Լրահոս
Օրվա լրահոսը

Ամռանը մեկ ամիս մնաց, իսկ գյուղմթերքների շուկայում այդպես էլ գնանկման միտում չնկատվեց. «Հայոց աշխարհ»

Օգոստոս 01,2018 12:10

Ամռանը մեկ ամիս մնաց, իսկ գյուղմթերքների շուկայում այդպես էլ գնանկման միտում չնկատվեց: Հակառակը, գներն օրեցօր աճում են՝ քաղաքաբնակներիս ստիպելով կրճատել վիտամինների պահանջարկը լրացնելու հնարավորությունները, հրաժարվել պահածո, չիր պատրաստելու սովորությունից:

«Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ ՀՐԱՉ ԲԵՐԲԵՐՅԱՆԸ հիմնական պատճառը համարում է նոր իշխանությունների սխալ կառավարումը, ինչն էլ ոլորտում նման վիճակ է ստեղծել: Խնդիրն, իհարկե, նոր չէ, բայց կառավարությունը չի կարողանում այն կանխել եւ կարծես թե նման մտադրություն էլ չունի՝ դատելով իրականացրած կամ ավելի ճիշտ՝ չիրականացրած քայլերից:

Հրաչ Բերբերյանը հավաստիացնում է՝ տեւական եւ նորմայից բարձր շոգ եղանակը եւ ոռոգման ջրի պակասը զգալիորեն կրճատել են գյուղմթերքի ծավալը, ինչն էլ հանգեցրել է գների բարձրացման. «Գյուղմթերքների արտադրողականությունը պակասել է, դա է պատճառը, որ գյուղացիները ավելի թանկ գնով են այն իրացնում, որպեսզի կարողանան իրենց վարկերը փակել, մյուս տարվա համար սերմեր, պարարտանյութ գնել եւ իրենց ապրուստը հոգալ: Չկարծեք, թե նրանք քմահաճույքի համար են բարձր գին ասում:

Այս տարի, օրինակ, ծիրանի կայուն քանակությամբ բերք ունեցանք, եւ մրգի գինը մատչելի էր ազգաբնակչության համար: Բայց նույնը չի կարելի ասել մյուս մրգերի, հատապտուղների եւ առհասարակ բանջարեղենի մասին:

Այս ամենի պատճառը գյուղացուն ոռոգման ջրից զրկելն է, եւ բիզնես ոլորտը գյուղատնտեսությունից գերակա համարելը: Ջրի անկանոն մատակարարումը Արարատյան դաշտում, հատկապես Շիրակի գոտում, անմխիթար վիճակ է ստեղծել այն աստիճան, որ ֆերմերները խուճապի մեջ են, թե ինչպես են կարողանալու այդ փոքրաքանակ մթերքով պարտքերը մարել»:

Հասարակական կազմակերպության նախագահը թվարկում է այն պատճառները, որոնք էլ ոռոգման համակարգը կանգնեցրել են բազմաթիվ խնդիրների առաջ: Ըստ նրա՝ համակարգի խողովակների մեծ մասը ժամանակին գողացել ու վաճառել են, իսկ կառավարությունը համակարգը բարեփոխելու, նորացնելու մտադրություն չունի: Պատճառը բնավ ֆինանսական միջոցների պակասը չէ, պարզապես ցանկություն ու կամք չկա:

Փոխարենը, գերատեսչությունները մեծ խանդավառությամբ աջակցում են հիդրոէլեկտրակայաններ շահագործող տնտեսավարողներին՝ բավարարելով նրանց ամենափոքր ցանկությունն անգամ. «Նաեւ այսօրվա կառավարությունն ընկած է այս պահին գումար վաստակելու մոլուցքի հետեւից, ինչն ապահովում են փոքր հէկերը: Այնինչ այդ կառույցներն աշխատում են եւ գումար ապահովում գյուղատնտեսության ոչնչացման հաշվին: Իսկ գյուղատնտեսությունը ամեն մի երկրի համար տնտեսական հեռանկարային ուղղություններից է, եւ այն ոչնչացնելն ամենահիմար քայլն է:

Գետերի ու ջրամբարների ջուրը նախեւառաջ մատակարարվում է տնտեսավարողներին, որոնք հէկեր են շահագործում: Այնինչ օրենքով գերակա ոլորտը, որտեղ առաջին հերթին պետք է մղվի ջուրը, գյուղատնտեսությունն է: Հատկապես գյուղատնտեսական սեզոնին միայն ոռոգման կարիքները հոգալուց հետո նոր հավելյալ ջրաքանակը կարող է օգտագործվել հէկերի շահագործման համար: Բայց մեզանում գերակայությունը խախտվում է:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031