Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամանակն է «Գայանեն» հայրենական բեմ բարձրացնել»

Օգոստոս 01,2018 12:30

Երեւանյան բեմադրությունից ներշնչված՝ ասել է Մեծ թատրոնի տնօրենը

Գեղջկուհի Գայանեի եւ իր սիրեցյալ Արմենի պատմությանը 1941թ. Նինա Անիսիմովայի խորեոգրաֆիայով Մոլոտովի (այժմ Պերմ) օպերային թատրոնի հանդիսատեսը առաջինն է ծանոթացել: Խոսքը Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի մասին է: Այն ներկայացրել է Կիրովի անվան, այժմ Մարիինյան թատրոնը, որը էվակուացման պայմաններում աշխատում էր ուրալյան այդ քաղաքում: Ռուսաստանի գլխավոր թատրոնը վերջերս տոնեց Արամ Խաչատրյանի ծննդյան 115-ամյակը, ըստ էության, Երեւանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Գայանե» բալետային ներկայացումով, որը 1974թ. իրականացրել է այսօր մեր թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանը:

Միանշանակ սա իրադարձություն է, որին «Առավոտը» մտածված անդրադառնում է փոքր-ինչ ուշացումով: Մեր հանդիսատեսը, համոզված ենք, նույնիսկ այն հատվածը, որ դասական երաժշտաարվեստի սիրահար չէ, անգիր գիտի «Գայանեից» «Սուսերով պարը»: Ասել կուզենք, որ ընթերցողին, բացի փաստելուց կայացած իրողությունը, նոր բան չենք կարող հայտնել, բայց սպասում էինք ռուսաստանյան ԶԼՄ-ների արձագանքին: Եվ կատարվեց անսպասելին. «Գայանեն» ահռելի հնչեղություն ունեցավ, օրինակ՝ «Իզվեստիա» պարբերականը գրեց. «Մեծ թատրոնը գիտի ինչպես տոնել խորհրդային երաժշտության Ռուբենս Արամ Խաչատրյանի հոբելյանական տարին: Տեւական ընդմիջումից հետո վերադարձավ «Գայանեն»՝ բացառիկ երաժշտական գեղեցկությամբ ու բարդ սցենարային ճակատագրով այս ստեղծագործությունը»: Ռուսական պարբերականները հիացած էին Մինասի բեմանկարչությամբ. հարավային երկրի միջօրեի շոգը շնչող բեմի կտավների էսքիզների հեղինակը Մինաս Ավետիսյանն է: Մեր գեղանկարչության կորիֆեյը ազգային հողի վրա զարգացրեց Ֆրանսիայում ծնունդ առած ֆոմիզմը: Նրա ձեռագրի ինտենսիվ գույները հնչեղության առումով մշտապես վերագրել են Խաչատրյանի ոճին, եւ այս երկու հսկաների շնորհիվ ներկայացման մեջ այդքան հարմոնիկ միահյուսված են երաժշտությունն ու գեղանկարչությունը: Տարին հոբելյանական է նաեւ Մինասի համար: Նկարիչը կդառնար 90 տարեկան:

Տեղին է նշել, որ Մեծ թատրոնի այցեքարտն ու ամենապահանջված բալետային ներկայացումը Չայկովսկու «Կարապի լճից» հետո Խաչատրյանի լեգենդար «Սպարտակն» է՝ Յուրի Գրիգորեւիչի եւ Սիմոն Վիրսալաձեի բեմադրությամբ: Անդրադառնալով «Գայանեին»՝ Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը չի բացառել իր տնօրինության տակ գտնվող մշակութային օջախում հայերի եւս մեկ հյուրախաղային ներկայացման՝ Տիգրանյանի «Անուշ» օպերայի իրականացումը: Ավելին՝ ցնցված լինելով ներկայացման հաջողությունից՝ տնօրենը հետեւյալ միտքն է արտահայտել. «Մարիինյան թատրոնը, որ «Գայանեին» սիրում է մոր իրավունքով, հոբելյանական եւ փառատոնային համերգներում թեեւ պարբերաբար ներառում է հատվածներ Նինա Անիսիմովայի բեմադրությունից, բայց այժմ արդեն այս բալետը ակնհայտորեն արժանի է ավելի մեծ կիրառման եւ վաղուց սպասում է իր լիբրետոյի հեղինակին ու խորեոգրաֆին: Կարճ ասած, ժամանակն է «Գայանեն» հայրենական բեմ բարձրացնել:

Մեծ թատրոնում փայլեց Երեւանի օպերային թատրոնի բալետային խումբը (ղեկավար՝ Արմեն Գրիգորյան): Մենապարերով հանդես եկան ճանաչված բալետի արտիստներ Սյուզաննա Փիրումյանը (Գայանե), Ռուբեն Մուրադյանը (Արմեն), Մերի Հովհաննիսյանը (Նունե), Վահագն Մարգարյանը (Կարեն), Ռազմիկ Մարուքյանը (Գիքո): Ներկայացումը ղեկավարել է դիրիժոր Աթանես Առաքելյանը: Զգեստների նկարիչն է Ռուբինա Հովհաննիսյանը:

Մինչ Մոսկվա հյուրախաղերի մեկնելը՝ մեր որոշ արվեստագետների մեջ կար մտավախություն՝ արդյոք ռուս հանդիսատեսը սոցիալ-քաղաքական ենթատեքստ չի՞ տեսնի: Ժամանակին մեր այս մտայնությանը Վիլեն Գալստյանը պատասխանել է. «Գայանեի» իմ բեմադրությունը զերծ է ինչ-ինչ ենթատեքստից: Դատեք ինքներդ՝ իրադարձությունների կենտրոնում երկու զույգ է. լիրիկական Գայանեն ու Արմենը, կատարկերգական Նունեն եւ Կարենը, ինչպեսեւ Գայանեին սիրահարված Գիքոն, որն ապահովում է ինտրիգի սրությունը: Դրանց գումարած գյուղացիները, որոնք ապահովում էին գունային ֆոնը: Նման դասավորությունը ինձ թույլ է տվել չշեղվել ավելորդ բացատրությունների վրա, բեմադրել ամուր բալետ՝ սոլոյի, դուետի, անսամբլի եւ մնջախաղի համադրությամբ, հանդիսատեսի ուշադրությունը կենտրոնացնել բեմադրության գլխավոր արժանիքի՝ վաղուց դասական դարձած երաժշտությանը: Ի վերջո, ամեն մանրուքը համաձայնեցրել եմ Արամ Իլյիչի հետ…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հատվածներ՝ Մեծ թատրոնում ներկայացված «Գայանեից»:

«Առավոտ» օրաթերթ

31.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Շնորհավորում եմ բոլորին …

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031