«Այդ մարդու հայտարարություններն իրականության հետ աղերս չունեն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: Խոսքը պատգամավորի որդու մասնակցությամբ միջադեպի մասին է, որին անդրադարձել է մամուլը: Ըստ հրապարակումների, պատգամավորի որդին ծեծի է ենթարկել տաքսու վարորդին:
Մինչդեռ Aravot.am-ի հետ զրույցում Տաճատ Վարդապետյանն էլ ներկայացրեց կատարվածի այլ, իր պնդմամբ, իրական տարբերակը. «Տղաս ցանկացել է մեքենան հետ տա, նա (տաքսու վարորդը-Ն. Գ) ազդանշան է տվել, տղաս էլ արձագանքել է ազդանշանով, որ ոչինչ, բան չկա, ինքը զգոն է: Տաքսու վարորդը հետապնդում է տղայիս. մեքենայի ետեւից քշում է մինչեւ բակ, որպեսզի հաշվեհարդար տեսնի: Մեքենայի մեջ եղել են կինս եւ տղայիս հարսնացուն: Այդ վարորդը նրանց ներկայությամբ հայհոյել եւ քաշքշել է: Այդ պարագայում անգամ տղաս զսպվածություն է դրսեւորել: Ականատեսներ կան: Տաքսու վարորդը նախահարձակ է եղել»:
Տաճատ Վարդապետյանը պատմեց, որ միջադեպից հետո իր որդին գնացել է ոստիկանություն` հաղորդում ներկայացնելու համար, բայց, պարզվել է, որ տաքսու վարորդն էլ է դիմել:
Պատգամավորը պնդում է, որ տաքսու վարորդի հայտարարությունը` լռելու դիմաց իրեն գումար առաջարկելու մասին, ևս իրականության հետ ոչ մի աղերս չունի:
Տաճատ Վարդապետյանն այժմ հարեւան Վրաստանի հանրապետությունում է: Վաղն ինքը պատրաստվում է վերադառնալ Երեւան եւ մամուլի ասուլիսով հանդես գալ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ