Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցը պետք է լուծի դատախազը: Այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն՝ անդրադառնալով ԱԺ պատգամավորների՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պահանջով ստորագրահավաքին:
Խաչատրյանի ներկայացմամբ՝ այդ ընթացակարգը դատախազն է իրականացնում:
Սասուն Խաչատրյանն ասաց, որ Քոչարյանին կալանքի տակ պահելն անհրաժեշտ է, դրա նախապայմանն է` բացառել քրեադատավարական գործընթացի մասնակիցների վրա ազդեցություն գործելը, ուստի Քոչարյանին կալանքի տակ պահելն անհրաժեշտ է, որպեսզի ՀՔԾ-ն կարողանա լրիվ ծավալով քննություն կատարել, եւ բացառվի նրա ապօրինի ազդեցությունը իրավապահների վրա:
Լրագրողները հետաքրքրեցին՝ Մարտի 1-ի գործով էլի՞ պաշտոնյաներ կներգրավվեն. օրինակ՝ Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը եւ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ հարցաքննվելո՞ւ են: Խաչատրյանը պատասխանեց. «Հարցաքննության անհրաժեշտությունը տեսնում է քննիչը. հարցաքննելու կամ չհարցաքննելու դեպքում՝ նույնպես պետք է հիմնավորված լինի: Եթե քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքների մասին որեւէ պաշտոնատար անձ կարող է որեւէ նշանակալի տեղեկություն հայտնել, նա հարցաքննվելու է»:
Քոչարյանի մեղադրանքն, ըստ նրա պաշտպան փաստաբանների, անգրագիտություն է, եւ այս գործընթացը քաղաքական հետապնդում է, 37 թվի հետ են համեմատել. լրագրողների այս հիշեցումներին Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Ես չեմ իջնում իրենց մակարդակին եւ անձնական վիրավորանքներով պատասխանել չեմ ցանկանում: Մեղադրանքի որոշումն այնքան հստակ, պարզ եւ հիմնավորված է, որ ինձ համար նույնիսկ անհասկանալի են, տեղ-տեղ նույնիսկ ծիծաղելի են այն մանիպուլյացիաները, որոնք փորձում են անել պաշտպանական կողմի ներկայացուցիչները: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու մեջ: Նման մեղադրանք առաջադրելու համար հիմք է հանդիսացել բանակի ներգրավումը: Բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներում արգելված է ինչպես նախկին, այնպես էլ Սահմանադրությամբ ներկայիս խմբագրությամբ: Բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներում անթույլատրելի է: ԶՈւ ներգրավումը կարող էր թույլատրելի լիներ միայն այն դեպքում, եթե հայտարարված լիներ ռազմական դրություն: Ռազմական դրություն հայտարարված չի եղել: Սա այնքան պարզ է, որ ես նույնիսկ չեմ հասկանում այս աղմուկը, որ բարձրացվել է»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ