ԱԺ 41 պատգամավոր անձնական երաշխավորագիր է ներկայացրել՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար:
Aravot.am-ը ՀՀ երկրորդ նախագահի շահերի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանից հետաքրքրվեց՝ այդ հիմքով պատրաստվո՞ւմ են միջնորդություն անել: Փաստաբանը տեղեկացրեց. «Ամենայն հավանականությամբ, այո»:
Ընդ որում, մեր զրուցակիցը նշեց, որ պատգամավորների անձնական երաշխավորությամբ խափանման միջոց կալանքը փոխելու իրավասություն առաջին ատյանի դատարանն այս փուլում չունի. «Այն պետք է ներկայացվի դատախազությանը: Ամենայն հավանականությամբ՝ կներկայացնենք»:
Հովհաննես Խուդոյանը նաեւ հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի վերաքննիչ բողոքն այս պահին ներկայացված է Վերաքննիչ դատարանին. «Այն դեռ պետք է մուտքագրվի»:
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանն օրերս մերժել էր ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանների միջնորդությունը, որով նրանք պահանջել էին Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատել գրավի դիմաց։ Դատարանի այդ որոշումը նրանք առաջիկայում կբողոքարկեն վերաքննիչ ատյանում, երբ բողոքի քննության նիստի օր նշանակվի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ