Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 30-ի որոշմամբ Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Ռուդոլֆ Սարգսյանը պարգեւատրվել է։ Մեկ այլ որոշմամբ էլ՝ Ռուդոլֆ Սարգսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Ի դեպ, հանրապետական Սարգսյանը ժամանակին Կապանի նախկին քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի տեղակալն էր։ Ունենալով բարեկամական կապեր «Լիսկայի»՝ Սուրիկ Խաչատրյանի հետ նա նշանակվեց Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար։ Սակայն Սյունիքի մարզպետի պաշտոնից Խաչատրյանի հրաժարականից հետո Ռ. Սարգսյանը շարունակեց աշխատել նոր մարզպետի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին գլխավոր տնօրեն Վահե Հակոբյանի հետ:
Քաղծառայողի իր աթոռը հանրապետական գլխավոր քարտուղարը կարողացավ պահել մինչեւ օրս։
Ի դեպ, ըստ zangezur.tv-ի տեղեկությունների՝ Ռուդոլֆ Սարգսյանը նշանակվել է ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի խորհրդական։
Նկատենք որ Սյունիքի նորանշանակ ԲՀԿ-ական մարզպետ Կարեն Համբարձումյանը դեռ կադրային փոփոխություններ չի արել։ Անգամ նրա քարտուղարուհիները նախկին մարզպետ Վահե Հակոբյանի օրոք են անցել աշխատանքի։
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ