Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանն ու Խաչատուրովը այդքան չարժեն, որ ՌԴ-ն հանուն նրանց ընդդիմանա հայ ժողովրդին». Ստեփան Գրիգորյան

Օգոստոս 02,2018 14:56

Այսօր «Հոդված 3» ակումբում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի աղմկահարույց հայտարարության թեմայով քննարկման ժամանակ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ այսպես կոչված Քոչարյանի, Խաչատուրովի գործը ներքաղաքական գործընթացի արդյունք է, ես չեմ խոսում իրավական կողմի մասին: Սա նոր իշխանությունների տրամաբանությունն է, իրենց արձագանքն է նախորդ իշխանությանը, նրանց մտերիմներին: Ես չեմ կարծում, որ արտաքին քաղաքականության հետ դա կապ ունի, բայց դա ազդում է արտաքին քաղաքականության վրա: Հասկանալի է, որ որոշ քայլեր հաշվարկված չեն, հասկանալի է, որ որոշ քայլեր գալիս են ներքաղաքական իրավիճակից, բայց դատելով իրավիճակից՝ գործընկերների հետ բավարար չափով աշխատանք չի տարվել, նրանք տեղեկացված չեն եղել, նման բաները խորհրդակցություն են պահանջում ու առաջին հերթին ոչ թե նախկին նախագահի հետ կապված, այլ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցով: ՌԴ-ն այդ կազմակերպությունում կենտրոնական դեր է խաղում եւ նախօրոք կարելի էր հասկանալ, որ ՌԴ-ում շատ ցավոտ կտանեն նման քայլերը»:

Մյուս կողմից էլ Իսկանդարյանն ընդգծեց, որ Մարտի 1-ի գործի բացահայտումը շատ կարեւոր նշանակություն ունի հայ ժողովրդի համար:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ասաց, որ ՀՀ-ում եկել են իշխանություններ,, որոնք ՌԴ-ի հանդեպ շատ լավ են տրամադրված՝ ե՛ւ Նիկոլ Փաշինյանը, ե՛ւ իր թիմը, բայց նրանք այնքան էլ հասկանալի չեն ՌԴ ղեկավարության համար. «Ռուսաստանի իշխանությունները վերջին 20 տարիներին սովորել են, որ Հայաստանում լինեն մարդիկ, որոնք կքծնվեն ռուսների առաջ: Այսինքն, մարդիկ, որոնք պատրաստ են եղել տալ ամեն ինչ՝ իրենց իշխանությունը պահելու համար, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը, որոնք վիճելի ձեւով ընտրվել են, լեգիտիմությունն էլ կասկածելի էր, դրա համար նրանք պատրաստ էին տալ ամեն ինչ՝ իրենց իշխանության համար: Ռուսաստանը մեղավոր չէ, ՌԴ-ն տեսել է, որ այդ մարդիկ կարող են տալ իրենք ինքնիշխանությունը, սուվերենությունը, հանձնել կարեւոր ենթակառուցվածքները երկրի՝ չնչին գնով: Ռուսաստանում սովորել են, որ այդպես է.: Ես հասկանում եմ ՌԴ-ին, իրենց հիմա շատ դժվար է հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում՝ եկել են նոր իշխանություններ հիմա կան նոր իշխանություններ, որոնք ուզում են կարգի բերել, հասկանալ ինչն ինչոց է, ուզում են հետ կանչել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովին, որին հենց ՀՀ-ն է նշանակել ու ՀՀ-ն էլ իրավունք ունի հետ կանչել, իսկ ՌԴ-ին դա զարմացնում է»:

Ստեփան Գրիգորյանն էլ է կարծում, որ ՌԴ-ի հետ պետք է պատշաճ աշխատանք տանել, որոշ հարցերի շուրջ նախօրոք բանակցել, տեղեկացնել, ՌԴ-ն պետք է հասկանա, որ նոր իշխանություններ են եկել, որոնք կարող են իրենց ինքնիշխան իրավունքները իրացնել. «Ես կարծում եմ, Քոչարյանն ու Խաչատուրովը այդքան չարժեն, որ ՌԴ-ն հանուն նրանց ընդդիմանա հայ ժողովրդին: Հայ ժողովուրդը շատ կտրուկ է տրամադրված այս հարցում, բոլորը գիտեն: ՌԴ-ի ինչի՞ն է պետք, կարեւորն այն է, որ ՀՀ-ում իշխանություններ են եկել, որոնք պատրաստ են ՌԴ-ի հետ աշխատել, բայց աշխատել առանց քծնանքի: ՌԴ-ն չպետք է իր հարաբերությունները հայ ժողովրդի հետ փչացնի՝ հանուն Խաչատուրովի»:

Լավրովի հայտարարությունը Ստեփան Գրիգորյանն ընդունում է ավելի շատ որպես մտահոգություն, քան դիտողություն՝ Հայաստանին արված: Ըստ նրա, ՌԴ-ի համար կարեւոր է, որ նստեն մի սեղանի շուրջ, բանակցեն, իսկ ՀՀ-ում եկել է մի սերունդ, որը ինտերնետի միջոցով, ֆեյսբուքի միջոցով է ուզում շփվել, ու ՌԴ-ի համար սա դժվար է ընկալվում. «Նրանք Խաչատուրովին իրենցն են համարում ու ընդունում: Խաչատուրովը ոչ այնքան պաշտպանում էր Հայաստանի շահերը, նույնիսկ այն ժամանակ, երբ ՀՀ-ում ղեկավար պաշտոններ էր զբաղեցնում, որքան սպասարկում էր Ռուսաստանի հետաքրքրությունները ու ՌԴ-ն նրան համարում է յուրային»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031