Ամենամոտ ապագայում կմեկնարկի Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Նախընտրական քարոզարշավների անբաժանելի բաղադրիչն ընտրություններին մասնակցող ուժերի ներկայացրած ծրագրերն են: Թե ինչքանով են այդ ծրագրերը իրատեսական, կառուցողական և պարզապես հաճելի, դժվար է ասել, սակայն հաշվի առնելով մեր գրեթե բոլոր ընտրությունների փորձը, որպես կանոն, քաղաքական ուժերի կողմից ներկայացված ծրագրերը մշտապես լինում են չափազանց գրավիչ:
Ծրագրերում ներկայացվում են այդ ուժերի անելիքները, ավելի ճիշտ` այն ամենը, ինչ պետք է անել լավ երկիր, լավ քաղաք, լավ միջավայր, հպարտանալու գյուղ, գրավիչ զբոսավայր ունենալու համար: Այս նախադասության մեջ երևի թե չնկատվեց էլ, որ առանձնահատուկ դերակատարություն ունի հենց «պետք է անել» արտահայտությունը: Իրականության մեջ, մենք գրեթե չենք տեսել վատ նախընտրական ծրագիր, ավելին` չենք տեսել վատ կառավարական ծրագիր, ընդհանրապես ծրագրերը միշտ էլ լավն են, որովհետև չափազանց հեշտ է գրել, թե ինչ պետք է անել: Կան ոլորտներ, որտեղ նույնիսկ մասնագիտական փորձ ու կարողություններ պետք էլ չեն, որպեսզի պարզ լինի, թե ինչն այնպես չէ և ինչը պետք է փոխել: Այս բոլոր ծրագրերի առանցքային խնդիրը ոչ թե ինչ անելն է, այլ ինչպես անելը: Ի վերջո, երբ խոսքը Երևանի ավագանու ընտրություններում ծրագրային քարոզարշավի մասին է, յուրաքանչյուրս ամենառաջինը ուզում ենք լսել, թե այս կամ այն բարեփոխումը ինչպե՞ս պետք է անել, ի՞նչ միջոցներով, ի՞նչ մեխանիզմներով, վերջապես ի՞նչ ֆինանսներով ու ռեսուրսներով:
Քաղաքացուն, մեծ հաշվով, ոչինչ չի տալիս այս կամ այն քաղաքական ուժի ծրագրում շարադրված «պետք է»–ով սկսվող շարադրանքները անելիքների մասին, որովհետև քաղաքում ապրող յուրաքանչյուր ոք ամեն օր իր մաշկի վրա է զգում, որ Երևանը թաղված է նեխած աղբի գարշահոտի մեջ, որ բազմաթիվ շենքերի վերելակներ ֆիզիկապես ու բարոյապես այնքան են մաշվել ու հնացել, որ հակացուցված են մարդկանց կյանքին ու առողջությանը, որ երևանյան կոմունիկացիաները, տրանսպորտը ոչ թե բարեկարգ չեն կամ վատ վիճակում են, այլ պարզապես խայտառակություն են: Այս ամենը յուրաքանչյուրը գիտի և նաև գիտի, որ դա պետք է փոխել: Բայց ինչպե՞ս փոխել, հենց սա է հարցերի հարցը:
Սա թերևս կարևորագույնն է, որպեսզի առաջիկայում հրապարակվելիք նախընտրական ծրագրերի առանցքում լինի հենց այս հարցադրումը: Միաժամանակ ցանկալի կլինի, որ բոլոր քաղաքական ուժերի ծրագրերում հստակ լինի վերաբերմունքը նախորդ քաղաքապետի օրոք առկա իրողությունների նկատմամբ` օրինակ փողոցային առևտրի անհամեմատ փոքր ծավալների, որն այսօր ամենաթողության տպավորություն է ստեղծում: Երբ նույնիսկ Հանրապետության հրապարակում կարող ես հանդիպել հազար ու մի «մանրուք» վաճառողների, ինչը նախկինում այս մասշտաբները չուներ: Ոչ պակաս հետաքրքիր է, թե ինչ վերաբերմունք են ունենալու ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը Երևանի կոմունիկացիոն ցանցի արմատական փոփոխությունների նկատմամբ, որոնք նախաձեռնվել էին հեղափոխությունից դեռ շատ առաջ, կատարվել ուսումնասիրություններ և առկա էին բավական ձևակերպված առաջարկներ, մի խոսքով, ցանկալի կլինի, որպեսզի առաջիկա ծրագրերը պարզապես մի փոքր տարբերվեն նախորդներից և անդրադառնան շատ ավելի պրակտիկ խնդիրների ու դրանց լուծումների մեխանիզմներին, թե չէ գեղեցիկ ձևակերպումներ ու գրավիչ առաջարկներ բոլորս էլ կարող ենք անել:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում