«Արցախի դպրոցներում սովորող երեխաները պետք է ունենան համոզմունք, որ երբեւէ առուծախի առարկա չի դառնա այն հողը, որի վրա իրենք ապրում են»,- օգոստոսի 2-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կայացած Համահայկական 8-րդ կրթական խորհրդաժողովի բացման ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:
Նրա խոսքերով, այն ամենն, ինչ տեղի է ունենում Հայաստանում եւ Սփյուռքում, ուղղակիորեն անդրադառնում է Արցախի վրա, հետեւաբար. «Յուրաքանչյուր խոսք պետք է մեծ պատասխանատվությամբ արտաբերել, հիշելով, որ թշնամու նշանառության տակ են գտնվում Արցախի երեխաները»:
Երկու տարին մեկ անցկացվող Համահայկական կրթական խորհրդաժողովը նպատակ ունի քննարկել արտասահմանի հայկական կրթօջախների հիմնահարցերը, հստակեցնել ԿԳ նախարարության կողմից իրականացվող ծրագրերը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խոստացավ կրթական հաստատությունների ներկայացուցիչներին այցելել Աղվերանում, որտեղ շարունակվելու են համաժողովի աշխատանքները եւ ավելի արդյունավետ քննարկում ունենալ:
Նարինե Աղաբալյանը կարեւորեց նման հավաքների կազմակերպումը, ասաց, որ տարբեր ծրագրեր են իրականացվում խնդիրները լուծելու ուղղությամբ, սակայն դրանք չեն սպառվում եւ չեն էլ սպառվելու: Նախարարի խոսքով` յուրաքանչյուր ժամանակաշրջան իր փոփոխություններն ու խնդիրներն է բերում: Նա արծարծեց Արցախի հանրապետության կրթական համակարգի մի քանի խնդիրներ:
«Արցախի եւ Հայաստանի Հանրապետություններն ամբողջական են, ինչպես Սիսն ու Մասիսը, եւ Հայոց պետականությունն են խորհրդանշում, բնականաբար բոլոր ոլորտներում` այդ թվում նաեւ կրթական, մեր քայլերը համընթաց են, նույն օրենսդրական եւ իրավական կարգավորումներն են գործում, նույն ուսումնական ծրագրերը, պլանները»,- նշեց Արցախի նախարարը:
Հավելեց, որ կրթության ոլորտում համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն կա, ինչը վերաբերում է նոր սերնդի կրթության պահանջներին համապատասխան ուսուցիչների վերապատրաստմանը. «Այսօրվա դպրոցականը եւ դասավանդող ուսուցիչները հիմնականում տարբեր մտածելակերպ ունեն, եւ նախկին մեթոդներն ու սկզբունքներն այլեւս չեն գործում»: Նարինե Աղաբալյանի խոսքով, Արցախ- Հայաստան- Սփյուռք փոխհամագործակցության ծրագրերը նախ եւ առաջ պետք է ունենան փոխճանաչման ու փոխօգնության ուղղվածություն: Նա ասաց, որ իրենց երազանքն է` հաղթանակած Շուշին մի օր տեսնել որպես համահայկական կրթական կենտրոն:
Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարի ձեւակերպմամբ, պատերազմի հետեւանքով ավերված Արցախը վերածնվել է Հայաստանի եւ Սփյուռքի աջակցությամբ, սակայն էլի միմյանց մասին քիչ բան գիտենք. «Առանց միմյանց ճանաչելու, միմյանց հետ շփվելու` չենք կարողանալու իրագործել այն նպատակները, որոնք դրված են մեր ազգային կրթության հիմքում: Հայ դպրոցականների համար գոնե մեկ անգամ Մեսրոպ Մաշտոցի ստեղծած արցախյան դպրոցում` Ամարասում լինելը կարող է շատ ավելի ազդեցիկ լինել, քանի մի ամբողջ դասագրքի յուրացում»:
Նարինե Աղաբալյանը նշեց, որ սահմանի ողջ երկայնքով տեղակայված արցախյան գյուղերի դպրոցները գրեթե նույն դերակատարությունն ունեն, ինչ մեր պաշտպանության բանակի ստորաբաժանումները:
«Ահա թե ինչու կրթության ոլորտի որեւէ բարեփոխում, որ թելադրված է ժամանակի պահանջով, հնարավոր չէ կիրառել արցախյան դպրոցների նկատմամբ` առանց այդ առանձնահատկությունը եւ հանգամանքը հաշվի առնելու: Դրանով է պայմանավորված, որ միանալով Բոլոնյան գործընթացին` Արցախը չշտապեց գնալ բոլոր շրջաններում ավագ դպրոցների ստեղծման ճանապարհով, այլ ընտրեց մի լուծում, որը գուցե պետության համար ավելի ծախսատար է, բայց անվտանգության տեսանկյունից` ավելի ընդունելի: Արդյունքում` այսօր Արցախում ունենք 12-ամյա կրթություն իրականացնող շատ դպրոցներ, որտեղ աշակերտների թիվը չի անցնում 20-ից: Եվ հենց սա է մեր ամենադժվար լուծելի խնդիրը: Մի կողմից հնարավոր չէ յուրաքանչյուր 10-20 աշակերտի համար ունենալ ժամանակակից դպրոց եւ ապահովել որակյալ կրթություն, մյուս կողմից` որեւէ գյուղում դպրոցի փակումը նշանակում է արագացնել գյուղի դատարկումը»,-նկատեց նա:
Նարինե Աղաբալյանը Ասկերանի շրջանի Սզնեք գյուղից էլ խոսեց, որտեղ սովորում է 11 աշակերտ: Այդ երեխաներից 4-ը մասնակցել է հանրապետական օլիմպիադաների, մրցանակներ ստացել, 2-ը Երեւանում էլ է մասնակցել օլիմպիադաների:
«Այդ 11 երեխաները տարիներ շարունակ շփվել են ընդամենը միմյանց հետ, հետեւաբար նրանց պատկերացումները ամեն ինչի վերաբերյալ սահմանափակվում են միայն իրենց տեսածով ու կարդացածով»,- հայտնեց Աղաբալյանը: Ասաց նաեւ, որ Սզնեքը այդ վիճակում գտնվող արցախյան միակ գյուղը չէ: Նա առաջարկեց լուծումներ գտնել, որ երեխաները ստիպված չլինեն հեռանալ Արցախի գյուղերից, նաեւ ստանան գիտելիքներ, որոնք կիրառելի կլինեն տարածաշրջանում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ