Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարազգիներն ու հայերը ԱՄՆ-ում արեւմտահայերեն են երգել

Օգոստոս 02,2018 12:30

Բրուքլինի «Աստղիկներ» վոկալ մանկական երգչախումբը հիացրել է ամերիկացիներին ու եկել Հայաստան:

2015 թվականից Բրուքլինի (ԱՄՆ) կիրակնօրյա հայկական դպրոցին կից գործում է «Աստղիկներ» վոկալ մանկական երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավար և խմբավարն է Երեւանի պետկոնսերվատորիայի շրջանավարտ Մարիա Սահակյանը: «Առավոտի» հետ զրույցում նա մանրամասներ ներկայացրեց երգչախմբի վերաբերյալ: Երգչախմբի անդամները 4-18 տարեկան են: Տիկին Սահակյանը հայտնեց, որ «Աստղիկների» առաջին ելույթը կայացել է Նյու Յորքի Սուրբ Վարդան մայր տաճարում, որից հետո երգչախմբի ելույթները շարունակվել են Նյու Յորքի հայկական այլ հաստատություններում, երգչախումբը հաջողությամբ հանդես է եկել նաեւ Ֆիլադելֆիա քաղաքում:
«2017թ. հունվարի 5-ին Սուրբ Վարդան մայր տաճարի հանդիսությունների դահլիճում երգչախումբը ներկայացավ բեմականացված նոր համերգային ծրագրով, իսկ ապրիլի 16-ին հանդես եկավ Սուրբ Հարության տոնին նվիրված Պատարագին: 2017թ. հոկտեմբերի 13-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի բարձր հովանու ներքո «Առաջին անգամ համաշխարհային բեմում» հայ-ամերիկյան մշակութային նախագծի շրջանակներում 2017թ. հոկտեմբերի 13-ին Բրուքլինի «Մաստեր» թատրոնում գրեթե ութ տասնամյակ տեւած դադարից հետո մենք ներկայացրինք Բարսեղ Կանաչյանի «Աբեղան» օպերան: «Աբեղայի» իրականացմանը  «Աստղիկներից» բացի, մասնակցում էր Նյու Յորքի «Շուշի» պարախումբը: Օպերային երեխաների մասնակցության թիվը անցնում էր գրեթե 50-ը: Ընդ որում, մասնակիցները ոչ միայն հայ, այլեւ Նյու Յորքում բնակվող ռուս, վրացի, չինացի, հրեա 5-16 տարեկան երեխաներ էին»,-հայտնեց «Աստղիկների» գեղարվեստական ղեկավարը: Հավելեց, որ այդ ձեռնարկը յուրօրինակ մշակութային խաչմերուկ էր ազգերի միջև, որտեղ այլազգի երեխաները հայ երեխաների հետ միասին երգում էին արևմտահայերեն: «Աստղիկների» գեղարվեստական ղեկավարը նշեց, որ Բարսեղ Կանաչյանի դուստրը՝ 90-ամյա Սեդան, եւս ներկա է եղել «Աբեղան» օպերայի ներկայացմանը:
Մարիա Սահակյանը տեղեկացրեց, որ «Աստղիկների» մասնակցությամբ օպերայի երաժշտական ղեկավարը եւ կոնցերտմայստերը Քնարիկ Վարդանյանն էր, գլխավոր դերակատարները` Արթուր Բաբայանը, Ալեն Մանուկյանը և Էմիլի Պլախտը: Վերջինս 12-ամյա հրեուհի է: Նախագծի գլխավոր ռեժիսորն էլ  Հայաստանից հրավիրված Գոշ Սարգսյանն էր:

«Ուր էլ լինենք, հայ երգը կմիավորի մեզ» կարգախոսով հանդես եկող երգչախմբի գեղարվեստական ղեկավար Մարիա Սահակյանը թվարկեց երգչախմբի այլ ելույթներ, ի թիվս այլնի՝ նաեւ սպրիլին Թայմ Սքուերում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա միջոցառման մասնակցությունը եւ մայիսին Սուրբ Վարդան մայր տաճարի հիմնադրման 50-ամյակին նվիրված տոնական համերգը: Նրանից նաեւ տեղեկացանք, որ հուլիսի 18-30-ը «Աստղիկները»  մի շարք համերգներ է ունեցել Հայաստանում, այդ թվում՝ Գյումիրում Հովհաննես Շիրազի տուն-թանգարանում, Երևանի երգչախմբային ընկերությունում, Տավուշի մարզում և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Երրորդություն եկեղեցում, որտեղ երգել են Մակար Եկմալյանի «Պատարագը»: Իսկ ընդհանրապես երգչախմբի երգացանկում ընդգրկված են հայ հոգևոր, աշխարհիկ և օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Մարիա Սահակյանը շեշտեց, որ 2014-ից Բրուքլինի հայ համայնքը ղեկավարում է Տիգրան Սահակյանը, ում շնորհիվ Բրուքլինի հայկական դպրոցում ստեղծվել են Բրուքլին-Արմենիա բասկետբոլի թիմը, Լեւոն Արոնյանի անվան շախմատի ակումբը, նկարչական ստուդիա եւ այլն: Ասաց, որ «Աբեղան» օպերան եւս իրականություն չէր դառնա առանց Սահակյան եղբայրների աջակցության։ Նրա հավաստմամբ՝ Տիգրան Սահակյանը աջակցել է նաեւ երգչախմբի հայաստանյան այցին: «Հայրենիքում երգելը, հայրենիքում ներկայանալը շատ ոգևորիչ է , բայց և շատ պատասխանատու»,- ասաց մեր զրուցակիցը:

Մարիա Սահակյանի համոզմամբ՝ իրենց կատարած աշխատանքը կարեւորվում է նրանով, որ խայտաբղետ ու բազմազգ Նյու Յորքիում շատ դժվար է հայերին միավորել, իսկ երգ-երաժշտության միջոցով երեխաներին հնարավոր է մեկտեղել. «Մեր հիմնական առաքելությունը թեւ ու թիկունք լինելն է, հետո նոր միայն համերգները»: Մարիա Սահակյանն ասում է, որ Նյու Յորքի տարբեր դպրոցներում է աշխատում` որպես վոկալի եւ դաշնամուրի ուսուցիչ, ու օտարազգի ծնողները, ծանոթ լինելով իր աշխատանքի արդյունքին,  իրենց ցանկությամբ են երեխաներին հայկական երգչախմբում ընդգրկել: «Ինձ համար դա շատ ոգեւորիչ էր, որ օտարազգի երեխային կարող եմ սովորեցնել մեր երգ-երաժշտությունը: Այդպիսով, ուզում էինք, որ հայկական մշակույթը  այլ ազգի մարդկանց «տներ» մտներ»,- նշեց նա:

Ի դեպ, մեր զրուցակիցը նկատեց, որ «Աստղիկների» Հայաստան գալը կարող էր ձախողվել, քանի որ ՀՀ սփյուռքի նախարարների փոփոխության արդյունքում «Արի տունը» փակվել էր, ստիպված երեխաների բոլոր ծախսերն իր վրա է վերցրել Նյու Յորքի հայկական համայնքի ղեկավարը, քանի որ տոմսերը վաղուց էին գնել, երեխաներն էլ տրամադրված էին:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

01.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031