Լրահոս
Օրվա լրահոսը

Մի հարց ունեմ տալու Ռոբերտ Քոչարյանին

Օգոստոս 02,2018 13:30

Չէ, ամենևին այն մասին չէ, երբ 1994 թ. որպես ԼՂ ՊՊԿ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշում կայացրեց «Ազգ», ապա և «Երկիր Նաիրի» թերթերում տպագրված հոդվածների համար ոչնչացնել ինձ: Պատերազմի տարիներին անցանկալի մարդկանցից ազատվելու համար հարմար ձև էր: Թրը՛խկ… և վերջ: Կամ թե՝ Շուշիի բանտ են տանում, այնտեղ էլ լուծում հարցերը: 1992 թ., երբ Խոջալուի օդանավակայանում ադրբեջանական օմոնականները ինձ ձերբակալեցին, Բաքվի ցուցումով արձանագրություն կազմեցին, ըստ որի ինձ Շուշիի բանտ պետք է տանեին: Հասկանալի է, որ այնտեղից ես երբեք կենդանի դուրս չեմ գա: Եթե ադրբեջանցիների համար ինձ ոչնչացնելու առիթը իմ գործունեությունն է, ապա Ռոբերտ Քոչարյանի համար պատճառը իր ու ՀԾՎ պետ Լեոնարդ Պետրոսյանի հանցագործությունը՝ զոհված ազատամարտիկների երեխաների օգնության լոսանջելեսցի օրթոպեդ Վարդգես Նաջարյանի հիմնած հիմնադրամի գումարների յուրացման իմ կողմից բացահայտումն էր: Իսկ մինչ այդ Ռոբրետ Քոչարյանը անվանի բժշկին ու հասարակական գործչին արգելել էր Արցախ մուտք գործել: Ինձ հեռացրին ՀԾՎ-ում աշխատանքից, որտեղ զբաղված էի Դաղստանից դեպի Բաքու երկրորդ ճակատի բացման գործով:

Պարզելու համար, թե ինչու է ԼՂ ՊՊԿ նախագահը նման որոշում կայացրել, լեդի Քոկսի խմբի հետ Ստեփանակերտ մեկնեցի: Ինձ հետագայում Զորի Բալայանը պատմեց, որ երբ Լեոնարդ Պետրոսյանի հետ Ռոբերտ Քոչարյանի մոտ էին մտնում, դեռ դռան մոտ Ռոբերտը հարցրեց` «Բակուրին Շուշի տարա՞ք»: Լեոնարդը ինչ-որ բան էր քրթմնջացել, իսկ Զորին ասել էր. «Եթե Բակուրի հետ մի բան պատահի, իմացեք, որ մեր ժողովուրդը դա չի ների ձեզ, առավոտյան կգա ու կսրբի կտանի այն ամենը, ինչ ձեռք ենք բերել այս քանի տարիներին»:

«Դե հա, մենք էլ ենք դրանից վախենում», -պատասխանել էր Ռ. Քոչարյանը:

Ես առանց որևէ խոչընդոտի կամ վախի հաճախ էի Արցախ գնում, մտածելով, որ հենց վախն էլ կարող է կործանել ինձ: Եթե ես հենց սկզբից Արցախ չգնայի ու բացատրություն պահանջեի, երևի թե հարցը այլ կերպ լուծվեր: Այդ որոշումից երեք ամիս հետո միայն ՀԾՎ պետ Ղևոնդյանը իր մոտ է հրավիրում և հայտնում, որ Ստեփանակերտի զանգով իմ նկատմամբ որոշումը հանված է, ու այլեւս ազատ եմ: «Ուզում եք ասել՝ նորի՜ց ծնվեցի», -հարցրի ես: «Հա, այդպես է ստացվում»,- պատասխանեց Ղեվոնդյանն ասելով` «Ինձ հանձնարարել են՝ տեղյակ պահել քեզ այդ մասին, գիտես, ես դրա հետ կապ չունեմ»:

Հիմա ես շարունակում եմ գոյատևել, գրում եմ, նկարում, հասարակական այլ ծրագրեր իրականացնում, ապրում պետության, ազգի, աշխարհի հոգսերով:

Իմ հիմնական հարցը ոչ էլ «մարտի1-ի», կամ թե՝ «հոկտեմբերի 27-ի» հետ է կապված: Չեմ ասում, թե դրանք ինձ քիչ են հետաքրքրում: Ընդհակառակը, դրանք երկրի համար ճակատագրական իրադարձություններ են: Հարցս ոչ էլ իմ հիմնած «Շուշի» ԲՀ նկատմամբ Ռ. Քոչարյանի և քաղաքապետ Երվանդ Զախարյանի վարմունքն է, երբ ստեղծեցին «Շուշիի վերածնունդ» հիմնադրամը, սեփականացնելով իմ ծրագրերը, քաղաքապետարանի «Երևան» հիմնադրամի հսկայական գումարները «լվանալով» նոր հիմնադրամի միջոցով, փոշիացրին ամենը, իսկ Շուշի բերդաքաղաքը շատ քիչ բան ստացավ: Երբ ես հոգաբարձուների խորհրդում խոսեցի այդ մասին, նույն օրը իմ անունը հանեցին հոգաբարձուների խորհրդի կազմից: Հետագայում, զգալով վտանգը, փակեցին այդ հիմնադրամը՝ ոչնչացնելով հանցագործության հետքերը:

Իմ հարցը Ռոբերտ Քոչարյանին հետևյալն է. լինելով պաշտոնատար անձ, նրան որպես եկամուտ է հանդիսացել աշխատավարձը, ինչպե՞ս է կարողացել տիրանալ հարյուրավոր միլիոնների արժողության Քաջարանի պղնձա-մոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 90%-ին: Չէ՞ որ, եթե նա աշխատավարձը հարյուր տարի էլ հավաքեր, այն չեր հերիքի այդ գործարքի համար: Ոչ մի իրավունք չուներ չարաշահելով պաշտոնական դիրքը, տիրանալ համաժողովրդական ունեցվածքին: Նախագահի կողմից օրենքի խախտումը օրինակ է դարձել հազարավոր պաշտոնյաների համար: Կոռուպցիան ամենաթողության պայմաններում մտածելակերպ է դարձել, որից ազատվելու համար ավելի մեծածավալ աշխատանք ու ներդրում է պահանջվում:

Ես ցավում եմ, որ ԼՂՀ և ՀՀ նախկին նախագահը, որը զգալի ավանդ ունի Արցախում պետականության ստեղծման գործում, երկրում ոչ թե կոռուպցիայի արգելակողն էր, այլև նրա ծաղկման առաջնորդը, նպաստելով օլիգարխիայի՝ իշխանությունների հետ սերտաճմանը:

Սակայն և ողջունում եմ նոր իշխանություններին, որոնք իրավական երկիր ստեղծելու համար ոչ մի արգելքի առաջ կանգ չեն առնում՝ մինչև իսկ պետական ամենաբարձր պաշտոնյայի կալանավորումն ու մեղադրանք հարուցելը: Սա միանգամայն նոր փուլ է Հայաստանի համար:

Ես ամենևին ուրախ չեմ, որ ԼՂՀ և ՀՀ նախկին նախագահը ճաղերի ետևում է հայտնվել: Սակայն ցանկանում եմ, որ կոռուպցիա երևույթը, որ մարդկանց մեջ հաջողակ ապրելու մտածելակերպ է դարձել: Հանրության ամեն մի անդամ պետք է հասկանա և ընկալի, որ երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար, սկսած աղբանոցում քչփորողից մինչև երկրի նախագահ, միակ շահը համընդհանուր շահի, ուժեղ պետություն ստեղծելու մեջ է: Իսկ դրա առաջին թշնամին կոռուպցիան է:

Բակուր Կարապետյան

«Առավոտ» օրաթերթ, 

01.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031