Օգոստոսի 17-ին, ժամը 18:30-ին Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության հարյուր օրը լրանալու կապակցությամբ հանրահավաք է հրավիրում: Այս մասին Փաշինյանը հայտարարեց ֆեյսբուքյան իր էջում՝ ուղիղ եթերով:
«Հանրահավաք հրավիրենք, հանդիպենք: Չգիտեմ՝ դուք՝ ոնց, բայց ես ձեզ շատ եմ կարոտել, եւ ուզում եմ, որ նորից շփվելու հնարավորություն ունենանք: Եվ 2-րդը՝ կարծում եմ պետք է կարեւոր խոսակցություն ունենալ, թե Հայաստանի հանրապետությունում ինչ է տեղի ունեցել վերջին հարյուր օրվա ընթացքում, եւ ինչ է տեղի ունենալու, ինչ քայլեր է ձեռնարկել կառավարությունը Հայաստանում թռիչքաձեւ զարգացում ապահովելու համար եւ կոնկրետ ինչ քայլերով ենք ապահովելու, ինչ մարտահրավերներ ու հնարավորություններ կան…
Չափազանց կարեւոր իրադարձություն է, եւ ձեզանից յուրաքանչյուրիդ մասնակցությունը կարեւոր է ե՛ւ ապագայի կայուն հիմքերը դնելու համար, ե՛ւ գործնականում Հայաստանի կայուն զարգացման մեկնարկը դնելու համար:
Ուրախ եմ, որ կրկին հանդիպելու ենք Երեւանի Հանրապետության հրապարակում, այն հրապարակում, որտեղ մենք միասին իրականացրեցինք սիրո եւ համերաշխության հեղափոխությունը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ