Քուվեյթի ազգային վարժարանի փոխտնօրեն Կարո Արսլանյանը, որ մասնակցում էր Համահայկական 8-րդ կրթական խորհրդաժողովի բացման, Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ բնիկ սիրիահայ է, սակայն 12 տարի Քուվեյթում է ապրել, ապա տեղափոխվել է Հայաստան: Նա տեղեկացրեց, որ իրենց վարժարանում ներկայումս սովորում է 400 աշակերտ` նախադպրոցական տարիքից մինչեւ 12-րդ դասարան: Արսլանյանի վկայությամբ, տարբեր տարիների ունեցել են 600 շրջանավարտ, իսկ երկու տարուց պատրաստվում են տոնել Քուվեյթի ազգային վարժարանի հիմնադրման 60-ամյակը:
Խոսելով հայապահպանությունից` փոխտնօրենն ասաց, որ լուրջ դերակատարություն է ունեցել հայապահպանության առումով, քանի որ արաբական ծոցի երկրների միակ ամենօրյա վարժարանն է, որտեղ դասավանդվում է հայոց պատմություն, հայոց լեզու եւ գրականություն, կրոնի պատմություն:
Նրանից տեղեկացանք, որ սկզբում կիրառել են Սիրիայում հրատարակված դասագրքերը, սակայն երկու տարի առաջ ցանկություն են հայտնել Քուվեյթի ազգային վարժարանի ծրագրերը համապատասխանեն ՀՀ ԿԳ նախարարության ծրագրերին, ու այդ ուղղությամբ արդեն քայլեր են ձեռնարկել: Այժմ համագործակցում են Հայաստանում գործող Անանիա Շիրակացի ճեմարանի հետ, համատեղ միջոցառումներ են իրականացնում:
«Քուվեյթը որպես երկիր 1990-ին դժբախտություն ապրեց, իրաքյան ներխուժումը եղավ, մինչ այդ մեր դպրոցում սովորում էր շուրջ 1000 աշակերտ, որոնք իրաքյան ներխուժումից հետո ընտանիքներով տեղափոխվեցին Հալեպ, Սիրիա, Հայաստան ու այլ երկրներ: Դրանից որոշ ժամանակ անց աշակերտների թիվը կրկին աճեց: Վերջին 7 տարիներին` կապված սիրիական կոնֆլիկտի հետ, դարձյալ աշակերտների թվի նահանջ գրանցեցինք, քանի որ շատերը տեղափոխվեցին Հայաստան: Ես նույնպես կնոջս եւ երեխայիս հետ այժմ ապրում եմ Հայաստանում»,-ասաց մեր զրուցակիցը, որը շարունակում է աշխատել Քուվեյթում: Նա հայտնեց, որ իրենց վարժարանում սովորում են միայն հայ երեխաներ, քուվեյթահայ համայնքը հայախոս է: «Մեր համայնքը հետաքրքիր մոդել ունի, հայությունը խմբված է եկեղեցու ու դպրոցի շուրջ»,-ընդգծեց Կարո Արսլանյանը:
Համաժողովի բացմանը ներկա էր նաեւ Քուվեյթի ազգային վարժարանի տնօրեն Ներսես Սարգսյանը: Նա իր ելույթում կարեւորեց համաժողովի անցկացումը, ասաց, որ սփյուռքյան կրթօջախները ժամանակակից կրթական չափորոշիչներին համընթաց քայլելու խնդիր ունեն եւ ցանկանում են իրենց ապագան կապել Հայաստանի եւ Արցախի հետ: Նա նաեւ ցավով փաստեց. «Ամեն օր մեջ աչքի առաջ Սփյուռքում փակվում են հայկական կրթօջախներ, ու մենք պետք է զգանք մեր մեջքին հայոց պետականության ուժը եւ ԿԳ նախարարության նեցուկ լինելը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ