Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Համապատասխան որոշման ընդունումը բխում է «Բաց կառավարման գործընկերություն» ՀՀ երրորդ գործողությունների ծրագրով» նախատեսված «Հաշվետու լիցենզավորում. Պետական մարմինների կողմից տրամադրվող լիցենզիաների և ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց պետական միասնական էլեկտրոնային գրանցամատյանի ստեղծում» միջոցառումից: Որոշման ընդունումը կնպաստի հանրային կառավարման համակարգում մի շարք բարեփոխումների իրականացմանը, այդ թվում՝ թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության բարձրացմանը: Էլեկտրոնային գրանցամատյանի ներդրումը կնպաստի արդյունավետ վարչարարության իրականացմանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ծախսերի, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկի նվազեցմանը: Համակարգի ներդրման արդյունքում հնարավոր կլինի գրանցամատյանից տեղեկությունները տրամադրել նաև էլեկտրոնային տարբերակով, արդյունքում ժամանակատարության և տրամադրված տեղեկատվության հավաստիության խնդիրներ չեն առաջանա: Բացի այդ, հնարավոր կլինի համակարգել ծանուցման ենթակա գործունեության վերաբերյալ տարբեր մարմինների իրավասության ներքո գտնվող տեղեկատվությունը:
Գործադիրը սահմանել է դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու կարգը: Արդյունքում՝ ակնկալվում է կարգավորել դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը ՀՀ-ին հանձնելու և դրա հետագա տնօրինման գործընթացը: Մասնավորապես, դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը օրենքով սահմանված ժամկետում վերադարձնելու կամ համարժեք հատուցում վճարելու անհնարինության դեպքում ենթակա է հանձնման ՀՀ-ին՝ ի դեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, նվերի հանձնումն իրականացվում է նվիրատվության պայմանագրի հիման վրա, նվերի հանձնման հետ կապված ծախսերը իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Մեկ անգամ տրվող նվերը չի կարող գերազանցել 100 հազար դրամը: Տարվա կտրվածքով ստացվող նվերները չեն կարող գերազանցել 400 հազար դրամը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս հարցերի վերաբերյալ իրազեկման քայլեր պետք է արվեն, որպեսզի հասարակությունն էլ իմանա, որ նման օրենքներ կան և որ դատավորին նման նվերներ չի կարելի տալ: Վարչապետը հավելել է, որ սա շատ կարևոր թեմա է հանրային ծառայողների, հանրության համար և ընդհանրապես թափանցիկության տեսակետից: «Կարծում եմ, որ պետք է իրազեկման որոշակի միջոցներ ձեռնարկվեն և այդ իրազեկման օբյեկտը ոչ միայն պաշտոնյաները լինեն, այլև հանրությունը, որպեսզի այս մասով խաղի կանոնները պարզ լինեն և բոլորիդ հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը, որովհետև կարծում եմ, որ գործնականում միշտ չէ, որ սահմանված կանոնները պահպանվում են: Կխնդրեմ, որ արդարադատության նախարարությունը համապատասխան մյուս կառույցների հետ աշխատի, որպեսզի իրազեկվածության մակարդակը բարձրանա, զանգվածային լրատվության միջոցների հետ է պետք աշխատել այս թեմայով, որպեսզի կոնկրետացնեն, թե ինչն է թույլատրելի, ինչն է անթույլատրելի, նվեր ստանալու ընթացակարգերը պահպանվեն»,- ասել է կառավարության ղեկավարը:
Կառավարությունը հաստատել է նաև ներման խնդրագրերի քննարկմանն առնչվող նյութերի արխիվացման կարգը՝ «Ներման մասին» ՀՀ օրենքի լիարժեք գործողությունն ապահովելու և նյութերի արխիվացման գործընթացը կանոնակարգելու նպատակով:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ