«Հատուկ քննչական ծառայության ղեկավարն այն պաշտոնյան չէ, որը պետք է մեկնաբանի այլ երկրի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքերը»,-այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանն՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:
«Ես ընդամենը իմ մասով կարող եմ ասել, որ քաղաքական հետապնդման մասին խոսք անգամ լինել չի կարող: Ես նորից կրկնում եմ, որ այս գործընթացը խիստ իրավական ընթացակարգերում է»,- ասաց Սասուն Խաչատրյանը, նշելով՝ շահարկվում է իբր ՀՔԾ մեղադրանքի որոշման մեջ կա դրույթ, որով ծառայությունը կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները. «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ մեր որոշման մեջ նման դրույթ չկա, մենք կասկածի տակ չենք դրել ընտրության արդյունքները, մենք ընդամենը նշել ենք, որ այն քաղաքացիները, որոնք ընտրությունների արդյունքները համարել են կեղծված, դուրս են եկել փողոց՝ իրենց իրավունքը վերականգնելու համար»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ