Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա բացարձակ ճշմարտություն է». Պավլիկ Մանուկյանը պնդում է իր աղմկոտ հայտարարությունը

Օգոստոս 01,2018 14:57

«Սասնա ծռերի» գործով հերթական դատական նիստում այսօր դատավոր Մեսրոպ Մակյանն անդրադարձավ նախորդ նիստում ամբաստանյալներից Պավլիկ Մանուկյանի աղմկոտ հայտարարությանը: Պարզվում է՝ դրա հետքերով՝ ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը նախաձեռնել է այս գործով երկու հանրային պաշտպանների փոփոխության հարցը: Դատավորի փոխանցմամբ՝ ՀՊ գրասենյակը դիմում է ուղարկել առ այն, որ եթե Պավել Մանուկյանը պնդում է իր դիրքորոշումը, ապա նրա եւ մյուս ամբաստանյալներից մի քանիսի շահերի բախման խնդիր է առաջանում, ուստի նույն հանրային պաշտպանը չի կարող նրանց շահերը պաշտպանել միաժամանակ:

Հիշեցնենք՝ նախորդ նիստում Պավլիկ Մանուկյանը բոլորի համար անսպասելի հայտարարություն արեց, թե խմբի անդամներից Էդվարդ Գրիգորյանի «պատահական» կրակոցից է վիրավորվել ոստիկան Գագիկ Մկրտչյանը: Ըստ Պավլիկ Մանուկյանի՝ նա հետագայում մահացել է արյան վարակից (նրա սպանության համար մեղադրվում է խմբի անդամներից Արմեն Բիլյանը, ոչ թե Էդվարդ Գրիգորյանը): Մանուկյանը նաեւ ասել էր, որ ՊՊԾ գնդի տարածքում բանկոմատը «բացողը» Մխիթար Ավետիսյանն է, թեեւ բանկոմատը թալանելու մեղադրանք է առաջադրված խմբի այլ անդամների:

Այսօր դատավոր Մակյանը Պավլիկ Մանուկյանից ճշտեց նրա դիրքորոշումը: Ազատամարտիկն ասաց. «Դա բացարձակ ճշմարտություն է»:

Ըստ այդմ, հանրային պաշտպաններ Արմինե Ֆանյանը եւ Լիանա Գասպարյանը հեռացվեցին գործի վարույթից. նրանց կփոխարինեն Դիանա Ղազարյանն ու Անի Գրիգորյանը:

Դատական նիստը կվերսկսվի մեկ շաբաթից, երբ կշարունակվի տուժող-ոստիկան Խաչատուր Մուրադյանի հարցաքննությունը:

Հիշեցնենք նաեւ, որ Մխիթար Ավետիսյանն ու Էդվարդ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հերքել էին Պավլիկ Մանուկյանի ասածները: Վերջինիս պաշտպաններն անգամ չգիտեն ինչ ասել եւ լրագրողների հարցադրումներին այսօր եւս չպատասխանեցին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հ. Գ. Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության և «Սասնա Ծռեր» խմբավորման անունից այսօր տարածվել է հետեւյալ հաղորդագրությունը. «01.08.2018թ.-ին, «Սասնա Ծռերից» Վարուժան Ավետիսյանի ու մյուսների առանձնացված խմբի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց: Արդեն շուրջ մեկ ամիս է՝ դատավորը տարբեր ձևական ընթացակարգերի պահպանման անվան տակ հետաձգում է դատավարությունը, և խափանման միջոցների փոփոխության չի անդրադառնում, ինչի արդյունքում «Սասնա Ծռերը» ապօրինաբար շարունակում են մնալ անազատության մեջ՝ ռազմագերու կարգավիճակով: Հիմնադիր Խորհրդարանը և «Սասնա Ծռերը» դատապարտում են դատաիրավական համակարգի կամայականությունները, մասնավորապես՝ դատավոր Մեսրոպ Մակյանի ապօրինի գործելակերպը: Տխրահռչակ դատավորին կոչ ենք անում սթափվել և գիտակցել կամայական ապօրինի որոշումների ողջ պատասխանատվությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031