Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրական կաթը երեխայի առաջին «պատվաստանյութն» է

Օգոստոս 02,2018 14:00

Կառավարությանը կոչ են անում սահմանափակել կաթնախառնուրդների գովազդները

Ըստ վերջին գնահատականների՝ Հայաստանում ծնվելուց հետո կյանքի առաջին ժամվա ընթացքում կրծքով կերակրվում է յուրաքանչյուր 10 նորածնից 4-ը: Քաղաքների համեմատ, այս ցուցանիշը 14 տոկոսով բարձր է գյուղերում լույս աշխարհ եկած փոքրիկների շրջանում: Ծնվելուց հետո կյանքի առաջին 24 ժամվա ընթացքում մեր երկրում կրծքով կերակրվում է յուրաքանչյուր 10 երեխայից 9-ը: Այս մասին հայտնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը:
Մասնագետների վստահեցմամբ՝ նորածինների կյանքի պահպանման համար հույժ կարեւոր է կրծքով կերակրել նրանց ծնվելուց հետո կյանքի առաջին ժամվա ընթացքում: Աղբյուրը վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նոր զեկույցը՝ հայտնում է, որ 78 միլիոն երեխա, այն է՝ յուրաքանչյուր 5-ից 3-ը, կրծքով չի կերակրվում կյանքի առաջին ժամվա ընթացքում, ինչը բարձրացնում է մահվան եւ հիվանդությունների նկատմամբ վտանգը, ինչպես նաեւ մեծացնում կրծքով չկերակրվելու հավանականությունը: Այս երեխաների մեծամասնությունը ծնվում է ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում: Ինչպես զեկույցի փորձագետներն են ասում՝ ծնվելուց հետո կյանքի առաջին ժամվա ընթացքում կրծքով կերակրվող նորածինները շատ ավելի հավանական է, որ կապրեն: «Ծնվելու պահից կրծքով կերակրելը նույնիսկ մի քանի ժամ ուշացնելը կարող է վտանգել կյանքը: Մաշկը մաշկին շփումը՝ կուրծք տալու հետ միասին, նպաստում է մոր կաթնարտադրությանը, այդ թվում՝ կաթնախեժի՝ երեխայի առաջին «պատվաստանյութի», որը չափազանց հարուստ է սննդարար նյութերով եւ հակամարմիններով»,- ասված է զեկույցում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի համոզմամբ՝ երբ խոսքը վերաբերում է կրծքով կերակրման մեկնարկին, ժամանակը հաշվի առնելն ամեն ինչ է.

«Շատ երկրներում այն կարող է նույնիսկ կյանքի ու մահվան հարց լինել:

Այնուամենայնիվ, ամեն տարի միլիոնավոր նորածիններ զրկվում են վաղ կրծքով կերակրման օգուտներից, իսկ պատճառները շատ հաճախ փոփոխման ենթակա են: Մայրերը կրծքով կերակրելու համար պարզապես բավականաչափ աջակցություն չեն ստանում երեխայի ծնունդին հաջորդող վճռական րոպեների ընթացքում, նույնիսկ առողջապահական հաստատություններում բուժանձնակազմի կողմից»:

Ըստ վիճակագրական ցուցանիշների՝ կյանքի առաջին ժամվա ընթացքում կրծքով կերակրման ցուցանիշները ամենաբարձրը Արեւելյան եւ Հարավային Աֆրիկայում են՝ 65 տոկոս, իսկ ամենացածրը՝ Արեւելյան Ասիայում եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներում՝ 32 տոկոս: Ադրբեջանում, Չադում եւ Մոնտենեգրոյում յուրաքանչյուր 10 նորածնից միայն 2-ն է կրծքով կերակրվում:

Մասնագետների վկայությամբ՝ նորածինները կերակրվում են այլ սնունդով, ըմպելիքներով, ինչպես նաեւ կաթնախառնուրդով: Տարածված թյուր կարծիքներն ու սովորույթները, թե՝ կաթնախեժը վնասակար է, մեծահասակների կողմից նորածնին մեղր տալը, բժիշկների կողմից՝ շաքարավազ, ջուր եւ կաթնախառնուրդ պարունակող հատուկ հեղուկներ հետաձգում են մոր եւ նորածնի ամենակարեւոր առաջին շփումը:

Կրծքով չկերակրելուն նպաստող պատճառներից մեկն էլ, ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասնագետների, կեսարյան հատումներով ծննդաբերությունների քանակի աճն է: 51 երկրում իրականացված հետազոտությունը փաստում է, որ կրծքով կերակրումը վաղ սկսելու ցուցանիշները շատ ցածր են կեսարյան հատումով լույս աշխարհ եկած նորածինների շրջանում: Եգիպտոսում կեսարյան հատումով լույս աշխարհ եկած նորածինների միայն 19 տոկոսն է կրծքով կերակրվել ծնվելուց հետո առաջին մեկ ժամվա ընթացքում՝ բնական ճանապարհով լույս աշխարհ եկած նորածինների 39 տոկոսի համեմատ:

Ըստ զեկույցի՝ Եգիպտոսում կրկնակի աճել է կեսարյան հատումով ծննդաբերությունների քանակը՝ 2014-ին 2005-ի համեմատ՝ 20 տոկոսից աճելով մինչեւ 52 տոկոս:

Զեկույցը փաստում է, որ ծննդաբերության ժամանակ հմուտ բուժաշխատողի ներկայությունն իրականում այդքան էլ չի ազդում կրծքով կերակրումը վաղ սկսելու վրա: 58 երկրում 2005-2017 թթ.-ներին ծննդաբերությունների թիվն աճել է 18 տոկոսով, սակայն կրծքով կերակրումը վաղ սկսելը՝ միայն 6 տոկոսով: Շատ դեպքերում նորածիններին մեկուսացնում են իրենց մայրիկներից անմիջապես ծնվելուց հետո, իսկ բուժաշխատողի վերահսկողությունը սահմանափակվում է: Սակայն, օրինակ, Սերբիայում, շնորհիվ ծննդաբերության ժամանակ մայրիկներին տրամադրվող որակյալ խնամքի, 2010-2014 թթ.-ների ընթացքում կրծքով վաղ կերակրման ցուցանիշն աճել է 43 տոկոսով:

Ավելի վաղ իրականացված հետազոտությունները փաստում են՝ ծնվելուց հետո ոչ թե 1, այլ 2-23 ժամվա ընթացքում կրծքով կերակրվող նորածինների շրջանում 33 տոկոսով մեծանում է հավանականությունը, որ նրանք չեն ապրի: Կրծքով ավելի ուշ՝ մեկ օր հետո, կերակրվող նորածինների շրջանում վտանգը կրկնակի ավելի մեծ է:

Զեկույցում կոչ է արվում կառավարություններին, դոնորներին եւ այլ որոշում կայացնողներին իրավական խիստ որոշումներ ընդունել եւ սահմանափակել կաթնախառնուրդի եւ կրծքի կաթի այլ փոխարինիչների գովազդները:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

01.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031