Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվա-Երևան ռազմական համագործակցությունը ճեղքեր է տալիս. «Կոմերսանտ»

Օգոստոս 02,2018 14:51

Հայաստանի ներկա իշխանությունների կողմից նախկին ղեկավարների հետապնդումները երկպառակություն են մտցրել Մոսկվայի և Երևանի հարաբերություններում և կարող են կողմերին էլ ավելի գժտեցնել, օգոստոսի 2-ի իր խմբագրականում գրում է Կրեմլին մոտ կանգնած «Կոմերսանտ» թերթը: Թերթի՝ պետական կառույցներում ունեցած աղբյուրների համաձայն՝ հատկապես վրդովմունքի տեղիք է տվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին դատարան կանչելու հանգամանքը: Կրեմլում դա համարել են լուրջ հարված ռազմական դաշինքի հեղինակությանը և չեն բացառում, որ ՀԱՊԿ-ը կարող է գլխավորել այլ երկրի ներկայացուցիչ: Ավելին, հարցականի տակ է մնացել է ավելի վաղ համաձայնեցված 100 մլն դոլարի սպառազինության մատակարարումը:

Մոսկվային խնդրում են չանհանգստանալ

Չորեքշաբթի Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Մոսկվայի կողմից Հայաստանի նոր իշխանությունների գործողությունների նկատմամբ քննադատությանը: «Մենք հետևում ենք միջազգային արձագանքներին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացների շուրջ, որոնք պայմանավորված են կառավարության ներքին առաջնահերթություններ հանդիսացող իրավական պետության և արդարադատության անկախ համակարգի կայացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով,- ասել է գերատեսչության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։- Այս գործընթացները փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ»: Հայ դիվանագետը նշել է. «Երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններն ուղղված են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը, ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը»:

Թերթը հիշեցնում է, որ երեքշաբթի Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հանդես է եկել իրեն ոչ բնորոշ կոշտ հայտարարությամբ Երևանի հասցեին: Նրա խոսքով՝ վերջին օրերի իրադարձությունները «հակասում են Հայաստանի նոր ղեկավարության վերջին հայտարարություններին այն մասին, որ իրենք մտադրություն չունեն իրենց նախորդների նկատմամբ հետապնդումներ կազմակերպել քաղաքական շարժառիթներով»: «Հայաստանում տեղի ունեցողը չի կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում ԱՊՀ տարածքում կազմակերպությունների բնականոն աշխատանքի տեսանկյունից»,- ասել էր Լավրովը՝ հավելելով, որ վերջին օրերին Ռուսաստանի ներկայացուցիչները «բազմիցս իրենց մտահոգություններն են հասցրել Հայաստանի ղեկավարությանը»:

Մոսկվայի վրդովմունքն են առաջացրել Նիկոլ Փաշինյանի կառավարության ձեռնարկած դատական հետապնդումները երկրի նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 2008թ. մարտին ընդդիմության ցույցը ուժով ցրելու գործի քննության շրջանակում, գրում է թերթը և հիշեցնում, որ 2010թ. անկարգությունների կազմակերպման մեղադրանքով բանտ է նստել ներկա վարչապետը: Այժմ նա պահանջում է պատասխանատվության կանչել նրանց, ովքեր կանգնած էին բարիկադների մյուս կողմում և մասնակից էին ցույցը ցրելու մեջ՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, որը 2008թ. գլխավորում էր Երևանի կայազորը: Նրանց մեղադրանք է ներկայացվել «պետական իշխանությունը բռնազավթելու» հոդվածով:

Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է հուլիսի 27-ին: Նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը չորեքշաբթի «Կոմերսանտին» հայտնել է, որ նախկին նախագահին պահում են Երևանի մեկուսարաններից մեկում և նրա մոտ թողնում են միայն փաստաբաններին: Թերթի զրուցակիցը վստահ է, որ Քոչարյանի հասցեին մեղադրանքներն ունեն քաղաքական դրդապատճառ: «2008թ. մարտի 1-ի իրադարձությունները պետք է մանրամասն քննության ենթարկվեն, որպեսզի հանրությունը վստահ լինի, որ գիտի այն ամենը՝ ինչ այդ ժամանակ տեղի է ունեցել, և ինչու է զոհվել 10 մարդ, որից երկուսը ոստիկան, 8-ը՝ խաղաղ քաղաքացի: Բայց այն, ինչ տեղի է ունենում հիմա, ոչ մի ընդհանուր բան չունի այդ սպանությունների հանգամանքների քննության հետ»,- հայտարարել է նա:

Վիկտոր Սողոմոնյանի կարծիքով՝ նախկին նախագահի հետապնդումը կապ ունի այն հանգամանքի հետ, որ Ռոբերտ Քոչարյանը «լավ հնարավորություններ ուներ մասնակցելու սպասվող ընտրական գործընթացներին»: «Նրա նախագահության ընթացքում տնտեսությունն աճել է, արտաքին պարտքը նվազել, ժողովուրդը դա հիշում է»,- վստահ է նա: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2019թ. գարնանը:

Հարված ՀԱՊԿ-ին

Ընդհանուր առմամբ՝ ՌԴ պետական կառույցներում «Կոմերսանտի» զրուցակիցների խոսքով՝ Մոսկվային առանձնահատուկ նյարդայնացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ դատական հետապնդումը, ինչը հարվածի տակ է դնում Ռուսաստանի կողմից ղեկավարվող ռազմաքաղաքական այդ դաշինքի հեղինակությունը: Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի՝ Յուրի Խաչատուրովին գրավի դիմաց ազատ են արձակել: Այնուամենայնիվ, թերթը հիշեցնում է, որ Երևանը չի զգուշացրել ՀԱՊԿ գործընկերներին, որ գլխավոր քարտուղարին, որին սկզբնապես կանչել էին Երևան որպես վկա, կարող են մեղադրանք առաջադրել:

ՀԱՊԿ-ին մոտ կանգնած աղբյուրը թերթի հետ զրույցում չի բացառել, որ «Խաչատուրովին և ողջ կառույցը սևացնելու փորձը սադրել են արտատարածաշրջանային խաղացողները»:

Ինչ կլինի հիմա գլխավոր քարտուղարի պաշտոնի հետ՝ այս պահին հայտնի չէ: Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը չորեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» ասել է, որ միջնորդություն է ներկայացրել Հայաստանի քննչական ծառայություն՝ խնդրանքով նրան երկրից դուրս գալու թույլտվություն տալ, քանի որ «նա գլխավորում է միջազգային կազմակերպություն և ունի որոշակի պարտավորություններ»: Բայց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը չորեքշաբթի «Կոմերսանտին» ասել է, որ Երևանից ՀԱՊԿ քարտուղարությանն արդեն հայց է ուղարկվել՝ սկսելու Յուրի Խաչատուրովին երկրի այլ ներկայացուցչով փոխարինելու գործընթաց: ՀԱՊԿ կենտրոնական գրասենյակում պնդում են, որ Երևանից որևէ փաստաթուղթ չեն ստացել: «Ես տեղեկատվություն չունեմ այն մասին, որ հայկական կողմը որևէ պաշտոնական փաստաթղթով դիմել է գործող գլխավոր քարտուղարի հարցով»,- «ՌԻԱ Նովոստիին» ասել է կառույցի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Նա պարզաբանել է, որ ըստ ՀԱՊԿ կանոնակարգի՝ կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանը պետք է պահպանի մինչև 2020թ.:

Ցանկացած պարագայում կադրային հնարավոր փոփոխության մասին հարցը կլուծվի ոչ շուտ, քան նոյեմբերի 8-ը, երբ տեղի կունենա ՀԱՊԿ գլխավոր մարմնի՝ Հավաքական անվտանգության խորհրդի (դրա կազմի մեջ մտնում են անդամ երկրների ղեկավարները) նիստ: Մինչդեռ պետական կառույցներում «Կոմերսանտի» աղբյուրներն ակնարկում են, որ ստեղծված իրավիճակում Հայաստանից նոր թեկնածուի հաստատման ժամանակ ավտոմատիզմ չի լինի: «Հայաստանի ներքին վեճերը վիթխարի հարված են հասցնում կազմակերպության հեղինակությանը, տարօրինակ է, որ իրենք դա չեն հասկանում»,- ասել է թերթի՝ ՌԴ աշխատակազմին մոտ կանգնած զրուցակիցը: Եթե Հայաստանի նոր թեկնածուն գլխավոր քարտուղարի պաշտոնում հավանության չարժանանա, այբբենական կարգով նախագահությունը կանցնի հաջորդ երկրին՝ Բելառուսին:

Սպառազինության մատակարարումը ճեղքեր է տալիս

Մոսկվայի և Երևանի միջև տարաձայնությունները կարող են բացասաբար անդրադառնալ Հայաստանին ռուսական սպառազինություն մատակարարելու վերաբերյալ համաձայնության վրա: Ռուսաստանի ռազմական արդյունաբերության երկու ձեռնարկությունների թոփ մենեջերների խոսքով՝ «մեծ հարցականի տակ է» պայմանագրերի երկրորդ փաթեթի իրականացումը, որով Հայաստանը պետք է սպառազինություն ստանա 100 մլն դոլար վարկի դիմաց: «Առայժմ այնքան էլ հասկանալի չէ՝ ինչ է ընդհանրապես նրանց մոտ տեղի ունենում»:

Պայմանագրի առաջին փաթեթի շրջանակում (որի իրականացման համար 2016թ. Մոսկվան Երևանին հատկացրել էր 200 մլն դրամ վարկ) ավարտվել են, պնդում է թերթի զրուցակիցը: Հայաստանի պաշտպանության նախարարությունը ստացել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի սարքավորումները և դրա ռազմամթերքը, «Իգլա-Ս» զենիթահրթիռային համալիրներ , «Ավտոբազա-Մ» ռադիոտեխնիկական հետախուզության ցամաքային համալիրներ, ՏՕՍ 1Ա ծանր հրետանային համակարգեր, 9М113Մ կառավարվող հրթիռներ, ՌՊԳ-26 նռնականետեր, Դրագունովի դիպուկահար զենք, «Տիգր» տեսակի զրահամեքենաներ, ինչպես նաև կապի միջոցներ:

Երկրորդ պայմանագրով, ըստ թերթի տվյալների, ենթադրվում էր շարունակել հրազենի, անձնակազմի տեղափոխման համար նախատեսված տրանսպորտի և ինժեներական կապի միջոցների մատակարարումը: Հայաստանի ՊՆ նախկին ղեկավարությունը ցանկանում էր ձեռք բերել նաև «Իսկանդեր-Է» օպերատիվ տակտիկական համալիրի երկրորդ դիվիզիոնը, ինչպես նաև Սու-30ՍՄ կործանիչներ: Այժմ այդ ծրագրերը մնացել են օդում կախված:

Երևանում տեղակայված «Կովկասյան ինստիտուտի» ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը «Կոմերսանտի» հետ զրույցում, սակայն, խորհուրդ է տալիս Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները չվերագրել երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին: «Այժմ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի ներքաղաքական գործընթացի տրամաբանության մեջ են: Այն պետք է դիտարկել նոր իշխանության եկած վերնախավի և հների փոխհարաբերությունների համատեքստում,- ասում է փորձագետը:- Այդ իրադարձությունները չունեն արտաքին քաղաքական բաղադրիչ: Բայց դրանց հետևանքները միշտ չէ, որ լավ հաշվարկվում են»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031