Այսօր Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ իրենց մանկահասակ երեխաների հետ բողոքի ցույց էին անում: Նրանք երեկվանից ՄԱԿ-ի գրասենյակի մոտ են, եւ վստահեցնում են, որ չեն հեռանալու մինչեւ իրենց խնդիրը չլուծվի:
Իրանի, Թուրքիայի, Աֆղանստանի բողոքի ցույց անող այս քաղաքացիներին ՀՀ միգրացիոն ծառայությունը մերժել է փախստականի կարգավիճակ տալ, իսկ իրենց հայրենիք վերադառնալը, ցուցարարների պնդմամբ՝ վտանգավոր է:
Aravot.am-ի հետ զրույցում Կարիմ Մոլայիբալովն ասաց, որ Իրանի քաղաքացի է, այնտեղ ապրելով ինքն ու կինը կրոնափոխ են եղել, հրաժարվել են Իսլամից եւ ընդունել Քրիստոնեությունը, ինչի համար հալածանքների են ենթարկվել: Այստեղ ընտանիքով՝ կնոջ ու երեք երեխաների հետ բնակվում է օտարերկրացիների համար նախատեսված կացարանում. «Բայց այս ապաստարանում էլ Իրաքի քաղաքացի է ապրում, հիմա էլ նա է իմ տղային հալածում, ծեծում, ուզում էր խեղեր՝ սպաներ: Ծեծում էր, ասում՝ դու շատ կեղտոտ ես: Բայց ապաստարանի տնօրենը մեզ չի պաշտպանում: Հիմա էլ միգրացիոն ծառայությունը մերժեց փախստականի կարգավիճակ տալ»:
Կարիմի պատմելով՝ կացարանում ծեծի առթիվ դիմել է ոստիկանություն, սակայն այստեղից էլ որեւէ օգնություն չեն ստացել. «Ասացին, մի հատ էլ բողոքես՝ կուղարկենք Պարսկաստան, ինչո՞ւ համար: Աղջիկս գնում է դուրս խաղալու, մենք վախենում ենք, մուսուլմանի տղան մեծ քարը վերցնում ու խփում է: Կարմիր խաչին ու ՄԱԿ-ին ասել եմ»:
Կարիմը վստահեցրեց, որ Իրաքի քաղաքացու նման վերաբերմունքի համար ապաստարանի տնօրինությանն էլ դիմել, սակայն վերջինս նույնպես չի միջամտել եւ ոչ մի բանով չի օգնել:
Մանրամասն՝ տեսանյութում
Թուրքիայի քաղաքացի, ազգությամբ քուրդ Օմուր Դուման Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ քրդական կուսակցության անդամ է, եւ, իր իսկ խոսքերով ասած՝ քաղաքական հետապնդման արդյունքում Թուրքիայում ազատազրկման է դատապարտվել, սակայն նա փախել է Թուրքիայից, եւ Հայաստանում ապաստան ստացել. «Բայց եթե վերադառնամ Թուրքիա, իմ կյանքին վտանգ է սպառնում: Ես չեմ կարող Թուրքիա վերադառնալ, թող ինձ այլ երկիր ուղարկեն»:
Մանրամասն՝ տեսանյութում
Աֆղանստանի մի քաղաքացի էլ, իր պատմելով՝ցանկացել է գնալ Գերմանիա, սակայն սխալ ճանապարհով է անցել ու հայտնվել Հայաստանում, նրան նույնպես մերժել են ՀՀ-ում փախստականի կարգավիճակ տալ, եւ ինքն էլ պնդում է՝ չի կարող վերադառնալ հայրենիք, եթե վերադառնա, նրան կսպանեն:
Մանրամասն՝ տեսանյութում
Իրանի մի քանի քաղաքացիներ էլ պնդեցին, որ քաղաքական հետապնդման արդյունքում լքել են երկիրը, նրանք եւս չեն ցանկանում վերադառնալ Իրան, եւ նույնպես վստահեցնում են՝ Իրանում նրանց կյանքը վտանգված է:
Մանսուր Հայաթին եւս Իրանի քաղաքացի է եւ նա նույնպես քաղաքականությամբ է զբաղվել, հանրահավաքներին ելույթ ունեցել ու կրկին քաղաքական հետապնդման ենթարկվել. «Եկա այստեղ, բայց փոշմանեցի, ոչ մի օգնություն չկա: Չեմ կարող վերադառնալ Իրան, գոնե ուրիշ երկիր ուղարկեն»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ