Այսօր վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի հետ համատեղ քննարկում էր կազմակերպել՝ ՏԻՄ մարմինների ձևավորման կարգավորումների վերաբերյալ առաջարկներ և տեսակետներ հավաքագրելու նպատակով:
Քննարկվեց այն հարցը, թե պե՞տք է ՏԻՄ ընտրությունների ժամանակ անցնել համամասնական ընտրակարգի, պե՞տք է պահպանել բոնուսային համակարգը, թե՞ ոչ:
Առաջարկվեց, որ նախ այն համայնքներում, որտեղ ավագանու ընտրությունները համամասնական ընտրակարգով են անցկացրել, ուսումնասիրություններ արվեն, թե որքանով է այդ համայնքներում ավագանին արդյունավետ գործել. «Գոնե Գյումրիի, Վանաձորի ընտրակարգն ուսումնասիրվի, նոր անցնենք մյուս համայնքներին:
Ախուրյանի համայնքապետն ասաց, որ մարդիկ կան, չեն ուզում որեւէ կուսակցությանն անդամագրվել, ինչո՞ւ հնարավորություն չունենան մասնակցել համայնքի ընտրություններին:
Վարչապետին կից ԸՕ բարեփոխման հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանն ասաց, որ իրենք վարչության նիստ են արել եւ ընդհանուր մոտեցումն այն է, որ այս փուլում կտրուկ փոփոխություններից զերծ մնան. «Այսինքն, Ընտրական օրենսգրքի ՏԻՄ բաժնին վերաբերվող մասում կտրուկ սկզբունքային փոփոխություններից այս փուլում զերծ մնանք եւ ակնկալենք, որ նման փոփոխություններ կնախաձեռնի եւ կիրականացնի ապագա ԱԺ-ն: Այս անցումային փուլում, երբ ՀՀ-ն նախապատրաստվում է ԱԺ արտահերթ ընտրությունների, երբ ԱԺ-ն ու քաղաքական, հասարակական դաշտն իրար չեն համապատասխանում, զերծ մնանք կտրուկ փոփոխություններից»:
Վահագն Հովակիմյանն ասաց, որ իր անձնական կարծիքով, համամասնական ընտրակարգը ավագանու ընտրությունների դեպքում այլընտրանք չունի. «Տարիների փորձը ՀՀ-ում ցույց է տվել, որ երբ ընտրությունները համամասնական ընտրակարգով չեն, բազմամանդատ մեծամասնական ընտրակարգով է իրականացվում, դա ընտրություններն ապաքաղաքականացնում է: Տեղի է ունենում ընդամենը համայնքների մասշտաբով գերդաստանների պայքար: Համամասնական ընտրակարգը այն ապագան է, որը բերելու է զարգացման»:
«Ուրբանլաբ» կազմակերպությունը ներկայացնող Սարհատ Պետրոսյանը ողջունեց ՔՊ վարչության որոշումը, որ կտրուկ փոփոխություններ չպետք է անել: Ըստ նրա, մեծամասնականի նման ընտրակարգ է պետք, հատկապես՝ Երեւանում, միեւնույն ժամանակ պետք է այնպիսի մեխանիզմ մտածել, որ «թաղային հեղինակությունները», «տասովշիկները» չհայտնվեն ավագանիում. «Պետք է կարողանանք ինչ-որ մեթոդով մաղել, սերտիֆիկացման համակարգ մտածել կամ այլ բան»:
Գյումրիի «Կոմպաս» գիտահետազոտական, կրթական կենտրոնը ներկայացնող Ղարիբ Մինասյանն ասաց, որ Գյումրիում համամասնական ընտրակարգը ձեւական բնույթ ունի, որովհետեւ մարդիկ դիմում են ոչ թե խմբակցություններին, այլ ավագանու առանձին անդամների՝ ինչ-ինչ խնդիրների հետ կապված:
Կային կարծիքներ, որ սա ՀՀԿ-ի կողմից ձեւած ու կարած համակարգ է, դրանից օր առաջ պետք է ձերբազատվել եւ համամասնական համակարգի անցնելուց առաջ պետք է հաշվի առնել կուսակցությունների կայացվածության մակարդակը:
Ուշագրավ է, որ վարչապետին կից ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը Վահագն Հովակիմյանին արձագանքեց, որ ինչ որոշում էլ ընդունել է «Քաղաքացիական պայմանագիրը» իր վարչության նիստում, այդ որոշումն իմպերատիվ բնույթ չունի իրենց հանձնաժողովի համար եւ ըստ էության՝ հանձնաժողովն է որոշելու. «Իհարկե, պետք է գործադիրը հավանություն տա, խորհրդարանը դրան պետք է հավանություն տա, բայց, այդուհանդերձ, հանձնաժողովն է որոշելու, թե ինչը փոխել, ինչը չփոխել եւ ինչ անցումային դրույթներով փոխել»:
Հանձնաժողովը, ընդհակառակը, մտադիր է լայնացնել համայնքների ցանկը, որոնք ունենալու են ոչ թե ավագանու անդամի, այլ՝ ավագանու ընտրություններ, այսինքն, մեծ թվով համայնքներում կիրառել այն ընտրակարգը, որը կա Գյումրիում, Վանաձորում եւ Երեւանում. «Ենթադրում եմ, որ 10 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքներում նման ընտրակարգ կսահմանվի: Բացի այդ, հանձնաժողովում կոնսենսուսային պատկերացում կա այն մասին, որ մոտ 4-70 հազար բնակչության համայնքներում արժե ավելացնել ավագանու անդամների թիվը»:
Նա ասաց, որ ակնհայտ հակասություններ կան «Տեղական ինքնակառավարման մարմիների մասին» օրենքի եւ «Ընտրական օրենսգրքի» միջեւ եւ առաջին հերթին այդ հակասություններն են շտկելու. «Բերելու ենք կոռեկտ դաշտ»:
Դանիել Իոաննիսյանն ասաց, որ «Հեղափոխության արդյունքում պետք չի վախենալ հեղափոխական փոփոխություններից, բայց դա չի նշանակում, որ պետք է ափալ-թափալ ինչ-որ գործողություններ անել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ