«Հանրահավաքներում ավելի շատ զգացմունքներն են իրենց ցույց տալիս, քան տրամաբանությունը: Բացառություն են ՀԱԿ-ի հանրահավաքները, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքագիտական գնահատականներ է հնչեցնում»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրավիրվելիք հանրահավաքին, որում նա ամփոփելու է իր վարչապետության 100 օրը, ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: «Տրամաբանական կլիներ, եթե նա իր պաշտոնավարումն ամփոփեր փակ սրահում կամ դահլիճում՝ հրավիրելով կուսակցական ակտիվիստներին եւ հայտնի լրագրողներին ու ներկայացներ հաշվետվություն՝ ուղիղ հեռարձակմամբ»,-համոզմունք հայտնեց նա:
Արմեն Բադալյանի գնահատմամբ՝ հանրահավաքի տարբերակն ընտրելով՝ վարչապետն ուզում է ցույց տալ, որ հեղափոխությունը շարունակվում է. «Մինչդեռ իրականում այն արդեն պետք է ավարտված լիներ: Կապը ժողովրդի հետ այլ սկզբունքներով կարելի է պահպանել: Հանրահավաքն ավելի շատ հիմնված է զգացմունքային արձագանքներ ստանալու վրա: Կարճ ասած՝ դա այն է, երբ ասելիք չունես»:
Ըստ փորձագետի՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած նոր կառավարության ամենաթույլ կողմը հետեւյալն է. «Այն չունի ՀՀ զարգացման մասին հեռանկարային պատկերացում, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանը՝ 10-15 տարում: Ավելին՝ այդ մասին քննարկումներ անգամ չկան կառավարությունում: Օրինակ՝ մասնագետներով հավաքվեին-քննարկեին, թե ինչպիսի տնտեսական ռազմավարություն պետք է մշակել, Սահմանադրության որ կետերը պետք է փոխել եւ այլն»:
https://www.facebook.com/aravot.am/videos/2112551178763386/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ