշնակիցն է, շատ կարեւոր է Կովկասում ՌԴ-ի համար: Եվ այն, ինչն անհանգստացնում է ՌԴ-ին, այն է, որ Հայաստանի իշխանությունները հեղափոխական ճանապարհով փորձում են քանդել, կտրել նախորդ իշխանությունների հետ կապը եւ դրանով խախտել շարունակականության սկզբունքը: Սա բավական վտանգավոր է»:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ասել էր, որ ՌԴ-ն սովոր է, որ ՀՀ իշխանությունները հարաբերվեն իրենց հետ՝ քծնանքով, քծնվելով: Մարկեդոնովը չհամաձայնեց. «Ես համաձայն չեմ, որ Հայաստանի նախորդ իշխանությունները քծնել են: Սերժ Սարգսյանը, օրինակ, դժգոհել է այն մասին, որ ՀԱՊԿ-ը չի արձագանքում ոչ թե այն ժամանակ, երբ Ղարաբաղի ուղղությամբ են կրակում, այլ՝ երբ հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն կա»:

Մարկեդոնովն ասաց, որ միշտ չէ, որ ինչ ուզում ենք, պիտի անենք, շատ կարեւոր նրբություններ կան: Հայաստանի հեղափոխության մասին խոսելիս այսպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է անում, երիտասարդները հավաքվում են, բայց հեղափոխության երկրորդ կողմն էլ կա: Դա քաղաքական համաձայնություններն ու բանակցություններն են. «Մոսկվան կարծում էր, որ իշխանության փոփոխության գործընթացը ՀՀ-ում կլինի կոկիկ ճանապարհով, կոշտ մեթոդներ չեն լինի: Այո, մենք որոշ բաների վրա աչք փակեցինք, բայց սկզբունքներ կան»:

Ինչ վերաբերում է Լավրովի հայտարարությանը՝ Մարկոդոնովն ասաց. «Ես Լավրովի խոսքում չտեսա ձեր ներքին գործերին խառնվել, նա չէր ասում՝ ազատ արձակեք Քոչարյանին, նա խոսում էր խառնաշփոթի մասին: Դա մտահոգություն էր: Դասական դիվանագիտությունը ենթադրում է համաձայնություններ ու պայմանավորվածություններ: Այդ ժամանակ պետք է բանակցել, ոչ թե հրապարակային ձեւով արձագանքելով՝ խորացնել պրոբլեմները, որը երկու կողմերի շահերից չի բխում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031