«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամ, պատմաբան Գևորգ Յազիչյանը հայտարարեց՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն խախտում է կուսակրոնության, աղքատության, հնազանդության ուխտերը: Ըստ նրա՝ Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջը հիմնավորված է հենց այս հանգամանքով:
«Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այս առիթով պարոն Յազիչյանը մանրամասնեց. «Բազմիցս բարձրաձայնել ենք այն փաստը, որ Գարեգին Բ-ն կենակցել է և ունի առնվազն մեկ զավակ, որի մասին ԶԼՄ-ները նույնիսկ տարիներ առաջ գրել էին: Բազմաթիվ հրապարակումներ են եղել, որ Գարեգին Երկրորդն ունի անձնական մեծ հարստություն՝ Ոսկեհատ գյուղում առանձնատուն և այլ հնարավորություններ շվեյցարական բանկերում: Իսկ հնազանդությունը Աստծո առաջ չենք կարող դատել, բայց գիտենք, որ այդ դեպքում էլ է խախտումներ կատարել»:
Ըստ Գևորգ Յազիչյանի՝ Գարեգին Բ-ն ոչ թե կաթողիկոս պիտի չլինի, այլ ընդհանրապես քահանայագործությունից պիտի դուրս գրվի՝ ըստ մեր եկեղեցական կանոնների:
Անդրադառնալով իրենց հասցեին հնչող մեղադրանքներին, թե պառակտում են Մայր Աթոռը, հայ եկեղեցին, պարոն Յազիչյանը վրդովվեց. «Մենք հայ եկեղեցու պաշտպանն ենք և ցանկանում ենք, որ այն բարեկարգվի ու իր առաքելությունը կատարի մեր պատմության մեջ: Մենք ոչ թե հայ եկեղեցին պառակտում ենք, այլ նախատեսում, որ այսօրվա պառակտյալ իրավիճակը վերջնականապես վերջ գտնի: Նույն Մայր Աթոռում էլ այսօր կա պառակտված վիճակ, որի մասին լռում են մեզ «պառակտող» անվանողները: Մայր Աթոռում տիրում է նաև բռնակալություն, կա մի բռնակալ, որը պատշաճության սահմաններն անցնում և իրեն ամենակարող է համարում: Մեր եպիսկոպոսները շփացնում են այդ բռնակալին: Ի՞նչ է նշանակում կաթողիկոսն անձեռնմխելի է: Վերջիվերջո, Մայր Աթոռը ՀՀ-ում է, որտեղ օրենքի առաջ բոլորը հավասար են, և գահակալի համար որևէ անձեռնմխելիության սահմանված չէ»:
«Նոր Հայաստան նոր Հայրապետ» նախաձեռնության անդամ, կարգալույծ արված աբեղա Արմեն Առաքելյանն էլ պարզաբանեց՝ իր հայտարարությունները այն մասին, թե վերջին վեհափառներից եղել են ԿԳԲ-ի դրածոներ, սխալ են ընկալվել: Նա նշեց. «Ես հատուկ շեշտել եմ, որ Վազգեն Վեհափառը և Գարեգին Առաջինը, լինելով ազգասեր անձինք, մեծ շահ են բերել մեր ազգին, եկեղեցուն: Իսկ այսօրվա կաթողիկոսը լինելով դրածո, ոչ թե պարզապես պետական շահերից ելնելով է դրվել գահին, այլ իր մոլուցքի պատճառով գործի է դրել կաշառք, կեղծիք, բռնություն, պետական լծակներ և հասել գահին: Այս մարդն առաջին օրվանից քանդող գործունեություն է ծավալել հայ եկեղեցում»:
Դառնալով իրեն կարգալույծ անելու մասին որոշմանը՝ Արմեն Առաքելյանը նշեց, թե դա ճնշման միջոց է. «Փորձում է ճնշում գործադրել, թե կարգալույծ կանեմ, այսինքն՝ նաև ֆինանսապես է փորձում ճնշել: Ասում է, թե այնպիսի իրավիճակում կհայտնվեք, որ ստիպված կլինեք ոտքերս ընկնել, ողորմություն խնդրել»:
Նա վստահեցրեց՝ առաջիկայում մի շարք նվիրյալ հոգևորականներ, որոնք Գարեգին Բ-ի «զոհն» են դարձել, իրենց հոգևոր համազգեստով, սքեմով պիտի ներկայանան ժողովրդին և կարողանան գործել. «Սա մեծագույն հարվածը պիտի լինի այդ չկաթողիկոսին, որ հասկանա՝ մարդկանց կյանքի և իրավունքի հետ խաղ անել չի կարելի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Պատվեր կատարող նախկին հոգևորականը……