Սոցցանցերում եւ փորձագիտական շրջանակներում ակտիվ քննարկվում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանի երեկվա հայտարարությունը, թե՝ «այդ տարածքներն Արցախինը չեն, դրանք գրավյալ տարածքներ են»: Խոսքն այն տարածքների՝ յոթ շրջանների մասին է, որոնց ճակատագիրը դրված է բանակցային սեղանին:
Aravot.am-ը տիկին Թադեւոսյանի բնորոշման մասին կարծիք հարցրեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանից: «ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որ դա ՀԱԿ-ի պաշտոնական կարծիքը չի արտացոլում, դա տիկին Թադեւոսյանի անձնական կարծիքն է: Իսկ իմ անձնական կարծիքով՝ տիկին Թադեւոսյանը գուցե խոսքի վրիպակ է թույլ տվել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Աբրահամյանը:
Ինչ վերաբերում է նշյալ տարածքների շուրջ «Կոնգրեսի» դիրքորոշմանը, նա նշեց, որ դա քննարկման ծավալուն եւ ընդգրկուն թեմա է:
Հիշեցնենք, որ 2017թ. ԱԺ ընտրություններում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը հանդես էր գալիս «խաղաղության ծրագրով», որով դաշինքը կողմ է հանդես գալիս Արցախյան հակամարտության լուծման փոխզիջումային տարբերակին՝ հայտնի «Մադրիդյան սկզբունքներին»: ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն այդ ժամանակ հայտարարել էր. «Պահում ենք Ղարաբաղը, Քարվաճառը եւ Լաչինը: 97 թվին համաձայնել էին, հիմա էլ կհամաձայնեն: Դա է պլանը: Մուկն ու կատու չենք խաղում, սա դիվանագիտություն է: Խաղաղապահ զորքեր են բերվելու՝ ազատված գոտիներում տեղակայվելու: Լուծումը դա է: Դրանից հետո 30-50 տարի կտեւի, մինչեւ հայերը եւ ադրբեջանցիները կվերականգնեն նորմալ կապերը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ