Օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 16 արձանագրությունն անդամ պետությունների, այդ թվում Հայաստանի համար, որոնք ավելի վաղ այն ստորագրել և վավերացրել էին: Այս մասին ասվում է ՄԻԵԴ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Հայաստանը այդ արձանագրությունը վավերացրել է դեռ 2017թ. հունվարին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այսուհետ Հայաստանի Սահմանադրական դատարանը և Վճռաբեկ դատարանը կարող են դիմել Ստրասբուրգի Եվրոպական դատարան՝ խնդրանքով տալ խորհրդատվական եզրակացություն այնպիսի սկզբունքային հարցերի շուրջ, որոնք վերաբերում են իրավունքների և ազատությունների մեկնաբանմանը և կիրառմանը:
«Թիվ 16 արձանագրության ուժի մեջ մտնելը կամրապնդի երկխոսությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և բարձրագույն ազգային դատարանների միջև: Սա հիմնարար քայլ է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պատմության մեջ և խոշոր առաջընթաց Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Այն նաև ներկայացնում է նոր մարտահրավեր մեր Դատարանի համար»,- ասել է ՄԻԵԴ նախագահ Գուիդո Ռայմոնդին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ