«Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը. խոստանում և խաբում է, բռնում է: Սաշիկին էլ բռնեց, հանեց, անմեղ թողեց, Վաչոյին էլ բռնեց, հանեց, անմեղ թողեց: Նույնը Քոչարյանին» ,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Թալին ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը:
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռքի գործիքն է. «Նիկոլով ուզում են գերեզմանաքար դնել ժողովրդի վրա: Իմ նշած անձինք Նիկոլի հետ պարապել են, հետո նրան բերել են: Նիկոլին հավատալ պետք չէ, նա հայ ժողովրդի համար մեծ վտանգ է»:
Պարոն Կարապետյանի կարծիքով՝ այն, ինչ կատարվում է Ռոբերտ Քոչարյանի հետ, կապիկություն է. «Նույն ցեղից է Ռոբերտ Քոչարյանը. ճանաչում ենք նրան: Դա այն Քոչարյանը չէ՞, որ Պողոս Պողոսյանին՝ իմ մարտական ընկերոջը, ծեծելով սպանել տվեց, հետո էլ ասաց՝ հայ ժողովրդի մեջ տղամարդ կա՞, թող գա հետս խոսա: Ես խոսելու եմ իր հետ, ինքը պիտի պատասխան տա: Ի՞նչ վենդետա, դա թատրոն է, որ Ռոբերտ Քոչարյանը չի կարողանում լավ խաղալ»:
Դառնալով մարտի 1-ին և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ սկսած գործընթացներին՝ պարոն Կարապետյանը նշեց, թե սա նման է նրան, որ օգոստոսին գաս ձյան հետք ման գաս: Դիտարկմանը, թե մարտի 1-ին մարդասպանություն է եղել, Սարգիս Կարապետյանն արձագանքեց. «Ես գիտեմ, որ մարդասպանություն է: Բայց միայն Քոչարյանի ժամանակ չի եղել, այլ 90-ականներին՝ երկաթգծի կայարանի դեպքերի ժամանակ: Լևոնը բոլորիս պապերին թալանեց»:
Ամփոփելով Սարգիս Կարապետյանը նշեց, թե իր թվարկած բոլոր անձանց ունեզրկել է պետք. «Իրենց պատասխանատվության կանչել պետք չէ, իրենց ունեցվածքը պետք է խլել: Իրենց բանկերը, գործարանները, հանքերը բոլորը պետք է ազգայնացվեն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ