Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքապետերի հրաժարականները` իշխանության միջամտության արդյունք են. Էմին Երիցյան

Օգոստոս 01,2018 14:05

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, թավշյա հեղափոխությունից հետո մի շարք համայնքների ղեկավարների հրաժարականը գնահատում է «իշխանությունների կողմից միջամտություն»։ Այս մասին նա այսօր հայտարարեց «Հայելի» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Եթե համայնքի ղեկավարը սկզբում հայտարարում է, թե հրաժարական չի տալու, բայց հետո հրաժարական է տալիս ու դրա հետ մեկտեղ չկա չարաշահման քրեական գործ, դա պետք է գնահատել որպես միջամտություն»,- իր գնահատականն այսպես մեկնաբանեց բանախոսը:

Էմին Երիցյանը համամիտ չէ պնդումների հետ, որ հեղափոխությունից հետո համայնքների ղեկավարները պետք է հրաժարական տան: Ավելին, կարծում է, որ հեղափոխության տրամաբանությամբ այդ փոխհարաբերությունները կառուցելը վտանգավոր է ընդհանրապես եւ հատկապես ժողովրդավարության տեսանկյունից. «Նախկինում, օրինակ, մարզպետները նաեւ մարզի կուսակցության ղեկավարներն էին: Այսինքն, դա դառնում էր իշխանության կուսակցական համակարգ։ Այս ռիսկը կա նաեւ այսօր, եթե կառավարության եւ տեղական իշխանությունների միջեւ փոխհարաբերությունները կառուցվեն հին ավանդույթներով»։

Հեղափոխությունն, ըստ նրա, համայնքներում պետք է շարունակվեր, այն առումով, որ վերջին 10 տարվա ընթացքում համայնքները լճացել էին: Հիմա, հետհեղափոխական շրջանում, ըստ նրա, համայնքներին պետք է ազատություն տրամադրել եւ դրսեւորվելու դաշտ: Ասում է`նոր`խորհրդարանական կառավարման համակարգի Սահմանադրությամբ մարզպետների լիազորությունները սահմանափակվում են, մինչդեռ հեղափոխությունից հետո մարզպետները մեծ գործ ունեն անելու. «Սա ստեղծում է իրավական վակուում: Մենք միշտ այս մասին բարձրաձայնել ենք, որ Սահմանադրության մեջ կա այդ բացը: Մարզպետներն այլեւս չեն կարող խառնվել համայնքային հարցերով, նրանց գործառույթները սահմանափակվում են միայն տարածքային կառավարման հարցերով»:

Մեկ այլ, ոչ պակաս լուրջ մարտահրավեր է համայնքային զարգացմանն Էմին Երիցյանը համարում ֆինանսների ապակենտրոնացման հարցը: «Հանրային ռեսուրսների 92 տոկոսը ծախսվում է կենտրոնական իշխանությունների կողմից, իսկ դրա արդյունքում տեղական իշխանության կախվածություն է առաջանում»,- իր մտահոգությունն էլ այսպես է հիմնավորում նա։

Էմին Երիցյանի կարծիքով, առհասարակ, նոր`հետհեղափոխական կառավարության ձեւավորումից հետո պետք է փոխվեն ՏԻՄ- կառավարություն փոխհարաբերությունները. «Այս քաղաքական փոփոխությունները մեծ ակնկալիքներ են ստեղծում: Իշխանությունների հետ ՏԻՄ-երի հարաբերությունները չպետք է դիտարկվեն որպես չինովնիկ-գործադիր հարաբերություններ, ինչը գալիս է դեռ խորհրդային տարիներից, իսկ Հայաստանի նախորդ իշխանությունների օրոք եւս շարունակվում էր»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031