Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ հուլիսի 27-ին մասնակցել է Կապանի համայնքապետարանում կայացած հանդիպմանը, որի ժամանակ նախարարը համայնքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին եւ բնակավայրերի վարչական ղեկավարներին է ներկայացրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանին։
Ողջունելով ներկաներին եւ շնորհավորելով Ն.Ղահրամանյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է. «Մենք պարտավոր ենք հաղթահարել այն տարաձայնությունը, որ առկա է համայնքային բնակչության սպասումների եւ առկա իրավիճակի միջեւ ու համատեղ ջանքերով հասնել համայնքների տնտեսական եւ սոցիալական բարեկեցությանը»: Սուրեն Պապիկյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանի կառավարության համար առանցքային նշանակություն ունի տարածքների համաչափ զարգացումն ու ապակենտրոնացումը եւ միաժամանակ հավելել, որ այս գործում չափազանց կարեւոր է մարզպետարանի, համայնքապետարանի եւ ավագանու անդամների համաձայնեցված ու արդյունավետ աշխատանքը։
Իր խոսքում Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը, անդրադառնալով Կապանում առկա հիմնախնդիրներին եւ դրանց հնարավոր լուծման հեռանկարներին, կարեւորել է այդ գործում մարզային եւ համայնքային կառույցների փոխհամաձայնեցված աշխատանքը։
Նարեկ Ղահրամանյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին Կապան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պատասխանատու պաշտոնը իրեն վստահելու համար:
Հանդիպման ավարտին նախարար Սուրեն Պապիկյանը լսել է համայնքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին եւ բնակավայրերի վարչական ղեկավարներին անհանգստացնող մտահոգությունները, պատասխանել նրանց հարցերին։
Սյունիքի մարզպետարան