Հայաստանը շարունակում է մնալ հետխորհրդային տարածքում քաղաքական նորությունների մատակարարը: Այս գարնանը տեղի ունեցած բուռն իրադարձություններից հետո սկսվել է երկրորդ գործողությունը: Աղմկոտ իրադարձություն դարձավ 1998-2008թթ երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, որը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ, «Ռոսսիյսկայա գազետա» թերթի սյունյակում գրում է քաղաքագետ, Արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահ Ֆյոդոր Լուկյանովը:
Նախկին նախագահի կալանավորումը նախադեպ է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ հետխորհրդային տարածքում: Ռուսաստանում, սակայն, առավել մեծ աղմուկ բարձրացրեց նույն գործով անցնող մեկ այլ պաշտոնյայի նկատմամբ մեղադրանք առաջադրելը՝ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի դեմ, որն այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է: Այսինքն` մեղադրանք գործող միջազգային պաշտոնյայի նկատմամբ, որը զբաղեցնում է բարձր պաշտոն այն ռազմական դաշինքում, որտեղ առաջատար պետությունը Ռուսաստանն է: Վերջին հանգամանքը բազմաթիվ մեկնաբանների հիմք տվեց մտածելու, որ դա մտածված հակառուսական դեմարշ էր Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից:
Սակայն ուսումնասիրել Հայաստանում, ինչպես նաև այլ պետություններում տեղի ունեցողը բացառապես Արևմուտք և Ռուսաստան դիմակայության տեսանկյունից, ինչպես որ վերջին շրջանում անում են բազմաթիվ վերլուծաբաններ, նշանակում է պարզեցնել պատկերը:
Ընդհանուր տարածված միտում է ներքին իրավիճակի գերիշխանությունն արտաքինի նկատմամբ: Հասարակություններում տրամադրությունների փոփոխությունները, դրանց դժգոհությունները վերնախավից քաղաքական գործիչներին դնում են իրենց կուրսը փոխելու անհրաժեշտության առաջ: Եթե նրանք դրան ունակ չեն կամ ի վիճակի չեն արագ և նուրբ ուղղումներ կատարել, ալիքը դուրս է բերում նոր ուժեր: Պատրաստ են նրանք դրանով հանդերձ վարել խելամիտ և պատասխանատու քաղաքականություն թե ոչ՝ կարևոր չէ, մարդիկ պարզապես ձգտում են նոր դեմքերի և նոր կարգախոսների: Այս համատեքստում Թրամփը, Մակրոնը, Սալվինին և Փաշինյանը միևնույն կարգի դրսևորումներն են՝ չնայած միանգամայն տարբեր մասշտաբներով:
Նոր ուժերի համար ամենակարևորն է ցույց տալ քաղաքացիներին, որ իրենք իսկապես կարող են արձագանքել ներքևից եկած պահանջներին: Եթե ոչ՝ աջակցությունն արագ նվազում է (որպես օրինակ՝ Մակրոնի վարկանիշի ռեկորդային անկումը): Եթե այո, ապա տարվող կուրսը վերարտադրում է խոստումերը, ընդդիմադիրների անգամ ամենակործանիչ հարձակումներն ապարդյուն են անցում, ինչի մասին վկայում է վերջին շրջանում իր ընտրազանգվածի մոտ Թրամփի դիրքերի կայունությունը: Ինչ էլ լինի, նոր ալիքի քաղաքական գործիչների հասցեատերը մեկն է՝ սեփական ընտրողը, և նա ուշադրություն չի դարձնում կամ գրեթե ուշադրություն չի դարձնում այն բանի վրա՝ ինչպես են իր գործողություններն անդրադառնում միջազգային հարաբերությունների վրա: Այստեղ էլ Թրամփը ակնհայտ օրինակ է:
ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարի քրեական հետապնդումը Ռուսաստանում ընկալվում է որպես վիրավորական և ցուցադրական քայլ, հնարավոր է, անգամ դրսից նախաձեռնված: Կհամարձակվեմ պնդել, որ նրանք, ովքեր Երևանում նման որոշում են կայացրել, դրա միջազգային հետևանքների մասին եթե անգամ մտածել են, ապա միայն ամենավերջինը: Սեփական քաղաքական լանդշաֆտը վերափոխելու անհրաժեշտությունը՝ կոռուպցիայի դեմ պայքարը, որը Փաշինյանի համախոհների գլխավոր կարգախոսն էր, վաղուց արմատներ գցած քաղաքական կլանների ազդեցությունից ազատվելը (որոնցից ամենահզորներից մեկի հիմնասյունը Քոչարյանն է), «հեղափոխական» իշխանությունների առաջնահերթությունն է: Երբ ղեկավարն իշխանության է գալիս փողոցային ցույցերի արդյունքում, նրա համար իր վճռականության ապացույցներ են հարկավոր: Եվ «կողմնակի ազդեցությունը», ինչպիսին հիմար վիճակում հայտնված ՀԱՊԿ-ն է, ուշադրության չի արժանանում:
Իհարկե, ամեն ինչ վակուումում չի տեղի ունենում և ունի նախապատմություն, այնպես որ խոսել Արևմուտքի ազդեցության մասին, կարելի է, բայց ոչ այնպես, ինչպես ընդունված է տեսնել: Հայաստանի ժամանակակից դինամիկան (և ոչ միայն) ընդհանուր առմամբ ներքին զարգացման արդյունք է: Բայց այդ զարգացումը պայմանավորվել է մի շարք գործոններով, այդ թվում շատ կարևոր՝ արևմտյան գործոնով:
Խորհրդային Միության փլուզումը նորանկախ պետություններում իշխանության էր բերել կամ նախկին կոմունիստական բոնզերի, որոնք իրենց հայտարարել էին «ազգի հայր», կամ ետևում բավականին ամուր դպրոց ունեցող ինտելեկտուալների: Հետո, սակայն տեղի ունեցավ բնական իշխանափոխություն, ինտելեկտուալներն անցան ստվերի տակ, իսկ մտավորականների շարքերում ընտրողները կամ լյումպենիզացվեցին վայրի կապիտալիզմի պայմաններում, կամ գնացին իրենց կարողություններն ու հմտությունները վաճառելու առավել բարեկեցիկ երկրների:
Սերունդը, որի հետ ընդունված է կապել «գունավոր հեղափոխությունները», այն ժամանակի ծնունդ է, երբ երիտասարդ քաղաքական էլիտաների ձևավորվմանն ակտիվ աջակցություն էր ցուցաբերում Արևմուտքը՝ ժողովրդավարության զարգացման բազմաթիվ ծրագրերի միջոցով: Դրանք իրականացվում էին արագացված ռեժիմով և պարզեցված սխեմաներով: Դա առաջ բերեց բազմաթիվ քաղաքական ակտիվիստների, որոնք մերժում էին այն ամենը, ինչ եղել է իրենցից առաջ, օգտագործում էին անհերքելի կարգախոսների հավաքածու՝ նույն կոռուպցիայի, ժողովրդավարության, ազատության, քաղաքացիական հասարակության և այլնի մասին: Եվ, իհարկե, մեծ տեղ էին հատկացնում հակակայսերական պաթոսին, քանի որ 2000-ականներին և 2010-ականների առաջին կեսին արևմտյան հաստատությունները գտնվում էին էքսպանսիայի փուլում և հետևողականորեն աջակցում էին հակառուսական արշավներին:
Այժմ իրավիճակը կրկին փոխվել է: Արևմուտքը ժամանակ չունի. Սեփական խնդիրներն էլ բավականին շատ են և սուր: Սակայն փոփոխությունները, որոնց հիմքը վաղուց էր դրվել, շարունակվվում են: Եվ կարգախոսների նույն հավաքածուն էլ մնում է նորարարների զինանոցում առանց դրսի միջամտության, հատկապես որ օբյեկտիվ քաղաքական մոդելները մի շարք հետխորհրդային երկրներում իրենց սպառել են: Սակայն հեղափոխականների հերթական էշելոնի մոտ պրոֆեսիոնալիզմն ու իրականության ընկալումն ավելի բարձր չեն, քան իրենց նախորդների մոտ, իսկ արտաքին համատեքստը միանգամայն այլ է. սպառվել են ինչ-որ մեկի պայծառ ապագայում ինտեգրվելու հեռանկարները: Հեծելազորի հարձակման մեթոդով հազիվ թե հնարավոր լինի լուծել կուտակված ներքին խնդիրներ:
Դաշնակիցների նկատմամբ ճարպիկ խաղը ակնհայտորեն Հայաստանի օգտին չի լինի: Որքան էլ որ ծանրակշիռ լինեն գեներալ Խաչատուրովի նկատմամբ պահանջները, զբաղվել նման բաներով գնալով աճող աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում՝ նշանակում է խաղալ կրակի հետ: Եվ այն փաստը, որ Երևանի գործողություններում իսկապես որևէ հակառուսական ենթատեքստ կամ դաշնակիցների դեմ դեմարշ անելու ցանկություն չկա, պարտադիր չէ՝ որ դիտվի որպես մեղմացուցիչ հանգամանք: Ինչպես ռուսական ասացվածքն է ասում՝ երբեմն պարզությունը գողությունից էլ վատ է, եզրափակում է Լուկյանովը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ