Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ դատարանի որոշումը անխուսափելիորեն բողոքարկվելու էր, ինչի մասին արդեն հայտարարել էին նրա պաշտպանությունն իրականացնող փաստաբանները: Երեկ արդեն Վերաքննիչ քրեական դատարան է ներկայացվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը, որի վերաբերյալ հարցով էլ «Հայոց Աշխարհ»-ի թղթակիցն սկսեց զրույցը պաշտպանական խմբում ներգրավված փաստաբան ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽՈՒԴՈՅԱՆԻ («Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակ) հետ:
-Դուք եւ ձեր կոլեգաները նշում եք, որ նախկին նախագահին կալանավորելու վերաբերյալ դատարանի որոշումը վատն է, ապօրինի: Ինչո՞ւ է այն վատը կամ ապօրինի:
-Դա շատ հստակ է: Մենք դիտարկում ենք փաստերը: Օրինակ, դատարանին ներկայացվա՞ծ են կալանքի համար անհրաժեշտ փաստեր, թե՞ ոչ: Ենթադրենք, պետք է ներկայացվեր 10 փաստ, դատարանն ունեցել է 5 փաստ, կալանքի որոշում է տվել: Սրա շուրջ կարելի է քննարկում ծավալել: Իսկ կոնկրետ այս դեպքում դատարանն ունենալով զրո փաստ՝ կալանքի որոշում է տվել: Մեզ համար այդ որոշման ապօրինությունը որեւիցե ձեւով չի կարող կասկածի տակ դրվել:
Եվ մասնագիտական կարծիք հայտնեմ, որ այն օրը, երբ որ այդ գործը կավարտվի, եւ տեղեկատվությունը հրապարակային կդառնա, մեծ է հավանականությունը, որ վարույթն իրականացնող մարմինը կամ դատավորը կարող են կանչվել պատասխանատվության ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու համար: Սա շատ լուրջ է:
-Կա նաեւ տեսակետ, որ դատարանն ուղղակի իշխանության քաղաքական հրահանգն է կատարել՝ կալանավորելով նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
-Ես այդ հարցին կնախընտրեմ չպատասխանել, որովհետեւ դա մասնագիտական գնահատական չի լինի:
Ես ընդամենը այդ հարցի կեսին կպատասխանեմ. այն, ինչ կատարվում է մեր պաշտպանյալի հետ, դրանում իրավական հետապնդումն առկա չէ: Թե դա ի՞նչ է, չեմ մեկնաբանի, արդեն բոլորովին այլ տարբերակների մասին կարելի է մտածել:
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում