Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Համոզվա՞ծ եք, որ այլ սեռ չկա». Ընտրական օրենսգրքում սեռերի ներկայացվածության հարցի շուրջ կատակում են

Օգոստոս 01,2018 17:00

Այսօր վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի հետ համատեղ քննարկում էր կազմակերպել՝ ՏԻՄ մարմինների ձևավորման կարգավորումների վերաբերյալ առաջարկներ և տեսակետներ հավաքագրելու նպատակով:

Քննարկման ժամանակ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը» ներկայացնող, խոշորացված համայնքներում ներդրումային ծրագրերի համակարգող Դավիթ Ասլանյանը այսպիսի հարց ուղղեց. «Հարցիս միամտությունը թող չզարմացնի, առաջարկված նախագծում գրված է, որ ցուցակներում առնվազն 30 տոկոսը եւ կամ ամեն երրորդը մյուս սեռի ներկայացուցիչ պետք է լինի: Ներողություն անհամեստությանս համար, ինչի՞ մասին է խոսքը՝ կանա՞նց մասին է այդ մյուս սեռը, տղամարդկա՞նց»:

Ներկաները բացատրեցին, որ եթե ցուցակում առաջին երկուսը տղամարդ են, հաջորդը պետք է լինի կին, իսկ եթե առաջին երկուսը կին են, հաջորդը պետք է լինի տղամարդ: Ասլանյանն արձագանքեց. «Իսկ ա՞յլ, համոզվա՞ծ եք, որ այլ սեռ չկա»: Քննարկման մասնակիցները սկսեցին ծիծաղել, իսկ Ասլանյանն ասաց. «Եթե դա ուրախացնելու համար էր՝ լավ, եթե համոզված եք, որ այլ սեռ չկա՝ շնորհակալ եմ»:

Գյումրիի ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանն ասաց, որ ով դառնում է համայնքապետ, իր ողջ ազգուտակին ապահովում է աշխատանքով. «Վանաձորի նախկին քաղաքապետի ընտանիքի տիկնայք համայնքի 7-8 մանկապարտեզների տնօրեն էին: Տեղեր ունենք՝ համայնքապետի մերձավոր ազգականը տեղակալ է, աշխատակազմի ղեկավար է: Օրենքով այս շահերի բախումները կարգավորված չեն եղել»:

Նա ասաց, որ «Ընտրական օրենսգրքում» ՏԻՄ-ի հատվածը քննարկելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքից զատ, թերի բան է ստացվում. «Այդ ամբողջը պետք է կոմպլեքսի մեջ նայել: Հիմա Գյումրիի, Վանաձորի, Երեւանի դեպքում համայնքի ղեկավարը նաեւ ավագանու անդամ է օրենքով: Դա նույնն է, որ երկրի վարչապետը նաեւ լինի ԱԺ նախագահ: 100 անգամ քննադատել ենք, ասել ենք՝ ախպեր, էդ նույնականացումից հեռացեք, խուսափեք, մարդը համ այնտեղ է դիրիժոր, համ այնտեղ, շատ վատ պրակտիկա է սա»:

Բոնուսային համակարգը պահելուն կողմ արտահայտվողները շատ քիչ էին, կարելի է ասել, այդ համակարգին կողմ մասնակիցներ քննարկմանը չկային, ուստի բոնուսները հանելու շուրջ կարծես ձեւավորվեց կոնսենսուս:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031