Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մենք կլանային ներկայացուցիչների մի դուռը փակում ենք, այնպես չլինի, որ հետո մի ուրիշ դուռ բացենք նրանց առաջ». Փոխնախարար

Օգոստոս 01,2018 16:19

Այսօր վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի հետ համատեղ քննարկում էր կազմակերպել՝ ՏԻՄ մարմինների ձևավորման կարգավորումների վերաբերյալ առաջարկներ և տեսակետներ հավաքագրելու նպատակով:

Վարչապետին կից ԸՕ բարեփոխման հանձնաժողովի անդամ, ՔՊ վարչության անդամ Վահագն Հովակիմյանն ասաց, որ իրենց կուսակցության վարչության նիստ են արել եւ ընդհանուր մոտեցումն այն է, որ այս փուլում կտրուկ փոփոխություններից զերծ մնան: Դրան ի պատասխան՝ նույն հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյան ասաց, որ ՔՊ-ի վարչության որոշումներն իրենց համար իմպերատիվ բնույթ չունեն:

Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Դավիթ Գեւորգյանն ասաց, որ կիսում է ՔՊ-ի վարչության նիստում կայացրած որոշումը, որ պետք չի հապշտապ որոշում կայացնել, միանգամից կտրուկ փոփոխություններ կատարել. «Մենք խնդիր ունենք, նոր ԱԺ-ն պետք է իրականում զբաղվի այս փոփոխություններով: Պետք է քաղաքական դաշտը որոշակի տեսք ստանա, այսինքն` հին գործող կուսակցությունները, որոնք տարիներ շարունակ ինչ-որ տրամաբանությամբ են գործել, ընտրություններին մասնակցել են ինչ-որ տրամաբանությամբ, ակնհայտ է, որ նոր իրողությունների պայմաններում նրանք նախկին գործելաոճը չեն կարող ունենան: Արդեն մենք տեսնում ենք, որ այդ կուսակցություններում որոշակի փոփոխությունների տենդենց կա: Իրենք նոր դեմքերով են փորձելու հանդես կան, նոր մոտեցումներով: Ակնհայտ է, որ նոր ընտրություններին, իսկ դա միանշանակ այդպես է լինելու, ընտրակաշառքը, կլանային շահերը, ձայներ հավաքելը տեղ չի ունենալու, մենք ունենալու ենք նոր իրավիճակ, նոր արդյունքներ: Այսինքն, եթե մի մոդել նախկին քաղաքական պայմաններում չի գործել, դա չի նշանակում, որ այդ մոդելը վատն է: Իհարկե, թերություններ կան, փոփոխություններ պետք է լինեն, բայց մենք պետք է հասկանանք՝ եղած մոդելները նոր իրողության պայմաններում ո՞նց են աշխատում, որ նոր մենք գնանք փոփոխությունների: Նաեւ պետք է հասկանանք նոր ստեղծվող կուսակցությունները որոնք են, ինչ փոփոխություններ են ի վերջո լինելու, որ նոր կարողանանք առաջ գնանք: Ինչ վերաբերում է կուսակցություններին, դաշինքներին, քաղաքացիական նախաձեռնություններին իհարկե, պետք է մաքսիմում շատ հնարավորություն տալ մասնակցության համար, բայց, օրինակ, նոր իրողության պայմաններում ինչ տենդենց ենք մենք տեսնում. շատ կուսակցություններ փորձում են ազատվել օդիոզ դեմքերից, հայտնի կլանների ներկայացուցիչներից, այսինքն, քաղաքական նոր իրողությունը ստիպում է կուսակցություններին հրաժարվել այդ մարդկանցից: Մենք այսպես ասած փակում ենք մի դուռը: Եթե մենք կլանային ներկայացուցիչների մի դուռը փակում ենք, այնպես չլինի, որ հետո մի ուրիշ դուռ բացենք նրանց առաջ: Տարբեր քննարկումներ կան, որ ստորագրահավաքի եւ այլ մեթոդերով նախաձեռնություններ կարողանան մասնակցել,, այդ դեպքում Գյումրիում, Վանաձորում կամ մեկ ուրիշ տեղ շատ հանգիստ, եթե օրինակ ինչ-որ կուսակցություն չի ուզում այդ մարդուն վերցնել իր մոտ, այդ մարդը կարող է քաղաքացիական նախաձեռնություն սկսի»:

Քննարկվեց համամասնական ընտրակարգի հարցը՝ ՏԻՄ-ի ընտրությունների դեպքում: Փոխնախարարն ասաց՝ պե՞տք է ամեն համայնք իր ներկայացուցիչն ունենա, թե՞ ոչ. «Մենք ունենք խոշորացված համայնքներ, որտեղ 30 համայնք կա, եթե ամեն համայնքից գոնե 1-2 ներկայացուցիչ լինի, մի հատ ԱԺ կդառնա»:

Ի տարբերություն տարածքային կառավարման եւ զարգացման այս փոխնախարարի, մյուս փոխնախարարը՝ Վաչե Տերտերյանը գտնում է, որ պետք է օր առաջ համամասնական ընտրակարգի հարցը լուծել: Նա ասաց, որ առանց այդ էլ Երեւանի քաղաքապետի, նաեւ խոշոր համայնքներում ընտրությունները, որոնք լինելու են հոկտեմբերի 31-ին, հին ընտրակարգով են լինելու, հետեւաբար կտրուկ փոփոխություն արդեն իսկ չի լինելու:

Գյումրիի ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանն ասաց,որ քրեական եւ այլ կասկածելի տարրերի՝ ԱԺ հայտնվել-չհայտնվելը միայն Ընտրական օրենսգրքով կարգավորվող հարց չէ. «Եթե մոտիվացիան մեծ եղավ այդ խմբերի՝ ավագանիում հայտնվելու, կուսակցություն կստեղծեն, կգնան կհայտնվեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031