Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքեր են իսկական պրոֆեսիոնալները

Օգոստոս 01,2018 10:00

Անկախ Հայաստանի ամենահայտնի եւ սիրված լրագրողներից մեկը վերջերս ինձ հետ զրույցում մի միտք հայտնեց, որն առնչվում է ոչ միայն մեր բնագավառին: Ըստ նրա` այն լրագրողը, որն աշխատում է միայն աշխատավարձի համար եւ իր գործը սահմանափակում աշխատանքային ժամերով ու պարտականությունների շրջանակով, չի կարող լավ լրագրող լինել: Ասենք, եթե նրա աշխատանքային ժամն ավարտվում է 18.00-ին, բայց նա 18.05-ին ինչ-որ բան է իմանում ու չի ուզում նյութի վրա աշխատել, չի հրապարակում իր իմացածը՝ պատճառաբանելով, որ նա վճարվում է միայն մինչեւ ժամը 18.00-ը, այդ լրագրողն իսկական պրոֆեսիոնալ չի:

Լրագրողն այն մարդն է, որը վառվում է պատմություն փնտրելու եւ տեղեկատվություն հայտնելու ցանկությունից: Եթե չկա այդ անդիմադրելի ձգտումը, ապա չկա նաեւ լրագրող՝ անկախ այն հանգամանքից, որ տվյալ անձնավորությունը կարող է ունենալ լրագրության բակալավրիատի եւ մագիստրատուրայի դիպլոմներ: Մեզանից շատերը (այդ թվում նաեւ` ես) նման դիպլոմներ չունենք, եւ դա մեզ ամենեւին չի խանգարում: Դժվար է պատկերացնել առանց դիպլոմի փաստաբանի կամ առավել եւս՝ բժշկի: Դրանում է մեր եւ այլ մասնագիտությունների հսկայական տարբերությունը:

Բայց բոլոր մասնագիտությունների մեջ կա նաեւ նմանություն: Պատկերացրեք բժշկի դիպլոմով երկու մարդկանց, որոնցից մեկը լսում է հիվանդին, դեղեր է դուրս գրում (գուցեեւ դասագրքային իմաստով՝ ճիշտ) եւ հաջորդ իսկ պահին մոռանում է հիվանդի մասին: Իսկ մյուսը փորձում է հասկանալ ոչ միայն հիվանդության պատճառները, այլեւ հիվանդի հոգեբանությունը, նրա սուբյեկտիվ զգացողությունները, մշտական կապ է պահպանում նրա հետ: Ո՞վ է ավելի պրոֆեսիոնալ բժիշկ, ում մոտ ավելի մեծ հաճույքով կգնան հիվանդները: Կարծում եմ` այդ հարցի պատասխանը պարզ է:

Նույնը կարելի է ասել ուսուցչի մասին, որի մտքերն ու ձգտումները չեն սահմանափակվում դասի 45 րոպեով եւ տարեցտարի նույն բառերն ու ձեւակերպումները կրկնելով: (Ի դեպ, իմ տարիքի ցանկացած մասնագիտության մարդ չպիտի ժամանակ խնայի երիտասարդներին իրենց փորձն ու գիտելիքները անշահախնդրորեն փոխանցելու համար: Իհարկե, եթե երիտասարդները նման ցանկություն են հայտնում): Նույն՝ «շրջանակից դուրս գալու» սկզբունքը վերաբերում է փաստաբանին, շինարարին, գյուղատնտեսին, դերասանին՝ բոլորին:

Ուզում եմ ասել՝ պրոֆեսիոնալիզմը ոչ միայն գիտելիքներն են ու հմտությունները: Դա նաեւ վերաբերմունք է սեփական գործի, մարդկանց, հասարակության հանդեպ: Նման պրոֆեսիոնալների կարիքն այսօր շատ է զգացվում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Seyran says:

    Պրոֆեսիոնալների կարիք զգացվում է Պրոֆեսիոնալների կարծիքով,իսկ,,պրոֆեսիոնալների,,կարծիքով՝ձեր կարիքը չունեն…,դուք կյանքից հետ եք մնացել…

  2. Danie Defoe says:

    Professionalism – ignoring Lavrov’s sensational attack on Armenia’s sovereignty. Every editor of every newspaper should have an editorial condemning it, if they want to support their country. Anyway.

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031