Լրահոս
Օրվա լրահոսը

Ջերմուկի զարգացման կենտրոնի համանախագահ. արտակարգ իրավիճակը հաշվի առնելով՝ բացել ենք ճանապարհները, անգամ թույլ ենք տվել, որ «Լիդիանի» աշխատակիցները եւս դեպքի վայր հասնեն. «Հայոց աշխարհ»

Օգոստոս 02,2018 12:42

Հրդեհի հաջորդ օրը «Լիդիան Արմենիան» հաղորդագրություն տարածեց՝ դրանում մեղադրելով հանքի ճանապարհները փակած ցուցարարներին եւ հայտարարելով, որ եթե իրենց աշխատակիցներին թույլ տային մուտք գործել հանքի տարածք, հրդեհը, ամենայն հավանականությամբ, չէր լինի կամ հնարավոր կլիներ կանխել դրա տարածումը դեպի Ամուլսարի շինհրապարակ:

Փաստորեն, ըստ դրա, հրշեջներին միայն ժամեր հետո է հաջողվել մուտք գործել հրդեհված տարածք, քանի որ, «Լիդիանի» ներկայացուցիչների հավաստմամբ, ցուցարարները անգամ այդ ժամանակ շարունակել են փակ պահել ճանապարհները:

Մինչդեռ ցույցերի կազմակերպիչ, Ջերմուկի զարգացման կենտրոնի համանախագահ ՎԱԶԳԵՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ տեղեկացմամբ՝ իրենք հենց նկատել են հրդեհը, ահազանգել են արտակարգ իրավիճակների նախարարություն: Ավելին՝ հրշեջների ժամանելուն պես ցուցարարները, բնապահպաններն ու մոտակա գյուղերի բնակիչները նույնպես միացել են հրդեհաշիջման աշխատանքներին, որպեսզի կրակը հնարավոր լինի ավելի արագ մարել ու կանխել առաջխաղացումը:

Վազգեն Գալստյանը նաեւ հայտնեց, որ արտակարգ իրավիճակը հաշվի առնելով՝ իրենք բացել են ճանապարհները, անգամ թույլ են տվել, որ «Լիդիանի» աշխատակիցները եւս դեպքի վայր հասնեն, այն դեպքում, երբ մինչեւ այդ նրանց առաջ ճանապարհը փակ էր. «Ինչպես նախկինում ենք հայտարարել, եթե բնապահպանական մոնիտորինգի կամ վթարների կանխարգելման նպատակով «Լիդիանի» մասնագետները կարիք ունենան տարածք մուտք գործելու, ապա կարող են դա անել մեր կամ երրորդ ոչ շահագրգիռ կողմի ուղեկցությամբ ու մասնակցությամբ, եւ ամբողջ գործընթացը պետք է տեսանկարահանվի:

Մեր ներկայությունն ու տեսանկարահանումը անհրաժեշտ ենք համարում, քանի որ ընկերության նկատմամբ վստահությունը շատ ցածր է, եւ մտավախություն ունենք, որ տարածք մուտք գործելու դեպքում այնտեղ կարող են գոյություն ունեցող թերացումները կոծկելու կամ սխալները վերացնելու փորձեր արվել:

Այս ընթացքում հավատարիմ ենք մնացել մեր խոստմանը եւ անգամ երբ ընկերության մասնագետները դիմել էին ոստիկանություն, որ միջոցներ ձեռնարկվեն իրենց անխափան մուտքը տարածք ապահովելու համար՝ հրդեհից հետո իրավիճակը գնահատելու նպատակով, մենք առաջարկեցինք մեր կողմից էլ ներկայացուցիչներ լինեն: Բայց առաջարկը մերժվեց: Ուստի թույլ տվեցինք, որ նրանք սահմանափակ թվով մարդկանցով ներս մտնեն՝ երկու մասնագետ եւ մեկ կատարող եւ պայմանով, որ պիտի դա իրականացնեն ոստիկանության ներկայությամբ: Ստուգմամբ պարզվեց, որ հրդեհից ռիսկեր չեն առաջացել եւ գործարանի ներսում ոչինչ չի տուժել»:

Ինչ վերաբերում է հրդեհի տարածք մուտք գործելուն խոչընդոտելու մասին ընկերության հայտարարությանը, ըստ ակտիվիստի՝ Գնդեվազ գյուղի դիմացի բլրի հետեւից ծուխը նկատելուն պես անմիջապես իրենք են զանգահարել հրշեջ ծառայություն եւ արտակարգ իրավիճակների նախարարության թեժ գիծ:

ԱԻՆ-ում հայտնել են, թե արդեն տեղյակ են Սարավան գյուղի մոտակայքում բռնկված հրդեհի մասին եւ մեքենաներ են ուղարկել. «Նրանք շատ արագ ժամանեցին եւ անմիջապես կարողացան դեպքի վայր հասնել՝ առանց որեւէ խոչընդոտի: Դրանից հետո գրեթե չորս ժամ հրդեհի մարման աշխատանքներ են ընթացել, որին մասնակցում էին թե՛ հրշեջները, թե՛ ակտիվիստներն ու բնապահպանները, տեղի բնակչությունը եւ «Լիդիանի» աշխատակիցները»:

ԱԻՆ-ից մեզ տեղեկացրին, որ ահազանգը ստացել են 15:50-ի սահմաններում բնակիչներից, եւ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, մեկ օպերատիվ խումբ, ապա ներգրավվել են լրացուցիչ ուժեր: Ավելի ուշ՝ ժամը 18:00-ի դրությամբ, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 3 մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, ինչպես նաեւ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի 4 ջրատար ավտոմեքենա, 12 հրշեջ-փրկարար ազատ հերթափոխից, 30 քաղաքացի եւ 5 բնապահպան: Սա նախարարության տրամադրած տեղեկությունն է:

Այդ ընթացքում՝ ժամը 18:10-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը հակասող տեղեկատվություն տարածեց՝ կոչ անելով անհապաղ բացել ճանապարհները եւ թույլ տալ ԱԻՆ հրշեջներին, ընկերության համապատասխան աշխատակիցներին մուտք գործել տարածք հրդեհը մարելու նպատակով, քանի դեռ այն չի հասել առավել մեծ ծավալների եւ անվերականգնելի վնասներ չի պատճառել շրջակա միջավայրին ու ընկերությանը: Սա այն դեպքում, երբ հրդեհվող տարածքում արդեն բուռն աշխատանքներ էին իրականացվում, այդ թվում՝ ԱԻՆ հրշեջների կողմից:

Շիջման աշխատանքներն ավարտվել են երեկոյան ժամը 8-ի սահմաններում՝ տեւելով գրեթե չորս ժամ: ԱԻՆ-ում նույնպես հաստատեցին, որ իրենց աշխատակիցները չորս ժամ եղել են հրդեհի վայրում: Հետեւաբար «Լիդիանի» հայտարարությունն ապատեղեկատվություն է: Այսինքն՝ նախապես մտածված սցենարով իր հայտարարությամբ «Լիդիանը» փորձել է հիմքեր հավաքել հետագայում ցուցարարներին մեղադրանքներ ներկայացնելու համար:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031