Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի արժութային դիրքը աստիճանաբար թուլանում է. ԿԲ արտաքին պահուստների արտարժութային միջոցները կրճատվել են 306 մլն դոլարով. «Հայոց աշխարհ»

Օգոստոս 01,2018 10:20

Հայաստանի արժութային դիրքը աստիճանաբար թուլանում է։ Դա դրսեւորվում է ինչպես առեւտրաշրջանառության ոլորտում, այնպես էլ արտաքին արժութային պահուստների կառուցվածքում կատարվող փոփոխությունների տեսքով։

Տարեսկզբի առաջին հինգ ամիսներին Կենտրոնական բանկի արտաքին պահուստների արտարժութային միջոցները կրճատվել են 306 մլն դոլարով։ Եթե տարեվերջին դրանք գերազանցում էին 2 մլրդ 306 մլն դոլարը, ապա հունիսի սկզբին կազմել են 2 մլրդ դոլար։ Արտաքին տարադրամային պահուստների ակտիվ կրճատում է եղել հատկապես ապրիլ-մայիս ամիսներին։ Այդ ընթացքում դրանք նվազել են 233 մլն դոլարով։ Միայն ապրիլին արտաքին պահուստները պակասել են ավելի քան 200 մլն դոլարով։

Ի՞նչ են եղել այդ գումարները։

Այս տարի Կենտրոնական բանկը հիմնականում ֆինանսական մեծ միջոցներ չի հատկացրել ներքին արժութային շուկայի կայունության ապահովման նպատակով։ Ընդհակառակը, տարեսկզբի առաջին հինգ ամիսներին արժութային շուկայից ավելի շատ տարադրամ է ներքաշվել, քան ներարկվել։ Նույնիսկ տարեսկզբին Կենտրոնական բանկը ձեռնպահ է մնացել շուկայի կայունության ապահովման նպատակով տարադրամային ներարկումներ իրականացնելուց։

Տարեսկզբի առաջին երեք ամիսներին տարադրամի թուլացում եւ ազգային արժույթի ավելի մեծ ամրապնդում թույլ չտալու նպատակով Կենտրոնական բանկը ներգրավել է 47 մլն դոլար։ Ընդ որում՝ այդպես է վարվել բոլոր երեք ամիսներին։

Հունվարին շուկայից ներքաշվել է 14 միլիոն, փետրվարին՝ 7 մլն դոլար։ Ավելի մեծ են եղել մարտի ձեռքբերումները։ Այդ ամսին շուկայից հանվել է 26 մլն դոլար։ Այդ հարցում որոշակի դեր է կատարել այն հանգամանքը, որ մարտի վերջին սկսվում է իրանական զբոսաշրջային հոսքերի ակտիվությունը։ Այդ գործոնով պայմանավորված՝ տարադրամային մուտքերի ճնշումը ազգային արժույթի վրա թուլացնելու նպատակով, սովորաբար տեղի է ունենում շուկայի արտարժութային միջոցների լիցքաթափում։

Առաջին եռամսյակին հաջորդող շրջանում Կենտրոնական բանկը դադարեցրել է տարադրամային միջոցների ներքաշումը։ Սակայն եթե ապրիլին պահպանվել է չեզոքություն, ապա մայիսին բանկը նույնիսկ որոշակի քանակությամբ արժութային ներարկում է իրականացրել։

Հարկ է ենթադրել, որ դա պայմանավորված է ներքաղաքական լարվածությամբ, որը մի պահ լուրջ սպառնալիք էր ստեղծել ոչ միայն արժութային շուկայում, այլեւ ամբողջ ֆինանսական ու բանկային համակարգում։ Դա էլ ստիպել է Կենտրոնական բանկին՝ ֆինանսական ներարկումների միջոցով բավարարել ներկայացվող հավելյալ պահանջարկը։

Հ.ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031