Այսօր Ավետիք Իսահակյանի արձանի մոտ բողոքի ցույց կազմակերպած կույր եւ տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիները մեկ առ մեկ թվարկեցին, թե որ համայնքում ինչ գույք ունի Կույրերի միավորումը, որի անդամ են: Նրանց խոսքով՝ Կոմիտասի փողոցում, կենտրոնում, մարզերում տասնյակ շենք-շինություններ ունեն, որոնք տարիներ ի վեր տրվում են վարձակալությամբ, սակայն դրանցից ստացված եկամուտները չեն ուղղվում միավորման խնդիրները լուծելուն: Միավորման անդամների խոսքով, այդ տարածքները էժան գներով տրվում են վարձակալության միավորման ղեկավար կազմի հարազատներին, որոնք էլ, չի բացառվում, որ վերավարձակալությամբ են տալիս բարձր գներով: Ցույցի մասնակիցները իրավապահ մարմիններին՝ ոստիկանությանը, ԱԱԾ-ին կոչ արեցին ստուգումներ սկսել իրեն միավորումում եւ, նրանց խոսքով, կոռուպցիոն մեծ գործարքներ կհայտնաբերեն:
«Նախկինում չէինք դիմում, որովհետեւ ցանկացած բողոք կջրվեր՝ կգնար, հիմա վստահում ենք իրավապահ մարմիններին»,-այսպես էին բացատրում իրենց ոտքի կանգնելը «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին, որը եկել էր լսելու կույր մարդկանց խնդիրները:
Արիստակես Մարգարյանի խոսքով, Կույրերի միավորումն ամենահարուստ միավորումներից էր, ուներ առողջարան, ձեռնարկություններ, կոմբինատներ Հայաստանի գրեթե ողջ տարածքում, սակայն այդ միջոցները տարիների ընթացում «փոշիացվել» են: Միավորումը նույնիսկ իր անդամներին բնակարաններով է ապահովել, սակայն ներկայումս այնպիսի «ալան-թալան» է, որ եղած միջոցներից միայն 4-5 մարդ է օգտվում. «Միավորման զարգացման համար բացարձակ ոչինչ չի արվում, հակառակը, անդամների թիվը կրճատում են, երիտասարդներին խոչընդոտում են դառնալ միավորման անդամ,
Մանրամասները՝ տեսանյութում
Բողոքի ցույցի մասնակիցները դժգոհություն հայտնեցին, որ կույր մարդկանց համար չկա աշխատատեղ, քաղաքը հարմարեցված չէ, ինչի պատճառով էլ չեն կարողանում ներառվել հասարակություն: Մինչդեռ նախկինում չտեսնող մարդկանց արտադրած տարբեր պահեստամասեր կամ այլ իրեր անգամ արտահանվել են:
Բողոքի ցույցի մասնակիցների դժգոհությունների առնչությամբ Aravot.am-ը դիմեց Կույրերի միավորման տնօրինությանը: Միավորման փոխնախագահ Մարտին Սարգսյանն ասաց, որ միավորման շենք-շինությունները սահմանված կարգով տրվում են վարձակալությամբ եւ առաջացած միջոցները օգտագործվում են Հայաստանի Կույրերի միավորման կանոնադրության շրջանակներում նախատեսված ծախսերի համար. «Միավորման կանոնադրությունը երբեք թույլ չի տալիս միավորման անդամների միջեւ բաժանել վարձակալությունից առաջացած գումարները, որովհետեւ միավորման կանոնադրությունով, այդպիսի սահմանում չկա: Այդ բոլոր միջոցներն օգտագործվում են կանոնադրական նպատակների համար, հենց միայն միավորման շենք-շինությունները պահպանելու համար միավորումը բոլոր մարզերում ունի ձեռնարկություններ, 35 պահակ է պահում, նրանց վճարվող գումարները արդեն իսկ մեծ թիվ է կազմում»:
Մարտին Սարգսյանի խոսքով, իսկ այն ձեռնարկությունները, որոնք որ աշխատավարձ չեն ստանում, Քաղաքացիական օրենսգրքով, ՍՊԸ-ների մասին օրենքով, միավորումը ձեռնարկությունը ստեղծել է, նա ինքը շահույթ հետապնդող կազմակերպություն է, նա ինքը պետք է աշխատի, կարողանա իրեն պահել:
Aravot.am-ի հարցին, թե բացի պահակներին վճարելուց կթվարկե՞ք էլ ինչ խնդիրների լուծմանն են ուղղվել վարձակալությունից առաջացած գումարները, պարոն Սարգսյանն ասաց, որ բոլոր ձեռնարկություններում ունեն վարչություններ, որտեղ վարչության նախագահ են պահում, վարչության նախագահի քարտուղար, ակումբի վարչի, գրադարանավար, որոնց վարձատրում են կենտրոնացած միջոցների մասհանումներից. «Բոլոր ձեռնարկություններում ունենք գրադարաններ, ակումբներ, որտեղ տպագրվում են բրալյան գրքեր, ձայնագրված գրքեր, միավորումն այդ միջոցներից օգտագործում է նաեւ սպորտային միջոցառումներ կազմակերպելու՝ հանրապետությունում եւ դուրս»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ