«Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցն արգելք չէ, որպեսզի նա որոշակի ժամանակահատվածով բացակայի Հայաստանից, և վարույթն իրականացնող մարմինն այդ մասին իրենց հայտնել է»,- Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ ընթացք է տվել Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի միջնորդությանը՝ թույլ տալ Խաչատուրովին մեկնել Մոսկվա աշխատանքի, այսպես պատասխանեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Տեղեկացնենք՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդություն էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով թույլ տալ Խաչատուրովին մեկնել Մոսկվա աշխատանքի: Այս առիթով նա հիմնավորել էր. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Յուրի Խաչատուրովը հանդիսանում է միջազգային կազմակերպության (ՀԱՊԿ) Գլխավոր քարտուղարը, ունի ամենօրյա և անհետաձգելի աշխատանքային պարտականություններ, որոնց չկատարումը կարող է հանգեցնել միջազգային կազմակերպության ընդհանուր աշխատանքների կազմալուծմանը, դրա միջազգային վարկի և հեղինակության անկմանը և այն, որ Յուրի Խաչատուրովը վարույթն իրականացնող մարմնի առաջին իսկ կանչով ներկայացել է, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված անբարենպաստ հետևանքից խուսափելու համար, միջնորդություն ենք ներկայացրել ՀՔԾ, սակայն մինչ այս պահը որևէ արձագանք չունենք միջնորդության վերաբերյալ»:
Մեր այն հստակեցմանը՝ փաստորեն պարոն Խաչատուրովը կարող է ցանկացած պահի մեկնել Մոսկվա՞, Մարինա Օհանջանյանն արձագանքեց. «Որոշակի ժամանակահատվածով Յուրի Խաչատուրովը կարող է մեկնել Մոսկվա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ