Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Վարդանյան. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ավագանու ընտրությունները գլխավոր փորձը կլինեն». «Փաստ»

Օգոստոս 01,2018 12:20

Տարբեր քաղաքական խմբեր և գործիչներ փորձում են հարմարվել նոր քաղաքական իրավիճակին: Փորձում են ինչ–որ ձևաչափեր գտնել, որ կարողանան առանց ՔՊ–ի անդամ դառնալու և վերջինիս հետ դաշինք կազմելու մասնակցել քաղաքական գործընթացներին, և ձեռք բերել իշխանական լծակներ: «Փաստ»–ի հետ զրույցում վերլուծելով ներքաղաքական իրավիճակը, անդրադառնալով նոր կուսակցությունների ստեղծմանը` նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը:

«Հասկանալի է, որ սա այն քաղաքական խմբերին է վերաբերում, որոնք տարբեր հարցերի վերաբերյալ ՔՊ–ից տարբերվող մոտեցումներ ունեն: Բայց, միևնույն ժամանակ, այս գործընթացը չի կարելի որպես միատարր գործընթաց դիտարկել: Այսինքն` այստեղ մի կողմից կան քաղաքական ուժեր, գործիչներ, որոնք չեն ընդունում թավշյա հեղափոխությունը կամ փորձում են հակահեղափոխական օրակարգով մտնել քաղաքական դաշտ: Մյուս կողմից էլ այն խմբերն ու գործիչներն են, որոնք դրական են վերաբերվում թավշյա հեղափոխությանը, սակայն որոշակի հարցերում տարբերվող դիրքորոշում ունեն ՔՊ–ից: Այլընտրանքներ առաջարկելով` նրանք ցանկանում են դեր ունենալ քաղաքական որոշումների կայացման հարցում: Նաև փորձելու են շահել այն քաղաքացիների վստահությունը, որոնք ընդունում են թավշյա հեղափոխությունը, սակայն որոշակի հարցերում քննադատողական դիրքորոշում ունեն ՔՊ–ի նկատմամբ»,– ասաց քաղաքագետը:

Այդուհանդերձ, Էդգար Վարդանյանը չի բացառում, որ նորաստեղծ ուժերից առնվազն մեկը կարող է մանդատներ վերցնել, բայց չի կարծում, թե նորաստեղծ ուժերը երկար կյանք կունենան. «Ստեղծված ուժերի զգալի հատվածը շատ կարճ կյանք կունենա: Նոր ուժերի զգալի մասը, հավանաբար, չի հաղթահարի ընտրությունների անցողիկ շեմը: Պետք է հաշվի առնել, որ կա որոշակի վակուում»:

Քաղաքագետի խոսքով` ավագանու արտահերթ ընտրություններին քաղաքական ուժերը փորձելու են հասկանալ, թե իրենք ի՞նչ խնդիրներ ունեն էլեկտորատի հետ աշխատանքներ տանելու առումով:

«Փորձելու են հասկանալ, թե որո՞նք են իրենց գլխավոր հակառակորդները, որոնք` դաշնակիցներն այդ արշավի ժամանակ: Մեծ հաշվով` արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ավագանու ընտրությունները գլխավոր փորձը կլինեն: Ուժերը մեծ օգուտներ կքաղեն ավագանու ընտրություններից: Այսինքն` շատ ավելի պատրաստված կլինեն խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ավելի գրագետ քարոզարշավ կվարեն: Ավագանու ընտրությունները կարևոր են նաև ընտրողների համար: Իրենց համար կհստակեցնեն, թե ումից ինչ կարող են ակնկալել խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Բացի այդ, ավագանու ընտրությունները ցույց կտան ՔՊ–ի վարկանիշը: Թեև Երևանը էլեկտորալ վարքով տարբերվում է տարբեր մարզերից, բայց հաշվի առնելով հանրապետական միջին ցուցանիշները, կարող ենք ասել, որ մեծ շեղում չի լինում»,–ընդգծեց նա:

Էդգար Վարդանյանը համաձայն չէ այն տեսակետների հետ, որ այսօր Հայաստանում քաղաքական ճգնաժամ կա:

«Ես ճգնաժամ չեմ տեսնում: Քաղաքական ինստիտուտները գործում են: Ու թեև խորհրդարանը չի արտացոլում իրական տրամադրությունները, կառավարությունը ժամանակավոր է, բայց երկիրը կառավարելու հարցում քաղաքական տարբեր ուժերի հետ համաձայնություն ստանալու առումով որևէ լուրջ խնդիր չկա: Իսկ քանի որ այդ խնդիրը չկա, չկա նաև քաղաքական ճգնաժամ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը մեծամասնության վստահությունն է վայելում և արդյունավետ է գործում. այն օրակարգի կետերը, որի շուրջ իրենք անցումային իշխանություն լինելու հայտ էին ներկայացրել, իրականացվում են: Ընտրական օրենսգիրքն է բարեփոխվում, մյուս կողմից էլ` լուրջ պայքար կա նախկին համակարգից եկած կոռուպցիոն դրսևորումների, հավասար իրավական դաշտ ստեղծելու, մենաշնորհները վերացնելու ուղղությամբ: Արդյունավետության տեսակետից խնդիր չեմ տեսնում, այլ բան է, որ որոշ ժամանակ ի հայտ են գալու նոր մարտահրավերներ: Այդ ժամանակ այդ մարտահրավերներին համապատասխան քաղաքականություն պետք է վարել: Դա պահանջելու է նոր ծրագրեր` կապված տարբեր ոլորտների հետ: Պահանջելու է նաև որոշակի գաղափարախոսական շեշտադրումներ, որովհետև տնտեսական զարգացման ծրագիրը պետք է հիմնված լինի հստակ կոնցեպցիայի վրա, ինչը պետք է մշակվի»,–եզրափակեց քաղաքագետը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031