Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատրաստ լինել ամեն ինչի

Օգոստոս 02,2018 10:00

Ինչպե՞ս ենք մենք պատրաստվում հեռանալ այս աշխարհից: Գրում եմ այս հարցը եւ պատկերացնում եմ օգտատերերի արձագանքը՝ «ինչո՞ւ է նա հանկարծ որոշել գրել այս սարսափելի թեմայով, ինչ-որ բա՞ն է պատահել»: Ոչ, որեւէ բան չի պատահել, եւ խնդիրը հենց այն է, որ երբ «բան է պատահում», դրա մասին այլեւս ուշ է խոսել: Երբ մարդը ծանր հիվանդ է, երբ նրա ֆիզիկական ուժերը խիստ սահմանափակվում են, նա սկսում է կարոտով, երբեմն լացելով հիշել այն, ինչ ունեցել է, այն, ինչ կարող էր անել, իսկ հիմա չի կարող եւ ըստ էության չունի: Ահա այդ դեպքում թեման դառնում է սարսափելի, վախենալու, կյանքը վերածվում է դժոխքի:

Ամերիկացի հոգեբան Սթիվեն Լեւինը նկարագրում է հնդկացիների ծեսը, որով նրանք նախապատրաստվում են մահվան: Ցեղի ցանկացած չափահաս ներկայացուցիչ պետք է պարտադիր մի քանի օրով գնա անապատ, ծոմ պահի եւ դրա արդյունքում ստանա, այսպես կոչված, «մահվան երգը»: Այդ երգի տասնյակ, հարյուրավոր կրկնությունները օգնում են արիությամբ դիմավորել կյանքի դժվարությունները: Եվ երբ գալիս է սպասելի կամ անսպասելի մահը, այդ հնդկացիներն այն ընդունում են բաց սրտով ու սթափ ուղեղով: Տեսականորեն քրիստոնյա քահանան նույնպես պետք է բացատրի հավատացյալին, որ նա ավելին է, քան իր մարմինը, շորերը, աշխատանքը, մասնագիտությունը, հասարակական հեղինակությունը: Բայց դա՝ միայն տեսականորեն:

Ի՞նչ վատ բան է կարող պատահել ինձ հետ: Ես կարող եմ մահանալ՝ այդպիսին է, ենթադրենք, սկզբնական պատասխանը: Բայց երբ ավելի երկար ես մտածում, ցուցակն ավելանում է՝ ես կարող եմ մահանալ կամ զրկվել աշխատանքից: Հետո՝ կարող եմ մահանալ, զրկվել աշխատանքից կամ ստանալ ցածր աշխատավարձ: Այնուհետեւ դրան ավելանում է, ասենք, կոմունալ վարձերը ժամանակին չմուծելը: Եվ այսպես շարունակ՝ ներառյալ 74 համարի երթուղայինի կես ժամով ուշանալը: Երբ մենք սկսում ենք թվարկել մեր «կախվածությունները», ապա կյանքի հարմարավետության, անվտանգության շրջանակը «կուչ է գալիս» ինչ-որ փոքրիկ վանդակի կամ տուփի մեջ, եւ այդ դեպքում ոչ միայն մահն է դառնում սարսափելի, այլեւ ցանկացած «անախորժություն»: Եվ հակառակը՝ երբ դու բաց ես ամեն ինչի համար, մեծ հաշվով՝ կախված չես ոչ մի բանից, ապա պատրաստ ես ամեն ինչի՝ ընդհուպ մինչեւ մահը:

…Ժողովուրդն ասում է՝ «էս աշխարհում մեռնել կա»: Բայց դա կարելի է երկակի մեկնաբանել: Վարկածներից մեկը հետեւյալն է. մի անգամ ենք ապրում, արի այս հիմարությունն էլ անեմ, գուցե այն ինձ մի քանի րոպե հաճույք պատճառի: Սակայն ճիշտ մեկնաբանությունն այն է, որ փողերը, մեքենաները, տները, ծառաներին, փառքը մենք չենք կարող մեզ հետ տանել գերեզման: Չնայած որոշ մշակույթներում, օրինակ՝ Հին Եգիպտոսում այլ կարծիքի էին եւ նմանատիպ բոլոր «պարագաները» դնում էին հարուստների դամբարան: Բայց դա, իմ կարծիքով, զավեշտալի սովորություն է:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    Մի խոսքով՝ պատրաստ եղեք մահվան կամ մեռնելուն:
    Մեքենաները, տները, ծառաներին վաճառեք, փառքը գրավ դրեք, փողերը (հարստությունը) հավաքեք ու հանձնեք ժառանգներին:
    Ժառանգներին ուղարկեք էս ախարհից հեռու ու ազատ շունչ քաշած կարող եք մեկնել դամբարան:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031