Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի հիմնադիր պրոդյուսեր Ժիրայր Դադասյանը վերջերս Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ այս տարի չի կայանալու Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնը` ՀՀ մշակույթի նախարարության կողմից չֆինանսավորվելու պատճառով:
Օգոստոսի 1-ին նա «Հայացք» ակումբում կրկին խոսելով փառատոնի մասին, ասաց, որ իրենց բյուջեն ամենափոքրն է եղած փառատոների մեջ` ընդամենը 16 մլն դրամ, չնայած մարզային տարածվածությանը:
Նրա համոզմամբ, մշակույթի նախարարությունում լավ չեն պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը, թեեւ տեսանյութեր էր տարել հանդիպման ժամանակ, որ դիտեին ու կարծիք կազմեին. «Մի քանի օր անց զանգեցին ու ասացին` որ մի 8 միլիոն դրամ տանք, հերիք չի՞: Իսկ դա արդեն լուրջ չէ: Ես առաջարկեցի` նախկինի նման երկու տարին մեկ անել փառատոնը, բայց` նորմալ»:
Ի դեպ, Դադասյանը հայտնեց, որ բացի Ծաղկաձորից ու Դիլիջանից, նախատեսված էր նաեւ այս տարի Իջեւանում անցկացնել մնջախաղի փառատոնը: «Բայց տեսաք, թե ինչ եղավ»,-կատակեց նա: Ծրագրեր կային նաեւ 2018 թ ԱՊՀ մայրաքաղաք ճանաչված Գորիսի հետ կապված, սակայն, հասկանալի պատճառներով, այդ ամենը չիրականացավ:
Անդրադարձ եղավ Մնջախաղի թատրոնի «Պիեռոյի երազը» ներկայացմանը, որով 2019-ին պետք է բացվեր Մնջախաղի թատրոնի նոր շենքը: Ժիրայր Դադասյանը նշեց, որ ներկայացումը ներշնչված է «Էլեկտրիկ-Երեւանի» ցույցերից, հերոսներից մեկն քաղաքացիական ակտիվիստ է, կա նաեւ լրագրողուհու կերպար, ներկայացումն այնպես է կառուցված լինելու, որ ցույցերից տեսակադրեր լինեն: «Ժամանակի բոլոր խորհրդանիշները կան ներկայացման մեջ: Հերոսը, որ ակտիվիստ է, համաձայն չէ այն ամենի հետ, ինչն իրեն շրջապատում է, իսկ թե ինչ է ուզում տեսնել, դա արդեն «երեւում» է երազում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ