Մոսկվայում խստացվել է մեղադրանքը 57-ամյա հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին դաժանորեն սպանած երեք քույրերի նկատմամբ: Աղջիկները մեղադրվում են «մի խումբ անձանց կողմից կատարված սպանություն» հոդվածով, որով ավագ քույրերին սպասվում է մինչև 20, իսկ կրտսերին՝ մինչև 10 տարի ազատազրկում: Այդ ընթացքում ընտանիքում տիրող իրավիճակի մասին տեղեկությունները դառնում են հակասական. եթե վկաները պնդում են, որ Միխայիլ Խաչատուրյանը ծեծի է ենթարկել աղջիկներին, տուժածի փաստաբանը հայտարարում է, որ նա երբեք բռնություն չի գործադրել իր աղջիկների նկատմամբ:
Նշված հոդվածով առավելագույն պատիժը կարող է լինել ցմահ ազատազրկում: Այնուամենայնիվ, օրենսդրությամբ կանանց համար նման պատժաչափ նախատեսված չէ:
Դատական նիստին դատավորը որոշել է առայժմ չկալանավորել աղջիկներին. նա քննիչներից պահանջել է լրացուցիչ ապացույցներ այն մասին, որ աղջիկները կարող են ճնշում գործադրել քննության վրա: Կալանքի հարցը դատարանում դարձյալ կբարձրացվի օգոստոսի 2-ին:
«Ապացույցներ այն մասին, որ նրանք կթաքնվեն կամ կարող են ազդել քննության վրա, քիչ են: Քննիչներն առաջնորդվել են նախկին փորձով. քանի որ սպանություն է, նշանակում է պետք է կիրառվի կալանքը: Առաջին նիստը դատավորն անցկացրել է սեփական նախաձեռնությամբ, մյուսները՝ պաշտպանվող կողմի միջնորդությամբ: Եվ դատավորը շատ գրագետ է գործել»,- ասել է մեղադրյալների փաստաբան Գեորգի Չուգուաշվիլին:
Նա նաև հերքել է այն տեղեկատվությունը, որ 17-ամյա աղջկա դեմ քրեական գործը կարող են փակել: «Դա իրականությանը չի համապատասխանում, բոլորը ձերբակալված են: Դա զառանցանք է, գործը փակել չեն պատրաստվում»,- ասել է նա:
Փաստաբանի կարծիքով՝ դատական նիստին աղջիկները «մոլորված էին», «իրենց համեստ էին պահում, լռում էին, միայն պատասխանում էին հարցերին»:
Հուլիսի 30-ին Մոսկվայի Օստանկինոյի դատարանը ձերբակալեց աղջիկներին 72 ժամով: Այդ ժամկետի լրանալուց հետո նրանց կարող են ազատ արձակել:
Խաչատուրյան քույրերի գործով դատական բոլոր երեք նիստերն ընթացել են փակ ռեժիմով: Դատարանի դահլիճ մտնել թույլ չեն տվել ո՛չ աղջիկների ընկերուհիներին, որոնք նրանց իրերն էին բերել, ոչ է լրագրողներին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ