Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կարինե Թադեւոսյան. «Վրաստանի հայկական ոչ մի դպրոցում հայոց պատմություն չի դասավանդվում»

Օգոստոս 02,2018 15:55

Ալին Փանոյանը, ի թիվս այլ սփյուռքյան կրթական հաստատությունների ներկայացուցիչների Հայաստան է ժամանել Սիրիայից: Նա Երեւանում է Համահայկական 8-րդ կրթական խորհրդաժողովին մասնակցելու համար: Փանոյանը 25 տարի է դասավանդում է Հալեպի Մխիթարյան վարժարանում: Ուսուցչուհին Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ տարիներ ձգված սիրիական պատերազմի ընթացքում հայկական որոշ դպրոցներ նյութական մեծ վնասներ են կրել, իսկ աշակերտները տեղափոխվել են ավելի ապահով շրջաններում գտնվող դպրոցներ: Աշակերտների թիվը հայահոծ այդ համայնքում նվազել է, քանի որ ընտանիքները արտագաղթել են երկրից:

Ուսուցչուհին նշեց, որ թեեւ շատերը հեռացել են երկրից պատերազմի պատճառով, տեղի հայկական դպրոցները գոյատեւում են` հայապահպանման, ազգային դաստիարակության իրենց առաքելությունը շարունակելով:

Ջավախքի երիտասարդական կենտրոնների ուսումնական մասի համակարգող Կարինե Թադեւոսյանն էլ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սեպտեմբերի 1-ից հայոց լեզվի դասաժամերի կրճատմանը՝ հայտնեց. «Ջավախքում կրթական եւ հայապահպանության հարցում խնդիրներ միշտ եղել են , ներկայումս էլ կա այդ խնդիրը, որ հայկական ոչ մի դպրոցում հայոց պատմություն առարկան չի դասավանդում, իսկ հայերենի դասաժամերն այնքան քիչ են, որ համահավասար են, օրինակ, անգլերենի դասաժամերին»:

Տիկին Թադեւոսյանը նշեց, որ հույս ունեն, թե խորհրդաժողովը գուցե կքննարկի այս հարցը, եւ Հայաստանի ու Վրաստանի կրթության նախարարներն ի վերջո համատեղ լուծում կգտնեն, որպեսզի Ջավախքում եւ ընդհանրապես Վրաստանում ապրող հայ երեխան կարողանա սովորել իր պատմությունը, հայոց լեզուն, հայ գրականությունը:

Ջավախքի երիտասարդական կենտրոնների ուսումնական մասի համակարգողը նշեց, որ խնդրի առնչությամբ Վրաստանի ԿԳ նախարարությունում պարզաբանել են, որ հարցը թողնված է դպրոցների պատասխանատուների հայեցողությանը, եւ նրանք են որոշում դասաժամեր տրամադրել: Տիկին Թադեւոսյանը հայտնեց, որ թեեւ հարցը բարձրաձայնվել է, սակայն մինչ օրս ոչ մի քայլ չի կատարվում:

Հայոց պատմության ուսուցման բացը Ջավախքում եւ ողջ Վրաստանում կա, լրացվում է Ջավախքում` երիտասարդական կրթամշակութային կենտրոնների, Թբիլիսիում` Հայարտան, Նինոծմինդայում` Հայարտամ, Ախալցխայում եւ Ախլքալաքում` երիտասարդական կենտրոնների միջոցով, որտեղ դասավանդվում է հայոց պատմություն: Դրա շնորհիվ Վրաստանի հայազգի երեխաները մասնակցում են մասնակցում են ՀՀ ԿԳ նախարարության կազմակերպած հայագիտական օլիմպիադաներին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031