Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Դադասյան. «Մենք նախարարության թատրոնն ենք, առանց նրա շահագրգռության հարցը չի լուծվի»

Օգոստոս 01,2018 14:27

«Մենք չգիտենք, թե երբ կսկսվի եւ երբ կավարտվի մեր տարածքի շինարարությունը: Եթե մի քանի ամիս առաջ մշակույթի այն ժամանակվա նախարար Արմեն Ամիրյանն ասում էր, որ շինարարությունը կսկսվի մայիս ամսին եւ կավարտվի հաջորդ տարվա մայիսին, ու ընդհանուր առմամբ՝ կծախսվի 260 մլն դրամ, որը կառավարության հատկացումն է, մենք էլ պատկերացնում էինք, որ վերջապես կունենանք մեր անկյունը, ապա այսօր չգիտենք. թե ինչ է լինելու: Նախագիծն արված, ավարտված է, բայց այնտեղ կան տեխնիկական խնդիրներ», – օգոստոսի 1-ին «Հայացք» ակումբում մտահոգություն հնչեցրեց Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը` խոսելով թատրոնի կառուցվելիք շենքի մասին:

Aravot.am-ը հետաքրքրվեց` արդյոք թատրոնի շենքի թեմայով խոսե՞լ է մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցի հետ: «Մշակույթի նախարարի հետ չեմ հանդիպել, ծանոթ չենք, առիթ չի եղել խոսելու… Խնդրել ենք, նախարարը չի ընդունել, ընդունել է փոխնախարար Նազենի Ղարիբյանը: Ինքն առաջարկել էր նամակ գրել, մանրակրկիտ շարադրել խնդիրները, ինչը եւ արեցինք: Մեկ ամիս է անցել, սակայն դեռ պատասխան չենք ստացել, թեեւ տիկին փոխնախարարն ասաց, որ խնդիրը պետք է շուտափույթ լուծվի, որպեսզի նման պայմաններում այլեւս չաշխատենք: Ես իրեն հրավիրել էի ներկայացման, եկավ, տեսավ, թե ինչ պայմաններում ենք մենք աշխատում Պատանի հանդիսատեսի թատրոնում… Եթե մեր դահլիճը լիներ, մենք նման բան թույլ չէինք տա»,-պատասխանեց պարոն Դադասյանը:

Նաեւ նկարագրեց, որ հանդիսատեսը սարսափելի պայմաններում է ներկայացում դիտում, իսկ նրանց մեջ մեծ թիվ են կազմում օտարերկրացիները:

«Մենք զուգահեռաբար այս տարի նոր նախագիծ ենք սկսել` «Թատրոն ափի մեջ»: Դա իրականացնում է մեր թատրոնի դերասան, ռեժիսոր Յուրի Կոստանյանը: Մեր փորձասենյակն ամբողջությամբ վերակառուցվել է, օդափոխության հարց լուծվել է եւ փոքրաթիվ հանդիսատեսով` իմպրովիզացիոն ներկայացումներ ենք ունեցել: Երբ սեպտեմբերից սկսենք մեր խաղացանկը, հինգշաբթի օրերին կլինեն ներկայացումները մեծ բեմում, իսկ ուրբաթ օրերին «Թատրոն ափի մեջ»-ն է փորձասենյակում լինելու փոքրաթիվ հանդիսատեսի` մի քսան հոգու համար: Դա շատ կարեւոր նախագիծ է, որովհետեւ դերասանի կարողություններն այդտեղ լիարժեք են երեւում»,-նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Նաեւ շեշտեց, որ Մնջախաղի թատրոնը գործում է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ. «Սա մշակույթի նախարարության թատրոնն է, նախարարությունը պետք է շահագրգիռ լինի, որ հարցը լուծվի, միայն իմ շահագրգիռ լինելով չի: Երբ ես շահագրգիռ եմ լինում, մենք Գրան պրի ենք ստանում, որովհետեւ դա մեր խնդիրն է, մեզանից է կախված, իմ աշխատանքի որակից: Բայց թատրոնի շենքի շինարարությունն ինձանից կախված չէ, պետության թատրոնն է եւ պետությունը պետք է ապահովի դա…Իմիջիայլոց, երբ ես հանդիպեցի փոխնախարարի հետ, մի շատ կարեւոր հարց տվեցի, թե որո՞նք են մեր նոր ղեկավարության, նախարարության առաջնահերթությունները, որովհետեւ նախորդինը գիտեինք, իրենցն էլ էինք ուզում իմանալ: Ինձ ասվեց, որ մի առաջնահերթություն գոյություն ունի` հավասար իրավունքներ ստեղծել բոլորի համար: Ես ասացի` փաստորեն, դուք մեր համար եք եկել: Մեր թատրոնը միակն է, որ երբեք չի ունեցել հավասար իրավունքներ, ուրեմն պետք է առաջին հերթին մեր խնդիրը կարգավորվի»:

Ժիրայր Դադասյանը նշեց, որ դեռ հույսով սպասում են այդ կարգավորումներին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031