Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ սպառնացել է Արցախի հիմնահարցում դիմել բանակի օգնությանը:
Ինչպես հաղորդում է interfax.az-ը, Ալիևը հերթական անգամ պնդել է իր այն թեզը, որ Հայաստանում նախկին իշխանությունների տապալման գործում մեծ դերակատարություն է ունեցել Ադրբեջանի վարած քաղաքականությունը, քանի օր ապրիլյան քառօրյա բախումները «հարված հասցրին նրանց փտած հենասյուներին»: Ընդ որում, Ալիևը սպառնացել է շարունակել այդ քաղաքականությունը:
«Ադրբեջանի և Հայաստանի միջև մեծ անդունդ կա տնտեսական առումով: Ընթացիկ տարվա հունիսին տեղի ունեցած ռազմական շքերթը ցույց տվեց՝ ով ինչի է ընդունակ: Մենք օգտվում ենք, և հետո էլ կօգտվենք այդ հնարավորություններից»,- ասել է Ալիևը:
Ինչ վերաբերում է հակամարտության խաղաղ կարգավորմանը Ալիևն ասել է, թե կասկածում է, որ Հայաստանի նոր իշխանությունները պատրաստվում են աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, գրում է interfax.az-ը:
«Հայաստանի նոր իշխանությունները չպետք է թույլ տան նախորդ խունտայի սխալները Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում: Սակայն Հայաստանի նոր իշխանությունները հանդես են գալիս հակասական հայտարարություններով, որոնք դժվար է հասկանալ ինչպես մեզ, այնպես էլ միջազգային կազմակերպություններին»,- ասել է Ալիևը:
Նա նաև նշել է, որ Ադրբեջանի համար անընդունելի է բանակցություններում որպես կողմ տեսնել Լեռնային Ղարաբաղը:
Ալիևի խոսքով՝ Հայաստանի նոր իշխանությունների հայտարարությունները «հարված են հասցնում հակամարտության խաղաղ կարգավորմանը», «ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի իշխանությունների վրա»:
«Մենք խաղաղություն ենք ցանկանում: Մեզ մոտ առայժմ տպավորություն է ձևավորվում, որ Հայաստանի իշխանությունները ցանկանում են շարունակել ադրբեջանական հողերի օկուպացումը: Մեր միջև խաղաղություն կարող է տիրել միայն օկուպացված տարածքների ազատագրմամբ: Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա հայ զինվորը պետք է լքի ադրբեջանական տարածքները»,- ասել է նա:
«Հակամարտությունը պետք է լուծվի հնարավորինս արագ և փուլ առ փուլ: Մենք և միջազգային հանրությունը դա ենք պահանջում: Եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն օկուպացման քաղաքականությունը, ապա մենք կշարունակենք Հայաստանը մեկուսացումը, կշարունակենք կործանել նրանց»,- սպառնացել է Ալիևը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ