Լրահոս
Օրվա լրահոսը

Նախամարտիմեկյան խաղաղ ցույցերը, 0038 հրամանն ու բանակը

Օգոստոս 02,2018 12:00

Սկիզբը՝ այստեղ:

«Քոչարյանը դուրս է եկել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներից»

Մարտի 1-ի իրադարձություններում բանակի ներգրավման, արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն կա՞ր: Սրանք ամենաշատ քննարկված հարցերն են՝ 2008թ. Մարտի 1-ից ի վեր:

2010թ. մայիսին Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրած փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի հրապարակած 5-րդ զեկույցում անդրադարձ կար արտակարգ դրության ժամանակ բանակի ներգրավման հակասահմանադրականությանը:

2008թ. մարտի 1-ին ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը հրամանագիր էր ստորագրել Երեւան քաղաքում 20 օր ժամկետով «Արտակարգ դրություն հայտարարելու մասին»: Հրամանագրի ընդունումը պատճառաբանեց ՀՀ սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու եւ բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նկատառումներով: Հրամանագիրը ստորագրելիս Քոչարյանը ղեկավարվել է ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետով եւ 117-րդ հոդվածի 6-րդ կետով: ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն. «Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի ու վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ եւ այդ ամենի մասին ուղերձով դիմում է ժողովրդին: Արտակարգ դրություն հայտարարելու դեպքում իրավունքի ուժով հրավիրվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով»:

Արտակարգ դրություն հայտարարելու մասին 01.03.08թ. հրամանագրով արգելվել են ժողովների, հավաքների, ցույցերի, երթերի եւ այլ մասսայական միջոցառումների իրականացումը, զանգվածային լրատվամիջոցների ազատ գործունեությունը, գործի են դրվել բազմաթիվ այլ սահմանափակումներ ու արգելքներ: Նույն հրամանագրի 3-րդ կետով արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը վերապահվել է ՀՀ ոստիկանությանն ու ՀՀ պաշտպանության նախարարությանը: «Որպեսզի ակնհայտ դառնա այն իրողությունը, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը պաշտպանության նախարարությանը վերապահելով` ներգրավվել են ՀՀ Զինված ուժերը, վկայակոչենք 2008թ. մարտի 1-ի դրությամբ գործող Պաշտպանության մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը: Զինված ուժերը ներառում են պաշտպանության նախարարության զորամասերի, զորախմբերի, զորամիավորումների, զինվորական կառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների, ռազմաուսումնական հաստատությունների ամբողջական համակարգը: Վկայակոչված օրենքի դրույթը լիովին բավարար է եզրակացնելու համար, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը ՀՀ պաշտպանության նախարարությանը վերապահելը նույնական է զինված ուժերին վերապահմանը: Իսկ «զինված ուժեր» ասվածը բանակն է»:

Զեկույցի հեղինակները եզրակացնում էին, որ վկայակոչված սահմանադրական նորմերի համադրումից ու ուսումնասիրությունից միանշանակ հետեւում է, որ ՀՀ նախագահի 01.03.2008թ. «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրում որպես ղեկավարման իրավական հիմք նշված ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետը եւ 117-րդ հոդվածի 6-րդ կետը ՀՀ նախագահին ՀՀ զինված ուժերի կիրառման կամ գործադրման լիազորությամբ չեն օժտում: Այսինքն՝ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ զինված ուժերի գործադրման որոշում կարող էր ընդունվել միմիայն հանրապետության վրա անմիջական հարձակման կամ դրա անմիջական վտանգի առկայության, կամ պատերազմ հայտարարվելու դեպքում, այն էլ` ռազմական դրություն հայտարարելու պարագայում (ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետ):

Հետեւաբար զեկույցի հեղինակները եզրակացրել էին. «Ակնհայտ է, որ արտակարգ դրություն հայտարարելիս զինված ուժերի կիրառման, գործադրման բոլոր սահմանադրական-իրավական հիմքերն իսպառ բացակայել են: Հետեւաբար նախագահ Ռ. Քոչարյանը արտակարգ դրություն հայտարարելու մասին 01.03.2008թ. հրամանագրով աներկբա դուրս է եկել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներից, կատարել է գործողություններ, որոնց համար լիազորված չի եղել ոչ Սահմանադրությամբ, ոչ էլ օրենքներով: Արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրով Երեւան քաղաքում մտցրել է ռազմական դրությանը հատուկ սահմանափակումներ, բանակը ներգրավել է ներքաղաքական գործընթացներում, կատարել է իշխանազանցություն, ինչը հանգեցրել է ծանր հետեւանքների` առնվազն 10 մարդ է սպանվել, հարյուրավորները վիրավորվել են, ՀՀ քաղաքացիներին, կազմակերպություններին ու պետությանը պատճառվել է միլիոնավոր դրամների վնաս, ճնշվել ու խափանվել է հազարավոր ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների ու ազատությունների խաղաղ իրականացումը»:
Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրած փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը նկատել էին, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին 01.03.2008թ. ՀՀ նախագահի հրամանագիրը չի մանրամասնել զինված ուժերի եւ նրա ստորաբաժանումների օգտագործման նպատակները, խնդիրները, կարգը, պայմանները, եղանակները: «Ի կատարումն նախագահի նշված հրամանագրի` զինված ուժերի ստորաբաժանումների կիրառման դետալացված որոշումը, հավանաբար, կայացրել է կամ ՀՀ պաշտպանության նախարարը, կամ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը»:

ԶՈՒ-երը նախապատրաստված ու ներգրավված են եղել հետընտրական քաղաքական զարգացումներին

ՓԽ զեկույցի՝ Բանակի մասնակցությունը հետընտրական գործընթացներին` մինչ Արտակարգ դրություն հայտարարելու մասին 01.03.2008թ. ՀՀ նախագահի հրամանագիրը դրույթից հայտնի էր դառնում, որ եղել են բազմաթիվ փաստաթղթեր, լուսանկարներ, տեսաձայնագրություններ եւ այլ ապացույցներ, որոնք հիմք են տվել պնդելու, որ մինչ Արտակարգ դրություն հայտարարելու մասին 01.03.2008թ. ՀՀ նախագահի հրամանագիրը, ՀՀ զինված ուժերի կառավարման մարմիններն ու ստորաբաժանումները արդեն իսկ նախապատրաստված ու ներգրավված են եղել հետընտրական քաղաքական զարգացումներին ու նաեւ մարտի 1-ի ցերեկվա ու երեկոյան իրադարձություններին:

Ըստ զեկույցի՝ 2008թ. փետրվարի 23-ին ՌԴ սահմանապահ զորքերի, ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչները այցելել են Երեւանի Հաղթանակ զբոսայգի ու ծաղիկներ դրել Անհայտ զինվորի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Ի պատասխան լրագրողի հարցի` ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը մասնավորապես ասել է. «Բանակը չի զբաղվում քաղաքականությամբ եւ կատարում է իր առջեւ դրված խնդիրներն ու առաջադրանքները»: Սակայն հետագայում բացահայտվել էր, որ ՀՀ Պնախարարը հենց այդ նույն օրը` 23.02.2008թ.-ին, ստորագրել է հույժ գաղտնի 0038 հրամանը (հրամանի քաղվածքը հրապարակվել է մամուլում): Այս հրամանի ի հայտ գալու կապակցությամբ 2010թ. մայիսի 4-ին ՊՆ-ի կապիտալ շինարարության վարչության նախկին պետ, գնդապետ Արմեն Սարգսյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, իսկ նույն վարչության ինֆորմացիոն խմբի ղեկավար Լյուսյա Այվազյանը` 1 տարվա ազատազրկման:

Ըստ այդ հրամանի՝ սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը փետրվարի 23-ին, ժամը 18.00-ից, տեղափոխվել է զորանոցային վիճակի, ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծվել են սպայական խմբեր, որոնց զինել են տաբելային զենքերով: Երեւանի կայազորի պետ, Պնախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յու. Խաչատուրովի հետագա գործունեության ապահովման նպատակով ստեղծվել է կայազորի պետի վարչակազմ: Կայազորի պետ Յու. Խաչատուրովի տեղակալներ են նշանակվել ՀՀ զինվորական կոմիսարը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը, ՀՀ ԶՈՒ հետախուզության վարչության պետը, անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետի տեղակալը, ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պետը, ՀՀ ՊՆ սպառազինության վարչության պետը: Կայազորի պետի օգնականներ են նշանակվել ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության ռեժիմի վարչության պետի տեղակալը, իրավական աշխատանքների գծով ՀՀ ՊՆ վարչական ապարատի իրավաբանական վարչության պետը: Կայազորի կապի պետ է նշանակվել ՀՀ ԶՈՒ ԳՇ կապի եւ ԱԿՆ-ի վարչության պետի տեղակալը, կայազորի բժշկական ծառայության պետ` ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետը: Երեւանի կայազորի պետի աշխատավայրը սահմանվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի մասնաշենքում:

Նույն հրամանով ՀՀ ՊՆ ԿՇ եւ ԶԲ վարչության պետին հանձնարարվել է. ըստ զորամիավորումների հայտերի կամ Երեւանի կայազորի պետի ցուցումի տրամադրել ստեղծվող (ժամանող) ստորաբաժանումներին անհրաժեշտ նյութական միջոցներ` ապահովելով նորմալ կենցաղային պայմաններ: Որպես հրամանի հասցեատերեր նշվել են ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, ՀՀ ՊՆ եւ ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների պետերը, ՀՀ զինվորական կոմիսարը, պաշտպանության բանակի բանակային կորպուսների, զորամասերի հրամանատարները, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետը:

Հրամանի հրապարակված կետերի ուսումնասիրությունից ու վերլուծությունից ՓԽ-ի անդամները հանգել էին հետեւյալ եզրակացությունների. «ա) Նախ, ինչպես հայտնի է, փետրվարի 23-ին ՀՀ վրա զինված հարձակում չի իրականացվել, չի արձանագրվել նաեւ զինված հարձակման անմիջական վտանգ, առավել եւս` որեւէ պետություն Հայաստանին պատերազմ չէր հայտարարել: Ավելին, երկրում ռազմական դրություն հայտարարված չէր: Ուստի ՀՀ Պնախարարի զինվորական կառավարման նոր կառույցի ձեւավորման, ստորաբաժանումների տեղաշարժի որեւէ հրաման չէր կարող հիմնավորվել «Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով» ձեւակերպմամբ: բ) ՊՆ թիվ 0038 հրամանը բացարձակ հակասահմանադրական, հակաօրինական է, որով պաշտպանության նախարարն ինքնագլուխ իրավունք է վերապահել ինքն իրեն Երեւանում ձեւավորելու զինվորական կառավարման նոր մարմին, որին ենթարկեցրել է ՊՆ-ի եւ ԶՈՒ ԳՇ-ի գրեթե բոլոր կարեւորագույն վարչություններն ու բաժինները, ընդունել է զինված ուժերի ստորաբաժանումների կիրառման որոշում: Պատահական չէ, որ հրամանում վկայակոչված չէ ոչ Սահմանադրության, ոչ էլ Պաշտպանության մասին ՀՀ օրենքի որեւէ նորմ կամ դրույթ: գ) Պնդում ենք, որ այս հրամանի եւ ԶՈՒ ստորաբաժանումների տեղաշարժի մասին ՀՀ նախագահը չէր կարող անտեղյակ լինել: Առավել հավանական է, որ այդ հրամանն արձակվել է նրա բանավոր կարգադրության հիման վրա: Կարծում ենք, որ Ռ. Քոչարյանի մոտ այդ հրամանի գաղափարը հասունացել է փետրվարի 23-ին` բարձրագույն զինվորական կազմի մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ, ինչի մասին տեղեկացրել է պաշտոնական լրատվությունը: դ) Հրամանի մեջ զինված ուժերի ստորաբաժանումների վերաբերյալ օգտագործված է 2 ձեւակերպում կամ հասկացություն՝ «ստեղծվող» եւ «ժամանող»: Սա կարող է նշանակել միայն մեկ բան. ՀՀ ԶՈՒ որոշ ստորաբաժանումներ, ըստ 0038 հրամանի (հատուկ նշանակության, պայմանագրային, ռազմական տեխնիկայի եւ այլն), Երեւան են տեղափոխվել առանց կառուցվածքային փոփոխություններ կրելու: Մնացած զորամիավորումներին ու զորամասերին հրամայված է եղել պահանջված քվոտայի շրջանակներում անձնակազմից ձեւավորել, «ստեղծել» նոր ստորաբաժանումներ ու խմբեր, այնուհետեւ գործուղել Երեւան: ե) Հավանաբար, ՊՆ 0038 հրամանով Երեւան ժամանած ստորաբաժանումների սպառազինության, հանդերձանքի, սննդի եւ այլ հարցերով համապատասխան հանձնարարականներ են տրվել թիկունքի, սպառազինության վարչություններին, քանի որ ԿՇ եւ ԶԲ վարչության համանման հանձնարարականն առկա է եղել հրամանի քաղվածքում»:

Զեկույցի հեղինակներն արձանագրել էին նաեւ, որ 0038 հրամանը ստորագրելու ժամանակ` 2008թ. փետրվարի 23-ին, Երեւանի Ազատության հրապարակում 3 օր շարունակ ընթանում էին բազմահազարանոց խաղաղ հանրահավաքներ, որոնց մասնակիցները պահանջում էին քվեարկության արդյունքների վերահաշվարկ կատարել. «Փաստորեն, մինչեւ ՀՀ նախագահի 01.03.2008թ. «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հակասահմանադրական հրամանագրի ընդունումը, ՀՀ պաշտպանության նախարարի վերը նշված ապօրինի հրամանով բանակն արդեն կազմ ու պատրաստ ներգրավված էր քաղաքական իրադարձություններին: Զինված ուժերի բազմաթիվ ստորաբաժանումներ դուրս էին բերվել տեղակայման հիմնական վայրերից եւ տեղափոխվել մայրաքաղաք կամ հարակից բնակավայրեր: Սահմանային զորամիավորումներից ստեղծվել-կազմավորվել էին առանձին ստորաբաժանումներ ու խմբեր, տեղափոխվել ու տեղակայվել Երեւանում կամ նրա մերձակայքում (Չարբախի զորահավաքակայան, բանակի սպորտային բազա, Բալահովիտի զորամաս եւ այլն)»:

Սկիզբը՝ այստեղ:

Շարունակությունը՝ օգոստոսի 2-ի տպագիր «Առավոտում»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,  01.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031